14.10.2015 13:44

Այսօր ծնվել է Մոբուտու Սեսե Սեկոն՝ աֆրիկյան ծագմամբ ստալինիկը

Այսօր ծնվել է Մոբուտու Սեսե Սեկոն՝ աֆրիկյան ծագմամբ ստալինիկը

Երեսուն եւ ավելի տարի շարունակ, ամեն օր, երեկոյան լուրերից առաջ՝  այս երկրի հեռուստաէկրաններին հայտնվում էր մի մարդու պատկեր, որը երկնքից՝ ամպերի հովանու ներքո, նայում էր երկրին։ Արդեն հասկացաք, դա Մոբուտու Սեսե Սեկոյի պատկերն էր։ Իշխանության հասնելուց հետո նա Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը անվանափոխեց Զաիր, հայտարարեց, որ ինքը կիսաստված է (կարող էր, չէ՞, ասել, որ աստված է, բայց համեստ տղա էր), եւ ով համարձակվեր կասկածել իր աստվածային ծագմանը՝ եթե առանց խոշտանգումների մահ բաժին հասներ նրան, ուրեմն՝ հանգուցյալը շատ բախտավոր աստղի տակ էր ծնվել։ Ի դեպ, այս նույն հեռուստաէկրանների նորությունների թողարկումներում արգելված էր այլ մարդու անուն արտասանել. բոլոր նորությունները պտտվում էին «մեծ առաջնորդի» եւ «ազգի փրկչի» շուրջը։

Մինչ 1965-ին երկրի նախագահ դառնալը, բնականաբար՝ հեղաշրջման ու բռնությունների, իր հակառակորդներին ոչնչացնելու ճանապարհով, այս Մոբուտու Սեսե Սեկոյին (1930-1997) ճանաչում էին որպես Ժոզեֆ Դեզիրե Մոբուտու, բայց հենց պարզվեց՝ ինքը սովորական մարդ չէ, նախկին ոստիկան, ավելի ստույգ՝ «գործ տվող» չի, այլ կիսաստված է, որոշեց անվանափոխվել։ Համբերությամբ ընթերցեք նրա ամբողջական անունը՝ Մոբուտու Սեսե Սեկո Կուկու Նգբենդու վա զա Բանգա, որը թարգմանաբար նշանակում է՝ ամենակարող մարտիկ, որը՝ շնորհիվ իր անսասանության եւ երկաթյա կամքի, ընթանում է հաղթանակից հաղթանակ, կրակի տալով իր ճանապարհին հանդիպող ամեն ինչ։ «Չարամիտներն», իհարկե, այս նույն անունն այսպես էին թարգմանում՝ աքլոր, որը հրամանատարն է աշխարհի բոլոր հավերի։

Ինչ որ է. մինչ իր ղեկավարած երկրի սովահար բնակիչները դեգերում էին ջունգլիներում՝ այլ ցեղերի իրենց եղբայրներին ու քույրերին սպանելու ու նրանց միսն ուտելով սովից փրկվելու համար, այս Մոբուտուն իր սեփական օդանավակայանից մեկ թռչում էր Փարիզ՝ զանազան փալաս-փուլուսներ գնելու, կամ՝ գնում էր Դիսնեյլենդ՝ կարուսել նստելու։ Հասկացաք արդեն՝ մանկական, ջինջ հոգի ուներ։

Մոբուտուն ուտու՞մ էր մարդու միս, թե՝ ոչ, գրավոր փաստեր չկան սրա մասին, բայց որ իր հակառակորդներին սպանում էր առանձնակի դաժանությամբ՝ բոլորը գիտեն, որովհետեւ «ազգի փրկիչը» ոչ միայն չէր թաքցնում այդ սպանությունները, այլեւ իր զաիրցի «զավակներին» ստիպում էր վայելել այդ «ներկայացումները»։ Դե, որ հասկանան՝ եթե խելոք չմնան, իրենց էլ է նույն ճակատագիրն սպասվում։ Օրինակ՝ կառավարության նախկին ղեկավար Էվարիստ Կիմբային նա կախաղան հանեց 50 հազար հանդիսատեսի ներկայությամբ։ Իսկ ահա՝ այս «կիսաստվածի» ձեռքով այն աշխարհ ուղեւորված Պատրիս Լումումբայի հեղափոխական ընկեր, վտարանդի Պիեռ Մուլելեին խաբեությամբ ասաց՝ արի տուն, ես քեզ ներում եմ, իսկ երբ այս միամիտը ոտք դրեց իր հայրենիք, նրան ձերբակալեցին եւ հասարակության աչքի առաջ հանեցին աչքերը, կտրեցին սեռական օրգանները, հետո՝ ոտքերը, իսկ դրանից հետո ողորմածաբար թույլ տվեցին, որ մեռնի։

Մի օր վերջապես Կոնգոյի ժողովուրդը ըմբոստացավ այս աֆրիկյան ծագմամբ ստալինիկի դեմ, եւ մազապուրծ եղած Մոգուտուին միակ ապաստան տվողը Մարոկոն էր, որտեղ էլ սա մեռավ քաղցկեղից, ինչից հետո սկսեցին հաշվել նրա ծովածավալ հարստությունը, եւ ասում են՝ դեռ մինչեւ հիմա հաշվում են, ու վերջը չի երեւում։