06.10.2015 11:56

Խմբագրական. Կարեւոր չէ` ինչ են առաջարկում, կարեւորը` ով

Խմբագրական. Կարեւոր չէ` ինչ են առաջարկում, կարեւորը` ով

Սահմանադրական փոփոխությունների շուրջ Սերժ Սարգսյանի հետ բովանդակային քննարկման մեջ մտողներին թերեւս առանձին` անվճար զննում է հասնում: Պետության հաշվին: Այ էդ առիթով շատերս մեր գրպանից` բյուջեից գումար կտրամադրեինք, որովհետեւ էդ զննման արդյունքները հետո գիտությանը պետք կգային: Որովհետեւ բոլոր հարցերին պատասխանում են, թե բա չիմացաք` ինչ եղավ, մեզ լավ բան են առաջարկում: Բա չիմացաք` ինչ եղավ, խորհրդարանական կառավարաման համակարգը շատ լավ բան է, առաջատար աշխարհի գրեթե բոլոր երկրները խորհրդարանական պետություններ են, բլա-բլա-բլա-բլա:

Այսինքն՝ էդ մարդկանց, փաստորեն, չի հետաքրքրում ամենակարեւոր հարցը՝ այս պարագայում խնդիրը ոչ թե այն է, թե ձեզ ինչ են առաջարկում, այլ թե ով է առաջարկում: Որովհետեւ այդ «ովը» կարող է փոխել նաեւ ողջ բովանդակությունը: Որովհետեւ եթե անգամ ձեզ ամենաֆանտաստիկ Սահմանադրությունը առաջարկեին, միայն այն, որ առաջարկողը Սերժ Սարգսյանն է, արդեն իսկ ծանրակշիռ պատճառ է այն մերժելու համար: Ու ոչ թե այն պատճառով, որ մենք չար ենք ու նախանձ, որ մենք չուզող ենք, այլ որովհետեւ զգոն ենք, որովհետեւ հասկանում ենք, որ եթե Սարգսյանը մեզ թվացյալ լավ առաջարկ անի անգամ, սեղանի տակ հաստատ զենք բռնած ձեռք կա, որ էդ գործիքը, որը նա այժմ ցանկանում է փաթաթել մեր վզին, իրե՛ն, ու միայն իրե՛ն է պետք, զի, քանզի, վասնզի նմանատիպ մեկ այլ գոյություն ունեցող գործիքը ինքը մինչ այժմ հանուն մեզ չի կիրառել, ու եթե մինչ այժմ չի կիրառել, ապա ինչի՞ պիտի հանուն մեզ կիրառի նորը:

Մենք ունենք Սահմանադրություն: Ու այն արդեն քանի տարի չի գործում: Ոչ թե այն պատճառով, որ այն վատն է, այլ որովհետեւ իշխանությունները ամենօրյա ռեժիմով արհամարհում են այն, իսկ ՍԴ նախագահն էլ դակում է բոլոր այդ ապօրինությունները որպես սահմանադրական, ու վերջ: Հիմա Սերժ Սարգսյանը եկել ու ասում է` ես ձեզ նոր Սահմանադրություն են բերում: Այն ձեզ համար ավելի լավն է: Բայց մենք ներկա Սահմանադրության լավ կամ վատ լինելու համը գործողության մեջ, այսպես թե այնպես, չենք զգացել, որովհետեւ Հայաստանում գործում է իշխանությունների ներքին`չգրված «սահմանադրությունը»:

Հիմա, ուվաժայեմիյե զնատակի, վնիմանիյե, վապրոս. եթե մեզ համար այս Սահմանադրությունը լավն է, ու մեզ առաջարկում են իբր ավելի լավը, իսկ մենք գիտենք, որ Սարգսյանը ոչինչ հենց այնպես` հանուն մեզ չի անում, ուրեմն, այդ ի՞նչն է այս Սահմանադրության մեջ վատը Սերժ Սարգսյանի համար, որը չկա մեզ ներկայացված նախագծի մեջ: Փորձեք կռահել երեք անգամից:

Նրանք, ովքեր հրապարակավ հայտարարում են, թե ավելի վատն են մարդու իրավունքները, այսն ու այնը, պետք է նաեւ հայտարարեն, որ իրենց համար Սերժ Սարգսյանն ու նրա իշխանությունը լեգիտիմ են, որ նրանք չեն կեղծել 2008-ի, 2012-ի, 2013-ի համապետական ընտրությունները (ՏԻՄ ընտրություններն էլ` վրադիր), որ Սերժ Սարգսյանը իսկապես Հայաստանում երաշխավորում է բոլոր տեսակի իրավունքների ու ազատությունների կենսագործունեությունը, որ Սարգսյանն ու իր իշխանությունը թաթախված չեն կոռուպցիայի ու այլ հանցագործությունների մեջ, եւ որ իսկապես, Սերժ Սարգսյանի ցանկացած քայլ միտված է միայն ու միայն Հայաստանի զարգացմանը:

Եթե չեն հայտարարում, ուրեմն, նորից ենք կրկնում հարցը` ի՞նչն է այս Սահմանադրության մեջ վատը Սերժ Սարգսյանի համար, որը չկա մեզ ներկայացված նախագծի մեջ:

Ու ոնց գցում-բռնում ենք, մնում է միայն նրա` իշխանավարման ժամկետի սահմանափակումը: Այն, ինչ նրան չի տալիս մեր Սահմանադրությունը, նա կփորձի ստանալ այս նախագծից. այն է`Հայաստանում իշխանության ղեկը մշտապես իր ձեռքում պահելու հնարավորությունը: Սա է: Մնացածը լոլոներ են, որոնք մենք շատ ենք լսել:

Սերժ Սարգսյանը չի ցանկանում հետ մնալ Իլհամ Ալիեւից, որը եւս սահմանադրական փոփոխություններով հավերժացրեց իր իշխանությունը հարեւան Ադրբեջանում: Պարզապես՝ Ալիեւն այնքան ռեսուրս ուներ, որ դա արեց հրապարակավ` միանգամից չեզոքացնելով 2-ից ավելի անգամ պաշտոնավարելու սահմանափակումը: Սերժ Սարգսյանին թվում է, թե ինքը շատ խորամանկ է, եւ ինքը նույն բանը կանի մի քիչ զարտուղի ճանապարհով, որ հայ ազգին այդքան հեշտ է «ֆռռացնել» եւ Հայաստանը վերածել Ադրբեջանի: