13.10.2015 11:32

Խմբագրական.Դաշնակցությունը, Սերժ Սարգսյանը եւ Հայ դատի թաղումը

Խմբագրական.Դաշնակցությունը, Սերժ Սարգսյանը եւ Հայ դատի թաղումը

Երկրորդ անգամ է, որ Սերժ Սարգսյանի դեմ «ՈՉ»- ի պայքար է ծավալվում։ Առաջին անգամ դա տեղի ունեցավ 2009 թվականին, եւ «ՈՉ»-ի ջատագովը, շարժման կազմակերպիչն ու առաջամարտիկը Հայ հեղափոխական դաշնակցությունն էր։

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ 2009 թվականի ապրիլի 22-ին, գիշերը, բոլորի համար անակնկալ՝ ստորագրվեց հայ-թուրքական համատեղ մի հայտարարություն, ինչով երկու երկրների հարաբերությունների կարգավորման ճանապարհային մի քարտեզ էր սահմանվում։ Վերջնական փաստաթղթերը՝  հայ-թուրքական երկու Արձանագրությունները, ստորագրվեցին վեց ամիս անց՝ հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում։

Արդեն միայն ապրիլի 22-ի փաստաթղթի լուրն առնելուն պես, որի մանրամասներն անգամ դեռ հայտնի չէին, Դաշնակցությունը, դա համարելով իշխանության «արտաքին քաղաքական ուղեգծի փոփոխություն», շատ կտրուկ արձագանքեց Սերժ Սարգսյանի այս քայլին։ Ստորեւ խոսքն ավելի շատ կտանք փաստաթղթերին՝ բավարարվելով հակիրճ մեկնաբանություններով։

23 ապրիլի 2009 թ. ՀՅԴ հայտարարությունից.

 

«ՀՅ Դաշնակցությունը բազմիցս հայտարարել է, որ երկու երկրների միջեւ բարիդրացիական հարաբերություններ կարող են հաստատվել Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմամբ եւ հայ ժողովրդի իրավունքների վերականգնմամբ միայն...

Մեզ համար բացարձակապես անընդունելի է Թուրքիայի հետ հարաբերությունների բնականոնացումը մեր պետության ինքնիշխան եւ կենսունակ լինելիության եւ սերունդների՝ ազգային-պետական իրավունքների հաշվին։

Հաստատակամ այս սկզբունքներին՝ մենք անընդունելի եւ դատապարտելի ենք համարում Հայաստանի արտաքին գործերի նախարարության կողմից Թուրքիայի հետ ապրիլի 22-ի հայտարարության ստորագրումը։

Մենք գտնում ենք, որ հայ ժողովրդի մեծագույն ողբերգության հիշատակի օրվա՝ ապրիլի 24-ի անմիջական նախօրեին եւ Թուրքիայի ղեկավարների վերջին շրջանում կատարած՝ Արցախյան հիմնախնդրի եւ ընդհանրապես բացահայտ հակահայկական հայտարարությունների ու նախապայմաններ թելադրելու պայմաններում, այդ փաստաթղթի ի հայտ գալը հարվածում է Հայաստանի ու հայ ժողովրդի շահերին։

Արձանագրելով, որ այս ընթացքը ենթադրում է բացասական առումով Հայաստանի արտաքին քաղաքական ուղեգծի փոփոխություն, Հայ Յեղափոխական Դաշնակցությունը կոալիցիային իր մասնակցության նպատակահարմարության հարցը կքննարկի առաջիկա օրերին»։

Հստակեցնենք. Դաշնակցությունը համարել եւ համարում էր, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը բոլոր դեպքերում պետք է ունենար նախապայման. դրա համար Թուրքիան պետք է մինչ այդ ճանաչած լիներ Հայոց ցեղասպանությունը եւ վերականգնած լիներ հայ ժողովրդի իրավունքները՝ ինչպես եւ ձեւակերպած է հայտարարության մեջ։ Առաջին անգամ չէր Դաշնացությունը խոսում այդ մասին, նրա հռչակած այս բանաձեւը, ինչպես ասում են, տասնամյակներ շարունակ եղել է նրա հիմնական քաղաքական սկզբունքը, դեմքը, յուրատեսակ այցեքարտը։ Եւ նվազագույնը, որ պետք է արվեր այս դեպքում՝ որպես բողոքի նշան, իշխանական կոալիցիայից դուրս գալն էր։ Եւ իրոք, Դաշնակցությունը պաշտոնական հայտարարությամբ դուրս եկավ կոալիցիայից՝ հետ կանչելով իր անդամներին նախարարական, փոխնախարարական, մարզպետական եւ այլ տասնյակ պաշտոններից։

27 ապրիլի 2009 թ. ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարարությունից.

 «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը հայտարարում է քաղաքական կոալիցիային իր մասնակցությունը դադարեցնելու մասին... Այս (կոալիցիայի մեջ գտնվելու) ընթացքում որոշակի հաջողություններ արձանագրվեցին, սակայն անհաղթահարելի սկզբունքային տարաձայնություն առաջացավ արտաքին քաղաքականության ուղեգծի շուրջ։

Մենք մշտապես համոզված ենք եղել, որ պետության ազգային անվտանգության ռազմավարական ուղղություններից մեկը Հայոց ցեղասպանության համընդհանուր, մասնավորապես՝ Թուրքիայի կողմից ճանաչումն ու դատապարտումն է։ Սա դիտարկվել է ոչ միայն պատմական արդարության վերականգնման, այլեւ տարածաշրջանում փոխադարձ վստահության մթնոլորտի բարելավման եւ ապագայում նման ոճիրների կանխարգելման համատեքստում։ Այս առումով, ինչպես արդեն հայտարարել ենք, մեզ համար անընդունելի ու դատապարտելի էր ապրիլի 24-ի անմիջական նախօրեին եւ Թուրքիայի ղեկավարների հակահայկական, նախապայմաններ թելադրող կեցվածքների համատեքստում Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարությունների համատեղ հայտարարության ընդունումը... Հետայսու ՀՅ Դաշնակցությունը Հայաստանի քաղաքական դաշտում գործելու է նոր՝ ընդդիմադիր ուժի կարգավիճակով...»։

ՀՅԴ Բյուրոն իր հերթին հավանություն տվեց կատարված այս քայլին.

27 ապրիլի 2009 թ. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունից.

«Քննարկելով վերջին զարգացումները` Բյուրոն հաստատեց, որ ստեղծված կացության մեջ կոալիցիայից դուրս գալը միակ ճիշտ քայլն էր։ Ընդդիմություն դառնալը հնարավորություն է` սթափեցնելու իշխանություններին եւ կանխելու վտանգավոր զարգացումները հայ-թուրքական հարաբերություններում»։

Իշխանությունները չսթափվեցին եւ շարունակեցին գնալ նույն՝ «Հայաստանի ու հայ ժողովրդի շահերին հարվածող» արտաքին քաղաքական ուղեգծով։ Ավելին, հայտնի դարձավ, որ հարաբերությունների կարգավորման եւ սահմանի բացման դիմաց դեռ մի բան էլ Թուրքիան ինքն է նախապայմաններ թելադրում Հայաստանին։ Այդ մասին է  Դաշնակցության հաջորդ հայտարարությունը.

ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի հայտարարությունից, 27 մայիս, 2009 թ.

«Քննարկելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մեկամյա գործընթացը եւ այդ ասպարեզում ստեղծված ներկա կացությունը` Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի Գերագույն Մարմինը գտնում է, որ, այսպես կոչված, ֆուտբոլային դիվանագիտությունը ըստ էության ձախողվել է:

Մենք հաստատում ենք՝

- Մինչեւ այժմ կարգավորման գործընթացը ծառայել եւ ծառայում է բացառապես Թուրքիայի շահերին...

-Թուրքիայի կողմից ներկայացվող նախապայմաններն իրենց բնույթով ոչ միայն անընդունելի են, այլեւ` անօրինական: Դրանք վիրավորում են մեր ազգային արժանապատվությունը եւ վտանգում հայկական երկու պետությունների ու մեր ժողովրդի ապագան»:

Եւ վերջապես, կանխելու համար արձանագրությունների ստորագրումը, Դաշնակցությունը դիմեց ծայրահեղ քայլի՝ չորսշաբաթյա նստացույց եւ հացադուլ հայտարարեց ԱԳՆ շենքի դիմաց, որին մասնակցում էին ինչպես կուսակցության շարքայիններ, այնպես էլ Գերագույն մարմնի անդամներ։ Նույն օրն ընդունված հայտարարության մեջ ասվում է.

15 սեպտեմբերի, 2009 թ. ՀՅԴ հայտարարություն.

 «ՀՀ իշխանությունները հրապարակել են հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների հաստատման, ընդհանուր սահմանի բացման և հարաբերությունների կարգավորման վերաբերյալ նախաստորագրված փաստաթղթերի փաթեթը: Հանրությանը հավաստիացվում է , որ փաստաթղթերը չեն պարունակում որևէ նախապայման: Իրականությունը, սակայն, բոլորովին այլ է: Նախաստորագրված բոլոր փաստաթղթերում քողարկված ձևով առկա են մեր պետության և ժողովրդի համար խիստ վտանգավոր թուրքական նախապայմանները: Ըստ էության.

ա) ճանաչվում է հայթուրքական ներկա սահմանը՝ վերահաստատելով երկկողմանի նախկին պարտավորությունները: Այսինքն՝ անուղղակիորեն կատարվում է Կարսի պայմանագիրը ճանաչելու թուրքական պահանջը:

բ) հայ-թուրքական պատմական հարթության երկխոսություն սկսելու, այդ թվում՝ արխիվներն ուսումնասիրելու ենթահանձնաժողովի ձևավորման դրույթով վտանգ է ստեղծվում կատարելու թուրքական հաջորդ նախապայմանը ՝ Ցեղասպանության փաստը քննարկման առարկա դարձնելու դրույթը:

գ) թուրք բարձրաստիճան պաշտոնյաների բազմաթիվ հայտարարություններով սահմանի բացումը փոխկապակցվում է Արցախի հարցում առաջընթաց արձանագրելու հետ, որը թուրքական կողմի պատկերացմամբ ենթադրում է ազատագրված տարածքները վերադարձնելու և Ադերբեջանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու դրույթը»:

Ասենք, որ այս գնահատականներն, իհարկե, համապատասխանում էին իրականությանը։

Սակայն որեւէ արդյունք չտվեց նաեւ նստացույցի ու հացադուլի ծայրահեղ այս քայլը, եւ հոկտեմբերի 10-ին Արձանագրությունների ստորագրումից հետո ՀՅԴ-ն ստորագրահավաքի այսպիսի կոչ արեց.

«Իրենց ներկայ բովանդակութեամբ, այդ արձանագրութիւնները կը բաւարարեն Թուրքիոյ կողմէ Հայաստանի առջեւ դրուած երկու նախապայմաններ՝ հրաժարիլ Թուրքիայէն որեւէ հողային պահանջ ունենալէ եւ փաստօրէն հրաժարիլ Հայկական Ցեղասպանութեան միջազգային ճանաչման նպատակէն։ Իսկ արձանագրութիւններու վաւերացման գործընթացը կը բաւարարէ Թուրքիոյ երրորդ նախապայմանը՝ Հայաստան-Թուրքիա  յարաբերութիւնները պայմանաւորել Արցախի հիմնահարցով»։

Իրականությանը համապատասխանում էին ՀՅԴ-ի նաեւ այս արձանագրումները։

Ամփոփենք։

Դաշնակցությունը, 2008 թվականից, Սերժ Սարգսյանին ու նրա արտաքին քաղաքական ուղեգծին  «Այո» ասելով, նրա հետ իշխանական կոալիցիայի մեջ էր՝ ունենալով տասնյակ բարձր պաշտոններ եւ իշխանությունից բխող բոլոր արտոնություններ։ Սա էր դրված, ինչպես ասում են, կշեռքի մի նժարին՝ մինչեւ 2009 թ. ապրիլի 22-ը։ Եւ ահա, ըստ նույն Դաշնակցության վերոբերյալ փաստաթղթերի արձանագրման, կշեռքի երկրորդ նժարին դրվեցին՝

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորում՝ առանց վերջինիս կողմից նախապես Հայոց ցեղասպանության ճանաչման.

Հրաժարում հողային պահանջատիրությունից եւ նյութական փոխհատուցումից.

Թուրքիայի՝ Կարսի պայմանագիրը ճանաչելու թուրքական պահանջի կատարում, Հայ – թուրքական ներկա սահմանի ճանաչում.

Կասկածի տակ առնել Ցեղասպանության հարցը՝ այն դարձնելով պատմաբանների քննարկման առարկա.

Թուրքիայի՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը հարգելու նախապայմանի կատարում.

Հրաժարում Ցեղասպանության միջազգային ճանաչումից։

Իսկ Դաշնակցության տեսանկյունից այս ամենը նշանակում էր թաղել Հայ Դատը։ Ուստիեւ՝ 2009 թվականին կշեռքի երկրորդ նժարն ավելի ծանր կշռեց, եւ Դաշնակցությունը անվարան դուրս գալով իշխանական կոալիցիայից՝ «ՈՉ»-ի տպավորիչ շարժում ծավալեց Ս. Սարգսյանի արտաքին քաղաքական ուղեգծի դեմ։

2015 թվականի փետրվարին Ցեղասպանության 100-ամյակի նախօրյակին Ս. Սարգսյանը Ազգային ժողովից ետ կանչեց Հայ-թուրքական արձանագրությունները։ Դաշնակցությունը դա համարեց առաջին քայլ «արտաքին քաղաքական ուղեգիծը» նախկին վիճակին վերադարձնելու ճանապարհին։ Հույս հայտնելով, որ դրան կհաջորդի նաեւ Արձանագրություններից Հայաստանի ստորագրությունների ետկանչը, դա բավարար համարեց փոխելու համար իր վերաբերմունքը Ս. Սարգսյանի ու նրա նախաձեռնությունների նկատմամբ։ Եւ այդ հանգամանքով էլ կարող էր բացատրել իր «ԱՅՈ»-ն Ս. Սարգսյանի սահմանադրափոխությանը, իրականում՝ Ս. Սարգսյանին։

Մինչդեռ ենթադրելի էր, որ Արձանագրությունները խորհրդարանից ետ կանչելն այլ բան չէր, քան Ցեղասպանության 100-ամյակով պայմանավորված մի միջոցառում։ Եւ շուտով դա հաստատվեց։ Սերժ Սարգսյանը վերջերս՝ հոկտեմբերի 2-ին, Վաշինգտոնում հայտարարեց, թե Հայաստանը պատրաստ է վավերացնել Արձանագրությունները, եթե Թուրքիան դրանք առանց նախապայմանների վավերացնի։ Բայց նախապայմաններն, ինչպես բազմիցս արձանագրել է նաեւ Դաշնակցությունը, «քողարկված ձեւով» հենց այդ՝ արդեն ստորագրված փաստաթղթերում են։

Սա նշանակում է, թե ամեն ինչ վերադառնում է «ի շրջանս յուր»՝ այնտեղ, որտեղ գտնվում էր 2009 թ., կամ մինչեւ Արձանագրությունները ԱԺ-ից ետ կանչելը։ Փարիսեցիություն կլինի ասելը, թե նա, այնուամենայնիվ, այդ Արձանագրությունները նորից չի ուղարկել ԱԺ։ Ս. Սարգսյանի այս հայտարարությունից հետո ոչ մի նշանակություն չունի՝ դրանք ի՞ր դարակում են, թե՞ Գալուստ Սահակյանի. նախագահականից մինչեւ ԱԺ ծույլ քայլով անգամ 5 րոպեի ճանապարհ է։ Դա նշանակում է՝ Ս. Սարգսյանի «արտաքին քաղաքական ուղեգիծը» վերադառնում է այն նույն կետին, ինչի դեմ, իրավացիորեն, այդպես ըմբոստացել էր Դաշնակցությունը 2009 թվականից՝ նրա դեմ ծավալելով «ՈՉ»-ի մի շարժում Հայաստանում եւ Սփյուռքում։

Հիմա ի՞նչ է ստացվում.

Դաշնակցության համար այժմ էլ, ինչպես 2009 թ., կշեռքի նժարին կրկին դրված են Հայ-թուրքական արձանագրությունները՝ իրենց վերոարձանագրյալ հետեւանքներով։ Մյուս նժարին՝ Ս. Սարգսյանի՝ Սահմանադրությունը փոխելու նախաձեռնությունը՝ խորհրդարանական կառավարման համակարգի անցնելու, իրականում՝ այդ կերպ սեփական իշխանության վերարտադրման համար։ Ընդունենք, թե Դաշնակցության համար, իրոք, սկզբունքային հարց է Հայաստանում կառավարման խորհրդարանական համակարգը։ Բայց, այս դեպքում, «Այո» ասելով Ս. Սարգսյանի նախաձեռնությանը, նրա իշխանության շարունակմանը, ըստ էության՝ նշանակում է, թե Դաշնակցությունը գործնականում՝

1. Համաձայնում է առանց Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը.

2. Հրաժարվում է հողային պահանջատիրությունից եւ նյութական փոխհատուցումից.

3. Համաձայնում է Կարսի պայմանգրի եւ Հայ-թուրքական ներկա սահմանի ճանաչմանը.

4. Համաձայնում է Ցեղասպանության հարցը դարձնել պատմաբանների քննարկման առարկա ու դրանով իսկ կասկածի տակ առնել այն.

5. Դեմ չէ Թուրքիայի՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը հարգելու նախապայմանի կատարմանը.

6. Հրաժարվում է Ցեղասպանության միջազգային ճանաչումից։

Այսինքն՝ Սերժ Սարգսյանի հետ միասին սպանում ու թաղում է Հայ դատը։ Մնում է հասկանանք՝ հեքիաթային ի՞նչ բարիքներ են ստանալու Հայաստանն ու հայ ժողովուրդը կամ ինքը Դաշնակցությունը՝ նմանօրինակ զոհաբերության դիմաց։

Աշոտ Սարգսյան