08.10.2015 11:50

Խմբագրական. Չկա «այո»-ի ճակատ, կան միայն «ոչ» ասողներ՝ ԲՈԼՈՐԸ

Խմբագրական. Չկա «այո»-ի ճակատ, կան միայն «ոչ» ասողներ՝ ԲՈԼՈՐԸ

Սահմանադրական փոփոխություններ կոչված շոուի շրջանակներում ամենատարծվող քարոզչական կտերից մեկը թերեւս այն է, թե երկիրն այսօր բաժանվել է երկու մասի, հասարակությունը երկփեղկվել է «ոչ»-ի եւ «այո»-ի ճակատների միջեւ: Այնինչ՝ դա կատարյալ սուտ է: Քանզի չկա «այո»-ի ճակատ:

Կան, իհարկե, «այո» ասողներ, բայց նրանք ոչ ճակատ են, ոչ միավորում, ոչ խմբավորում, ոչ շարժում, ոչ էլ որեւէ այլ բան: Կան «այո»-ի մի պտղունց կողմնակիցներ, որոնք կողմ են ոչ այնքան ներկայացված նախագծի բովանդակությանը, ինչպես որ ներկայացնում են, այլ քաղաքական բարտեր են կատարել. «այո»՝ Սերժ Սարգսյանի հնարավոր բարեհաճության դիմաց՝ առ իրենց վաղուց մոռացված եւ քաղաքական աղբանոց նետված անձը: Նրանց համար սահմանադրական փոփոխություններ կոչված կապիկությունը ընդամենը մի վերջին շանս է քաղաքականության մեջ մնալու համար, քանի որ իրենք իրենց էլեկտորատը վաղուց արդեն չունեն, վաղուց քաղաքական մարգինալության կարգավիճակում են, եւ քաղաքականության մեջ երեւալու միակ շանսը Սերժ Սարգսյանի պոչից բռնած ման գալն է՝ հույսով, որ վերջինս իրենց գոյության մասին էլ մեկ-մեկ կհիշեցնի հանրությանը:

Կարճ ասած՝ այժմ Սերժ Սարգսյանը իրենց համար խորհրդանշում է հայտնի արալեզին, որը պիտի նրանց նոր քաղաքական կյանք պարգեւի եւ հետ կանչի քաղաքական Հադեսից:

Բայց այդ մարդիկ, ինչպես արդեն նշեցինք, ճակատ չեն, քանզի այդ ճակատ կոչվածում միայն իրենք են, քանզի էլեկտորատ ու հետեւորդներ չունեն, իսկ իրենց կուսակցություններում եղած իրական մարդիկ բոլորը միասին կարող են տեղավորվել ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարի աշխատասենյակում:

Այնպես որ, նրանց մեծ լավություն արած կլինեինք, մեղմ ասած՝ ճակատ անվանելով: Իրականում կա միայն այս փոփոխությունները նախաձեռնած Սերժ Սարգսյանը, նրա ՀՀԿ-ն, որպես կուսակցություններ ներկայացող մի բուռ մարդ ու «մի կին ատամնատեխնիկ», որին կանչեցին իրենց հետ ֆոտոսեսիայի զուտ այն պատճառով, որ հետո բարձրաձայն հնչեցնեն ու շահարկեն նրա խմբակցության անունը: Դե հիմա, եթե իրենք ճակատ են, ապա, իհարկե, քյավառցի Արթուրն էլ իսկապես տիեզերագնաց է ու ՆԱՍԱ-ի աշխատակից:

Սա՝ «այո» պոռացողների մասով: Հիմա՝ ինչ վերաբերում է «ոչ»-ին: Ահա, ուրեմն, եթե երկրի հասարակական-քաղաքական-քաղաքացիական դաշտից հանենք այդ մի բուռ «այո»-ն, մնացած ամեն ինչը «ոչ»-ն է: Ընդ որում, ամենաուշագրավն այն է, որ «ոչ» ասողների դաշտն իրականում շատ ավելի ընդգրկուն է, քան կարող է նույնիսկ թվալ: Սերժ Սարգսյանին իրականում «ոչ» են ասում բոլորը, նույնիսկ ամենահակադիր տեսակետներ կրողները, նույնիսկ նրանք, ովքեր իրար հետ չեն համագործակցում ու չեն համագործակցի, Հայաստանի քաղաքացիները, մի խոսքով՝ բոլոր, բոլոր, բոլորը:

Այսինքն, եթե ի մի բերենք այս ամենը, կստացվի, որ մի կողմում կա Սերժ Սարգսյանը, մյուս կողմում՝ մնացած բոլորը: Ու խնդիրն այն չէ, թե ինչ ռեսուրսների է տիրապետում  Սերժ Սարգսյանը՝ քվեարկությունը կեղծելու համար: Դա ամենեւին էլ կարեւոր չէ այս պարագայում: Որովհետեւ դրանից իրողությունը չի փոխվում: Սերժ Սարգսյանը կարող է փորձ անել կեղծել քվեարկությունը, նկարել 1-2-3-4-5,  նույնիսկ 10 մլն ձայն, բայց իրականությունն այն է, որ իրենից բացի՝ մնացած բոլորը դեմ են իր նախաձեռնությանը: Ու դա էլ արդեն ճակատ չէ: Քանի որ ճակատն էլ, ինչ-որ առումով՝ որոշակի սահմաններ ու շրջանակներ ու սահմանափակումներ ունի: Իսկ այս պարագայում «ոչ» ասում են ԲՈԼՈՐԸ:

Իսկ ԲՈԼՈՐՆ արդեն ոչ թե ճակատ են, այլ մի ամբողջականություն: Ողջ Հայաստանը:

Ու ի դեպ, այս մասին ամենալավը տեղյակ է ո՞վ: Կռահեք: Իհարկե, ինքը՝ Սերժ Սարգսյանը: