12.10.2015 12:15

Այսօր ծնվել է Լուչիանո Պավարոտին

Այսօր ծնվել է Լուչիանո Պավարոտին

Նա հողագնդի հանրահայտ տենորներից էր, բայց եւ՝ նույնքան հանրահայտ էր կամակորությամբ ու անկարգապահությամբ եւ այնքան հաճախ էր անսպասելի չեղյալ հայտարարել իր նախապես հայտարարված համերգները, որ վաստակել էր «Չեղյալի արքա» տիտղոսը։

Ի դեպ, մինչ երգչի փառահեղ ուղին ընտրելը՝ Պավարոտին (1935-2007) տարված էր ֆուտբոլով ու մտադիր էր դարպասապահ դառնալ։ Չդարձավ, եւ ափսոսալ չարժե, որովհետեւ դժվար թե իր ծանրաքաշ ցատկերով նույնքան հմայեր ֆուտբոլասերներին, որքան երաժշտասերներին հիացրեց այնքան, որ մի օր հայտնվեց Գինեսի ռեկորդների գրքում՝ այն բանից հետո, երբ Բեռլինի «Դոյչե օպերա» թատրոնի դահլիճում՝ հանդիսատեսի օվացիաների ներքո, 165 անգամ վարագույրը բացվեց ու փակվեց Դոնիցետտիի «Սիրային ըմպելիք» օպերայի ավարտից հետո, քանի որ բեմահարթակին ինքն էր՝ Իտալիայի Մոդեն քաղաքի արվարձաններում ծնված ու մեծացած Պավարոտին էր։ Սակայն, նույնքան շռնդալից է եղել նրա տապալումը Ֆրանկո Ձեֆիրելիի բեմադրությամբ Վերդիի «Դոն Կարլոս» օպերայում, ինչից հետո Պավարոտին այլեւս Միլանի Լա Սկալայի բեմ ոտք չի դրել։

Պավարոտիին մեծարել են նաեւ «բարերար», «մեկենաս» բնորոշումներով, եւ սա չափազանցություն չէր՝ այս մեծ տենորը նաեւ մեծ սիրտ ուներ, որտեղ, ի դեպ, հաջողում էր տեղավորել նաեւ բազմաթիվ կանանց։ Իր կնոջ՝ Ադուա Վերոնիի հետ, Պավարոտին ապրեց 35 տարի, չզլացավ այդ տարիների ընթացքում փայլել իր անհավատարմությամբ, եւ 35 տարի նրա սիրային արկածները հանդուրժող Ադուայի համբերության բաժակը լցվեց այն օրը, երբ 63-ամյա երգիչն իր 26-ամյա քարտուղարուհի Նիկոլետոյին այսպես ներկայացրեց լրագրողներին. «Ծանոթացեք, իմ հարեմի ամենասիրելի կինը»։ Երեք դուստրերի հայր մեր այս «չարաճճի» երգիչը չէր թաքցնում, որ տենչում է որդի ունենալ, եւ երբ նրա «հարեմի ամենասիրելի կինը» երկվորյակ լույս աշխարհ բերեց, որոնցից մեկն արու զավակ էր՝ Պավարոտիի երջանկությանը չափ չկար, որն, ավաղ, կարճ տեւեց։ Երկու ամիս հետո նրա որդին մահացավ, եւ վշտից գլուխը կորցրած հայրն... ամուսնացավ Նիկոլետոյի հետ եւ մխիթարվեց իր Էլիս դստրիկով։ Նրա երիտասարդ կնոջը հաջողվեց անել մի բան, ինչը չէր հաջողվել ո՛չ Ադուային, ոչ էլ՝ երգչի զանազան-զարմանազան սիրուհիներին։ Համադամասեր, 160 կիլոգրամ կշռող Պավարոտիին նա ստիպեց զսպել իր ախորժակը եւ նիհարել 15 կիլոգրամ։ Հաջորդ ստիպողը քաղցկեղն էր, որ մի օր բախեց կենսախինդ Պավարոտիի դուռը։

Հետո՝ մահ, հետո երկու կանանց եւ երեք դուստրերի գզվռտոց՝ մեծ տենորի հսկայական կարողության համար։ Էլիսը դեռ փոքր էր ու դեռ չէր հասկանում, թե ինչ զորություն կա այդ կանաչ թղթի կտորների մեջ, որոնց համար այդպես միմյանց կոկորդ են կրծում մեծերը։

Բայց չարժե մռայլ պատմություններով մթագնենք այն մարդու կյանքը, որը մեզ միայն ուրախություն, բարություն ու գեղեցիկ արվեստի տոն է պարգեւել։

Ժպիտով հիշենք, որ Պավարոտին սնահավատ էր եւ ողջ կյանքում՝ համերգից առաջ երեխայի նման գրպանն էր դնում իր թալիսմանը՝ ծուռ մեխը, որ հաջողությունը երես չդարձնի իրենից։ Իսկ ահա նստելուց առաջ մի լավ չափուձեւում էր աթոռը՝ կդիմանա՞ իր ծանրությանը, թե՝ ոչ։ Նրա անհանգստությունն անհիմն չէր. մի անգամ հենց բեմում՝ երգչուհիներից մեկն այնպիսի ջերմեռանդությամբ էր նետվել նրա գիրկը, որ աթոռը կոտրվել էր, ու մեծ տենորը իր ողջ ծանրությամբ շրխկացել էր բեմահարթակին։

Պատմում են նաեւ, որ իր հերթական սիրուհիներից մեկի հետ վեճից հետո՝ իտալացուն բնորոշ տաքարյունությամբ նա սկսել է բղավել, որ դուրս կնետվի հյուրանոցի պատուհանից, եւ գլուխները կորցրած նրա շքախմբի անդամներին հեգնանքով խաղաղեցրել է Պավարոտիի մեկ այլ սիրուհին. «Ինչ եք խառնվել իրար, էդ ո՞նց է իր էդ մարմնով անցնելու լուսամուտի միջով»։

Ի դեպ, նա հաճույքով էր շփվում լրագրողների հետ։