13.10.2015 10:30

Այսօր ծնվել է Մարգարետ Թետչերը, նույն ինքը՝ «ատամմաքրիչ Մեգին»

Այսօր ծնվել է Մարգարետ Թետչերը, նույն ինքը՝ «ատամմաքրիչ Մեգին»

Այս երկաթյա տիկինը (1925-2013) դեռ ինը տարեկան էր, երբ իր «շրջակա միջավայրին» հասկացրեց, որ իրեն ճկելն այդքան հեշտ չէ։ Դպրոցական ինչ-որ մրցման հաղթող դառնալուց հետո, երբ ուսուցիչն ասաց, թե Մարգարետի բախտը բերեց, աղջնակը հակադարձեց նրան. «Ոչ, ե՛ս վաստակեցի»։ Եվ իրոք, համեստ նպարավաճառի դուստրը, որ մեծանում էր հոր խանութին կից կրպակում, որտեղ ոչ զուգարան կար, ոչ՝ տաք ջուր, գերազանց էր սովորում դպրոցում, դաշնամուր էր նվագում, պարապում էր միաժամանակ մի քանի մարզաձեւերով՝ խոտի հոկեյ, լող, վազք, եւ հասցնում էր նույնիսկ բանաստեղծական վարպետության կուրսերի մասնակցել։

Սուր մտքի եւ ոչ պակաս սուր լեզվի համար Մարգարետը համադասարանցիներից մականուն էր վաստակել՝ ատամմաքրիչ Մեգի։

Երկրորդ մականունը վաստակեց, երբ կրթության նախարար էր։ Թետչերի որոշմամբ՝ դպրոցականներին ձրի կաթ էին տալիս, ինչի համար էլ նրա հակառակորդ լեյբորիստները հայտարարեցին, որ տիկին նախարարը «կաթ փախցնող» է։

Երրորդ մականունը, դե, բոլորը գիտեն՝ երկաթյա տիկին։ Սակայն քչերը գիտեն, որ այս անվանակոչության «քավորը» ԽՍՀՄ պաշտպանության նախարարության «Կրասնայա զվեզդա» թերթն է։ Պատճառն էլ այն էր, որ Թետչերը շատ կտրուկ քննադատել էր սովետական «ազատ աշխարհի» վարքուբարքը։

Մինչ ամուսնությունը՝ նրա սրտային գործերը հարթ չէին ընթանում։ Մի երիտասարդ շոտլանդացի ֆերմեր սիրահետում էր նրան, եւ մեկ էլ ծանոթացավ Մարգարետի քրոջ՝ Մյուրիելի հետ, եւ միտքը ծռվեց։ Զարմանալի չէր. ի տարբերություն Մարգարետի, որը սիրում էր ժամերով լուրջ-լուրջ խոսել քաղաքականությունից, նրա հակապատկեր Մյուրիելին առավել հոգեհարազատ էին խոհանոցի մասին զրույցները։

Նրա մյուս սերը կոմսի զավակ էր։ Ծնողները սպառնացին պատանուն, որ կզրկեն ժառանգությունից, դե՛, կոմսի ու կոմսուհու որդին էլ գցեց-բռնեց, որ ավելի լավ է՝ հարուստ ու անսեր ապրի, քան աղքատ՝ Թետչերի գրկում։ Ի՞նչ իմանար խեղճ տղան, որ մի օր իր սիրելին դառնալու է բարոնուհի եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ։

Ինչ որ է. եղածը եղած էր, եւ մի օր Մարգարետը հանդիպեց Դենիս Թետչերին, ամուսնացավ, եւ քանի որ գերզբաղված տիկին էր ու ժամանակ չուներ երկու անգամ երեխա ունենալու, միանգամից զույգ զավակ նվիրեց իր ամուսնուն, սեռերի հարցն է՛լ «մի զարկով» լուծվեց. մեկն աղջիկ էր, մյուսը՝ տղա։

Հակասական կարծիքներ կան Դենիսի եւ Մարգարետի երկարատեւ ամուսնական կյանքի մասին։ Մի մասը պնդում է, որ դա հաշվենկատ ամուսնություն էր, որովհետեւ քիմիկոսի մասնագիտությամբ տիկինն ամուսնու օգնությամբ նաեւ իրավաբանական կրթություն ստացավ։ Մի մասն էլ հավատացած է, որ սա հազվագյուտ երջանիկ ընտանիք էր։ Ով է ճիշտ, ով՝ սխալ, Աստված գիտե, բայց որ 88-ամյա Դենիսի մահից հետո աշխարհն առաջին ու վերջին անգամ տեսավ երկաթյա տիկնոջ արցունքները՝ փաստ է։

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Միտերանն էլ «ասպետաբար» այսպես է բնութագրել Մարգարետ Թետչերին. «Բրիջիդ Բարդո՝ Կալիգուլայի աչքերով»։

Բայց ինչ էլ ասեն՝ չարախոսեն, թե ճշմարտախոսեն, միեւնույն է՝ անհերքելի իրողություն է, որ այս գեղեցիկ, բարձրաճաշակ հագուկապով տիկինը միակն էր 20-րդ դարում, որ երեք անգամ անընդմեջ Մեծ Բրիտանիայի վարչապետ ընտրվեց, եւ միակ քաղաքական գործիչն էր, ում արձանն՝ իր կենդանության օրոք, դրվեց բրիտանական խորհրդարանի շենքում։ Ի դեպ՝ հենց Ուինսթոն Չերչիլի դեմ դիմաց։