03.10.2015 18:18

Վլադիմիր Կարապետյան. Սերժ Սարգսյանի սահմանած միջազգային նոր ստանդարտները

Վլադիմիր Կարապետյան. Սերժ Սարգսյանի սահմանած միջազգային նոր ստանդարտները

Միջազգային հարաբերություններում ընդունված կանոն է` եթե երկրի ղեկավարը պաշտոնական կամ աշխատանքային այց է իրականացնում որևէ այլ երկիր, այն պետք է նախատեսի հանդիպում գործընկերոջ՝ պետության ամենաբարձր պաշտոնյայի հետ:

Դա կարևոր է այցին լրացուցիչ արժեք հաղորդելու, պետության կշիռը ընդգծելու, ձեռք բերվելիք պայմանավորվածությունների կատարումը երաշխավորելու առումով: Պետության ղեկավարին համապատասխան մակարդակով ընդունելը նաև արժանապատվության խնդիր է` եթե մի երկրի ամենաբարձր պաշտոնյան այցելում է մեկ այլ երկիր, և  նրա հետ չի հանդիպում «տանտերը», դա մի շարք հարցականներ է առաջացնում այդ երկու պետությունների հասարակություններում:

Սերժ Սարգսյանը հերթով է ջախջախում ընդունված կանոնները և նոր խոսք է ասում միջազգային հարաբերությունների` դարերով հաստատված պրակտիկայի մեջ:

ԱՄՆ կատարած այցը գալիս է հերթական անգամ հաստատելու, որ Սերժ Սարգսյանի համար այցերը ինքնանպատակ են և ունեն միմիայն քարոզչական հարթություն, դրանք չեն նպաստում Հայաստանի շահերին և հեղինակության բարձրացմանը: Հերթական անգամ նա այցելում է մի երկիր, որտեղ ոչ միայն չի բանակցում այդ պետության նախագահի հետ, այլև նախատեսված չեն հանդիպումներ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ` պետքարտուղար, պաշտպանության նախարար, ԱՄՆ Կոնգրեսի ղեկավարներ: ԱՄՆ գործադիր իշխանության որևէ ներկայացուցիչ չի համաձայնել հանդիպել Նյու Յորք, ապա Վաշինգտոն այցելած Սերժ Սարգսյանի հետ:  Հատկանշական է, որ մայիսին նույնպես այցելելով ԱՄՆ՝ Սերժ Սարգսյանին ընդունած՝ Միացյալ Նահանգների ամենաբարձր պաշտոնյան դեսպան Ուորլիքն էր: Այն, որ նախագահական կայքը հատուկ հաղորդագրությամբ անդրադարձել է ընդունելության ընթացքում Ս. Սարգսյանի և Օբամայի` մեկ րոպեանոց ողջույնի խոսքերին՝ իրապես ցույց է տալիս այցի մակարդակը և նախագահական քարոզիչների ողորմելիությունը:

Երբ որոշում էր կայացվել ԱԳ նախարարի փոխարեն կազմակերպել Ս. Սարգսյանի այցը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեա, հավանաբար հաշվի է առնվել այցի ընթացքում հռչակվելիք ուղերձների կարևորությունն ու դրանց հետևանքները: Այսօր միջազգային ասպարեզում Հայաստանի համար բացառիկ իրավիճակ է՝ պայմանավորված Արևմուտքի կողմից Ադրբեջանի նկատմամբ աննախադեպ խիստ քննադատական վերաբերմունքով: Այսօր է, որ մենք կարող ենք օգուտներ քաղել այս իրավիճակից` ընդծելով մեր առավելությունները: Պարզվում է, որ Հայաստանը բան չունի ասելու աշխարհին, որևէ նոր առաջարկություն չկա, չկա առաջընթաց որևէ հարցում, և դրանով է պայմանավորված ԱՄՆ բարձրագույն ղեկավարության մերժումը հանդիպել Ս. Սարգսյանի հետ: Վերջինս նույնիսկ համարձակություն չի ունեցել հրապարակված ելույթներում ներկայացնել իր իսկ կողմից նախաձեռնած Սահմանադրության փոփոխության առավելությունները:  

ԱՄՆ վերաբերմունքը Ս. Սարգսյանի իշխանության նկատմամբ արտահայտել է դեսպան Միլզը` Ազատությանը տված իր հարցազրույցով, և պարզ է, որ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան, կոռուպցիոն սկանդալի մեջ թաթախված Տիգրան Սարգսյանը հազիվ թե կարողանար ավելին անել, քան հանդիպումը հայ համայնքի ներկայացուցիչների հետ և մեկ պատմամշակութային միջոցառում ԱՄՆ Կոնգրեսում: Դեսպանի հարցազրույցով և մայիսյան ու սեպտեմբերյան այցերի ընթացքում Սերժ Սարգսյանի հետ հանդիպելու մերժումով հաստատվում է` Հայաստանը չկա ԱՄՆ օրակարգում, մենք հետաքրքիր չենք մոլորակի ամենահզոր և պատմականորեն Հայաստանի նկատմամբ բարեկամաբար տրամադրված երկրի համար: Եվ դա հասկանալու համար հարկավոր էր, որ Ս. Սարգսյանը մեկ տարվա մեջ երկու անգամ այցելի ԱՄՆ և արհամարհվի վերջինիս վերախավի կողմից:

Ս. Սարգսյանի` Արևմուտք կատարած նախորդ այցը նույնպես անցավ առանց պետության առաջին դեմքի` Իտալիայի վարչապետի հետ հանդիպման, մինչ այդ նա գնացել էր Մեծ Բրիտանիա և այլ պետություններ` չունենալով գործընկերոջ հետ հանդիպման համաձայնությունը: Սրանով Ս. Սարգսյանը իջեցնում է Հայաստանի ընկալման նշաձողը`համապատասխան ձևով տրամադրելով այլ երկրներին Հայաստանի նկատմամբ:

Ս. Սարգսյանը նաև աշխարհի հազվագյուտ այն ղեկավարներից է (Եվրոպայում նմանը չկա), որ ոչ միայն ելույթ ունեցավ ՄԱԿ-ի ոչ պաշտոնական լեզվով, այլև կարճ հանդիպումների ընթացքում չի կարողանում շփվել առանց թարգմանչի: Սա նույնպես վերաբերմունք է և համապատասխան ուղերձ աշխարհին:

Դիտորդների աչքից չվրիպեց, որ Սերժ Սարգսյանը չունեցավ որևէ հանդիպում հարևան պետությունների, Ուկրաինայի ղեկավարների հետ՝ չնայած ստեղծված առիթին: Չկային նաև այլ` Հայաստանի համար կարևոր հանդիպումներ: Տեղի ունեցած 2-3 արարողակարգային (համաձայն մամուլի տարածված հաղորդագրության) հանդիպումները գալիս են հաստատելու, որ Նյու Յորք կատարած ուղևորության արդյունքները չեն տարբերվել Ս. Սարգսյանի՝ վերջին շրջանի այցերից:

Առաջիկայում նույնպես չի սպասվում որևէ բեկում Հայաստանի կողմից: Արևմուտքի համար Ս. Սարգսյանը բացահայտված գործիչ է, ոչ ոք չի սպասում որևէ բարեփոխում կամ վճռական գործողություն (օրինակ` հակակոռուպցիոն) նրանից: Դրանով է պայմանավորված արևմտյան ղեկավարների դժկամությունը` ընդունելու Սերժ Սարգսյանին, և այդ վիճակը չի փոխվելու՝ քանի դեռ նա իշխանության ղեկին է: