15.10.2015 12:00

Այսօր ծնվել է Խաչատուր Աբովյանը, կամ՝ cherchez la femme

Այսօր ծնվել է Խաչատուր Աբովյանը, կամ՝ cherchez la femme

Դպրոցում մեզ պատմել են, որ հայ ականավոր գրող, մանկավարժ, լուսավորիչ, գրաբարի անթերի գիտակ, չորս լեզուների՝ գերմաներեն, անգլերեն, ֆրանսերեն, լատիներեն, ազատորեն տիրապետող, արեւելահայ աշխարհաբար գրականության հիմնադիր Խաչատուր Աբովյանը (1809-1848) օրերից մի օր (ապրիլի 2-ին) տնից դուրս է եկել եւ այլեւս չի վերադարձել, իսկ հետո նրա զույգ կոշիկից մեկը գտել են Զանգու գետի ափին, եւ բնականաբար՝ այդտեղից պետք է հետեւություն անել, որ նա խեղդվել է գետում։ Երբ արդեն այնքան մեծացանք, որ ուսուցիչների ասածները կարող էինք նաեւ որպես անհերքելի ճշմարտություն չընդունել, սկսեցինք մտատանջվել՝ լավ, ասենք՝ խեղդվել է, բայց ախր էդ ինչ մի անծայրածիր ու հորդահոս գետ է էս մեր Զանգուն, որ այդպես էլ չգտնվեց մեր Լուսավորչի մարմինը։ Եվ բնական է, չէ՞, որ ինչքան շատ ես կասկածում, այնքան վարկածներն ավելանում են։

Օրինակ, ըստ Ակսել Բակունցի՝ Աբովյանը տնից դուրս է եկել ու ճամփա ընկել հեղափոխական շարժումների հորձանուտում հայտնված Եվրոպա, որ անպատճառ իր ներդրումն ունենա հեղափոխության գործում։

Ավետիք Իսահակյանի կարծիքով էլ՝ Աբովյանը տնից դուրս է եկել վերադառնալու նպատակով, բայց ցարական իշխանությունը ճանապարհին բռնել է նրան ու աքսորել Սիբիր։ Հնարավոր է. երեւի դրանց ականջով է ընկել, որ Աբովյանն այլեւս չի օրհնում «էն սհաթը»։ Ո՞նց կարող էր «Վերք Հայաստանի» վեպի հայրենապաշտ հեղինակն օրհնել էդ «սհաթը», եթե այդ տարիներին՝ ռուս-թուրքական պատերազմի պատճառով հայերի զանգվածային արտագաղթ էր սկսվել, եւ 90 հազարից ավելի նրա հայրենակիցները հարկադրված լքեցին Հայաստանը։ Դե, այդ շրջանի ցարական չինովնիկների հակահայկական քաղաքականության մասին էլ չասենք։ Ո՞վ չգիտի։

Իսկ ահա Աբովյանի մտերիմ ընկեր, պատմաբան Ռոստոմ Բեկ-Երզնկյանցի վարկածով՝ իր սիրելի ընկերը տնից դուրս է եկել, ու վերադարձի ճանապարհին միտքը ծռվել է, մտածել է՝ չգնա՞մ Հյուսիսային Կովկաս, ծառայության անցնեմ ռուսական բանակում եւ կռվեմ լեռնականների դեմ։ Մտածել է ու տեղնուտեղն իր մտածածն իրականացրել է՝ ուղիղ գնացել է Հյուսիսային Կովկաս ու ռուսական բանակի դրոշի տակ սկսել է կռվել էս լեռնականների դեմ։ Հաղթել է լեռնականներին, թե ոչ՝ նրա ընկեր Ռոստոմը սրա մասին խորհրդավոր լռում է։

Ոմանք էլ պնդում են, որ կենսասեր Աբովյանը տնից դուրս է եկել ու գնացել հայտնի չէ՝ ուր, եւ հայտնի չէ, թե ինչու՝ ինքնասպանություն է գործել։

Պատմողներ կան նաեւ, որ Աբովյանը մեկնել է... Բրազիլիա։ Թե ինչու հենց Բրազիլիա՝ չեն ասել մինչեւ հիմա, ու հույս էլ չկա, որ երբեւէ կասեն։

Պատմաբան Վարշամ Ավետյանի վարկածն ամենաուշագրավն է։ Ըստ նրա՝ Աբովյանին սպանել են երեւանաբնակ թուրքերը եւ հենց իրենց ձեռքով էլ թաղել են Նորքում։ Եվ սպանության պատճառն էլ «թուրքը թուրք է մնում»-ը չի եղել։ Պարզապես այս թուրքերից մեկը կասկածել է, որ իր կինը սիրային կապ ունի մեր գեղեցկատես ու ազատամիտ Խաչատուրի հետ, եւ խանդն արել է իր սեւ գործը։

Քանի դեռ Աբովյանի մահը թանձր վարագույրով պատված է, յուրաքանչյուր ոք կարող է այս վարկածներից մեկն ընտրել ու իր սրտի ուզածի չափ հավատալ, որ այդպես էլ եղել է։ Բայց, եթե վերհիշենք, թե երիտասարդության տարիներին քանի-քանի սիրային պատմությունների միջով է անցել մեր սիրելի սրտակերը, հնարավոր է՝ բոլորս cherchez la femme-ի վարկածին հակվենք։