01.10.2015 17:01

Գրանորություն. Վահրամ Մարտիրոսյանի «Սերը Մոսկվայում» վեպը

Գրանորություն. Վահրամ Մարտիրոսյանի «Սերը Մոսկվայում» վեպը

Սիրավեպի պատմությունը, որպես կանոն, սիրավեպից երկար է տևում: Տեղանքի զգացողության, մաշկի շարժողունակության, աչքերի ճմռթոցի, ձայնի հարազատության, համակարգից դուրս, բայց ամեն նիշով համակարգված ժամանակի յուրաքանչյուր հպում մանրամասն վերլուծվում, առանձին կերպարներ են դառնում: Ու սիրավեպիդ պատմությամբ ասես օտարվում, քաղաքին, լեզվին, ազգությանն ու միջավայրին զուգահեռ լեզու, միջավայր, քաղաք ու մարդ ես գծագրում: Սիամական եկվորյակներ՝ «բնագրին» նման, բայց տարբեր: Մի կումով խմված սիրավեպի ու սիրավեպի բազմահատոր պատմության պես ուրիշ: Ուրի՞շ... Սիրավեպից հետո՝ սիրավեպի պատմության վերջնական մոնտաժն է սկսվում...

«Եթե ամեն ինչ բարեհաջող անցնի, կես տարի կապրենք Երևանում, հետո, եթե կուզենա, կգնանք Մոսկվա, որ ուսումը շարունակի։ Մաշան անակնկալի եկավ։ Ասաց, որ պետք է մտածի։ Պայմանավորվեցինք, որ զանգեմ երկու օրից։ Հաջորդ առավոտ գնացի Ռոմանի մոտ, հիվանդանոց։ Որպես ուխտագնացություն՝ մոսկովյան կյանքիս մի բեկորին։ Վիճակի մեջ փոփոխություն չկար։ Մնացած ժամանակն անցկացրի էն ընկերներիս հետ, որոնց երբ էլ զանգեի, խմում էին։ Պայմանաժամը հասավ, զանգեցի։ Կեսգիշեր էր։ Լսափողը վերցրեց մի աղջնակ, երևի՝ Մաշայի քույրը, կանչեց իրեն։

– Ես մտածեցի...– ասաց Մաշան,– գիտես, ես դեռ ուզածիս չափ ման չեմ եկել տղերքի հետ։

– Ի՞նչ,– հարցրի ես։

–Ես դեռ տղերքից հավեսս չեմ հանել»։

«Անտարես» հրատարակչության կողմից «XXI» մատենաշարով լույս ընծայված՝ Վահրամ Մարտիրոսյանի «Սերը Մոսկվայում» վեպը ՝ հարցրեք գրախանութներում:

Խորագրի պատասխանատու՝ Հովհաննես Թեքգյոզյան