06.10.2015 19:04

Պեսկովը նշել է, թե որն է Սիրիայում ՌԴ գործողությունների վերջնական նպատակը

Պեսկովը նշել է, թե որն է Սիրիայում ՌԴ գործողությունների վերջնական նպատակը

Ռուսաստանի ռազմական գործողությունները Սիրիայում ուղղված են այդ երկրում իրավիճակի քաղաքական կարգավորմանը, երեքշաբթի լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նա ընդգծել է, որ Սիրիայում ՌԴ-ի օդային հարվածների թիրախն ահաբեկչական և ծայրահեղական խմբավորումներն են, որոնք այդ երկրում բազմաթիվ են: «Բազմիցս թե՛ մեր  ռազմական ներկայացուցիչները, թե՛ ՌԴ նախագահն ընդգծել են, որ հարվածներն ուղղված են Սիրիայի տարածքում գործող ահաբեկչական և ծայրահեղական խմբավորումների դեմ, որոնք գրոհում են այդ երկրի զինված ուժերի և խաղաղ քաղաքների վրա: Նման խմբավորումներն այնտեղ բազմաթիվ են»,- ասել է Պեսկովը:

Նա նաև հերքել է ԶԼՄ-ներում հայտնված այն լուրը, թե Ռուսաստանը ցամաքային գործողություն է նախաձեռնում Սիրիայում: «CNN-ում կարող էին նաև շփոթել: Նրանք Պուտինին էլ Ելցինի հետ են շփոթում»«- ասել է Պեսկովը լրագրողներին՝ մեկնաբանելով այդ հեռուստատեսության համապատասխան տեղեկատվությունը:

Ավելի վաղ CNN հեռուստատեսությունը, հղում անելով ԱՄՆ ՊՆ անանուն  ներկայացուցիչների, հաղորդել է, որ Ռուսաստանը Սիրիայում ցամաքային գործողությունների է նախապատրաստվում:

Փոխանցում է Interfax-ը: