05.10.2015 13:50

Խմբագրական. Աղվանները նորից եւ կրկին խաչում են Հիսուսին

Խմբագրական. Աղվանները նորից եւ կրկին խաչում են Հիսուսին

«Ստահակների վերջին հանգրվանը հայրենասիրությունն է» հայտնի թեւավոր խոսքը Հայաստանում սահուն քայլերով իր տեղը զիջում է «Ստահակների վերջին հանգրվանը կրոնն է» խոսքին։

Որքան ավելի է Հայաստանի իշխանությունը՝ իր հացկատակներով, խրվում հանցագործությունների ճահճի մեջ, այնքան ավելի ու ավելի «հավատացյալ» է դառնում։ Անտերության մատնված, կիսավեր հնադարյա եկեղեցիների զուգընթաց՝ նորանոր պլպլան եկեղեցիներ են բուսնում մեծահարուստների տնամերձ տարածքներում, եւ ում խելքին ինչ անուն փչում է՝ այդպես էլ անվանակոչում է իր անձնական օգտագործման նորակառույց եկեղեցին։ Եկեղեցու օծման արարողությանը ներկա են լինում երկրի գլխավոր հանցագործը եւ նրա ավազակախմբի վառ ներկայացուցիչները, Եկեղեցու սպասավորները, եւ այսպես՝ Հայաստանի պետական կրոն Քրիստոնեությունը շռնդալից արագությամբ ու շուքով «վերածնունդ» է ապրում։

Եվ այս «վերածննդի» խորհրդանիշ դարձած ապարանյան խաչը տարեցտարի աճում ու բարգավաճում է հանցագործների վաստակաշատ հովանավոր Աղվան Հովսեփյանի թեթեւ ձեռքով, հերթական խաչի կցմցման «պատիվն» էլ վստահվում է խաչատիրոջ նման  «արդարներից» որեւէ մեկի։

Մղձավանջային երազի է նման ասվածը, բայց սա իրականություն է, ուրեմն եւ՝ մղձավանջն էլ է իրական։   

Աշխատել եմ խուսափել Աստծո գործերին խառնվել...

Բայց այն ամենն, ինչ կատարվում է Հայաստանում՝ «Քրիստոնեություն» անվան տակ, որեւէ կապ ունի՞ Աստծո պատվիրանների ու Հիսուսի՝ հանուն մարդկության ինքնազոհվելու հետ։

Այս կերած-խմած, ուռած-փքված, հղփացած-լկտիացած, բենթլիներ ու միլիոնների արժողությամբ «նվերներ» ստացող ու հանգիստ խղճով այդ «նվերները» լափող ու զկռտացող, մինչեւ կոկորդը հրեշավոր մեղքերի մեջ թաղված ավազակախումբը եթե քրիստոնեական կյանքով է ապրում (հազար անգամ մեղա), եւ մեր Եկեղեցին էլ սրանց սիրահոժար մեծարում է, ուրեմն՝ հանուն ինչի՞ Հիսուսը խաչվեց։ Հանուն սրա՞նց՝ հանցագործների այս խմբակի՞, որն այնքան է հաբռգել, որ համարձակվում է հե՛նց իրենց պատճառով, հե՛նց իրենց ջանքերով թշվառության ու հուսահատության փակուղու մեջ պատեպատ զարկվող հասարակությանը Հավատքի ճանապարհը ցույց տալ։

Կա՞ մեկը Հայաստանում, որ նայում է Աղվանի խաչին, եւ իր Հավատքը զորանում է։

Կա՞ մեկը Հայաստանում, որն Աղվանի խաչին նայելիս՝ Չարի ներկայության զգացողություն չի ունենում, ու մինչեւ ոսկորները չի փշաքաղվում։

Եթե՝ կա, ուրեմն՝ այդ մեկն էլ է Հիսուսին խաչողներից։

Գիտակցված, թե չգիտակցված՝ դրանից Հայաստանին պատած այս մղձավանջը չի նվազում։ 

 Լիզա Ճաղարյան