12.10.2015 13:20

Խմբագրական. Իսկ հարցրե՞լ եք Երեւանին՝ ինքն ուզու՞մ է, որ սիրեք իրեն

Խմբագրական. Իսկ հարցրե՞լ եք Երեւանին՝ ինքն ուզու՞մ է, որ սիրեք իրեն

Այդպես պատահում է. եթե տանը հեռուստացույց կա, եւ որեւէ հետաքրքիր հաղորդում նայելու մտադրությամբ ալիքից ալիք ես թռչում, այդ փնտրտուքի ճանապարհին երբեմն հայկական հեռուստաալիքների էլ ես «բախվում» ու մտածում ես՝ դե, գիտենք, որ հայրենասեր չես, բայց հե՛չ, հե՞չ հայրենասեր չես, որ մի քանի րոպե զոհես քո թանկագին ժամանակից եւ նայես ու լսես, թե ինչ են ասում, ինչ են անում հայրենական հեռուստաալիքները, հատկապես քո սեփական «բարալիկ» գրպանից սնվող Հանրայինը, որի մասին մի քանի օր առաջ Ազգային ժողովի պատգամավորների գերակշիռ մասը հիացական բաժակաճառեր էր ասում։

Երեկ այդ օրերից մեկն էր, եւ այս հեռուստաալիքի շնորհիվ մի քանի րոպեում պարզեցի, որ չենք ուտում, չենք խմում, տարին տասներկու ամիս ազգովի ուղղակիորե՛ն խենթանում ենք Երեւանի համար։ Ի՞նչ բարոյական իրավունք ունեմ կասկածելու, որ Երեւանին սեր խոստովանող այս մարդիկ, որոնց բախտ ունեցա երեկ տեսնելու ու լսելու՝ կեղծում են։ Չունե՛մ։ Բայց լսելով, թե ինչպիսի սպանիչ, սովետական տարիներին բնորոշ պաթոսով է արտահայտվում այդ սերը, սկսում ես կասկածել՝ վերջին 25 տարիները եղե՞լ են, թե երազում ենք տեսել, չարի կայսրության պատերը վաղուց քանդվե՞լ են, ու այս տարիների ընթացքում մենք հնարավորություն ունեցե՞լ ենք տեսնելու, թե մեծ աշխարհում ինչեր են կատարվում ու ինչպես են կատարվում, թե՞ դեռ խիստ ռեժիմով բանտում ենք ապրում ու տեղյակ չենք, որ ճռճռան վերամբարձությունը վաղուց ի վեր քաղաքակիրթ աշխարհում միայն ծիծաղ կարող է հարուցել։

Բայց ենթադրենք՝ ե՛ս եմ կյանքից ետ մնում, ու ենթադրենք՝ Հայաստանի հասարակությունը լսում է այս պաթետիկ ելույթներն ու հուզմունքից աղի-աղի արցունքներ թափում, բայց արցունքները ցամաքեցնելուց հետո այդ նույն հասարակությունը պետք է որ ուշքի գա, չէ՞, ու հիշի ու տեսնի, թե ինչ փորձությունների է ենթարկվել այս «պաշտելի, աննման, անփոխարինելի ու անհամեմատելի» Երեւանը, եւ որ այդ փորձությունների հեղինակները ո՛չ վայրագ ոսոխներն են, ոչ էլ՝ այլմոլորակայինները։

Եթե ահա՛ այսպես ազգովի կոտորվում ու տոչորվում ենք Երեւանի համար, բա չիմանա՞նք, թե ոնց պատահեց, որ կանաչազարդ Երեւանը կիսաանապատի վերածվեց, եւ այսպես եթե շարունակվի՝ հաջորդ Երեւանի եսիմքանիամյակին արդեն «կիսա»-ն էլ կանհետանա։ Եթե այսպես պաշտում ենք Երեւանը, այդ ի՞նչ անտեսանելի ուժ վերացրեց կամ, այսպես կոչված՝ վերանորոգման անվան տակ այլանդակեց այս քաղաքի հին շենքերը։ Ովքե՞ր են երեւանյան աղբակույտերի «ճարտարապետները»։ Երեւանի կենտրոնում մոլախոտերի պես բուսնած անճոռնի բարձրահարկերը մեկ օրու՞մ կառուցվեցին։ Եվ վերջապես, եթե ալամ աշխարհում Երեւանի նմանը չկա, ինչու՞ են երեւանցիները գլխապատառ հեռանում այս քաղաքից։

Հիշու՞մ եք՝ Օթելլոն էլ էր սիրում Դեզդեմոնային, բայց երկու մատը դրեց իր պաշտելիի կոկորդին, խեղդամահ արեց եւ հետո այնպիսի հուզիչ մեղայական արտասանեց, որ քարն էլ չէր դիմանա այդ վշտին՝ կճաքեր։

Ա՛յ, հենց այդպիսի սիրով ենք սիրում Երեւանը, ու պատկերացնում եմ, թե ոնց է նա հոգնել ու զզվել մեր այս անչափելի սիրուց եւ ոնց է երազում, որ այլեւս չխեղդենք, չբզկտենք ու շնչահեղձ չանենք իրեն մեր այս պնդերես, անպատասխանատու, սնամեջ ու ավերիչ սիրով։

Լիզա Ճաղարյան