15.10.2015 13:54

Խմբագրական. Բա չիմացաք՝ ով դեմ է սահմանադրականին, կողմ է Սարգսյանին :)

Խմբագրական. Բա չիմացաք՝ ով դեմ է սահմանադրականին, կողմ է Սարգսյանին :)

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը (նրա եղբորն էլ երեւի կհիշեք՝ պատմության դասագրքեր է կեղծում ԵՊՀ-ում՝ մեր իսկ աչքի առաջ, մեր իսկ մասնակցությամբ տեղի ունեցած դեպքերն է կեղծում), ով կողմ է Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխություններին եւ իր ողջ կուսակցությամբ լծվել է քարոզչությանը՝ ի պաշտպանություն փոփոխությունների, հայտարարել է. «Ովքեր դեմ են սահմանադրական փոփոխություններին, նրանք կողմ են այսօրվա իշխանությունների վերարտադրմանը, ուրիշ բացատրություն չկա, որովհետև իշխանափոխությունը մարդափոխություն չէ, այլ համակարգի փոփոխություն, որը պետք է բերի մարդկանց փոփոխության»:

Իհարկե, սա մի այնպիսի հայտարարություն է, որտեղ եթե փորձենք տրամաբանություն պեղել, ապա մի ամբողջ կյանք պիտի պեղումներով զբաղվենք: Բայցեւայնպես, փորձենք բռնել պարոն Մինասյանի մտքի (՞) թելը: Ուրեմն, փորձելով արդարացնել այն, թե ինչու է ՀՅԴ-ն կողմ սահմանադրական փոփոխություններին, եւ չցանկանալով, ըստ էության, խոստովանել, որ ՀՅԴ-ն կողմ է Սերժ Սարգսյանի վերարտադրությանը եւ աջակցում է վերջինիս այդ հարցում՝ առաջիկա ընտրություններում ԱԺ-ում զգալի ներկայություն ունենալու համար, Մինասյանը միանգամից մեղադրանքների տարափ է թափում փոփոխություններին դեմ հանդես եկողների վրա: Եվ այն էլ ինչ մեղադրանքներ: Այն, ինչ իրենք են անում, Մինասյանն այդ ամենը բարդում է ընդդիմացողների վրա: Վատ չի, չէ՞: Ոնց որ գողը մտնի խանութ, մի քանի հոգու էլ կողքից որպես «աթանդա պահող» կանգնեցնի մուտքի մոտ, ու այդ ընթացքում մուտքի մոտ կանգնածները հայտարարեն, թե ովքեր դեմ են գողի գործողություններին՝ նրանք գողություն են անում: Խնդալու է, բայց սա է պարոն Մինասյանի ասածի ողջ տրամաբանությունը: Այն, թե ինչու է Սերժ Սարգսյանը նախաձեռնել այս ամբողջ թատրոնը, վաղուց պարզ է բոլորին, նույնիսկ՝ ոզնուն: Նույնիսկ նրանց, ովքեր աջակցում են այդ փոփոխություններին՝ բովանդակային համաձայնության «ատմազկայով»: Պարզ է, որ Սերժ Սարգսյանի սիրտը չի ցավում երկրի ու ՀՀ քաղաքացիների բարեկեցության ու ապագայի համար, եւ նա էս ամբողջ թատրոնը մեզ համար չի նախաձեռնել: Եթե Սարգսյանի սիրտն իսկապես ցավեր, կամ նրա դարդը մենք լինեինք, նա ավելի հեշտ տարբերակ ուներ մեզ բոլորիս գոհացնելու՝ պարզապես կարող էր հայտարարել, որ հրաժարական է տալիս, ու վերջ: Հավատացեք, այդ պարագայում, անգամ էս ամենից հետո, ինչ Սարգսյանը բերեց մեր գլխին, ժողովուրդը նրան չէր «հոշոտի»: Բայց Սարգսյանը նման բան չի անում, երկու անգամ կեղծված ընտրություններով նախագահ է դարձել, երկու անգամ կեղծված ընտրություններով իր կուսակցության համար մեծամասնություն է ապահովել ԱԺ-ում, երկիրը կառավարում է միայն իր ու իր շրջապատի բարեկեցության համար, եւ այդքանից հետո դեռ մեզ ուզում են հավատացնել, թե կաղ բադիկի կարգավիճակում հայտնված մարդը որոշել է «գնալուց առաջ» մեզ լավություն անե՞լ: Չէ մի չէ: Այդ հեքիաթներին վաղուց հավատացող չկա:

Այնպես որ, Արծվիկ Մինասյանին խորհուրդ կտանք ավելի տրամաբանական ու խելամիտ վարկած հորինել՝ Սերժ Սարգսյանին իրենց ցուցաբերած աջակցությունն «արդարացնելու» համար: Կամ էլ՝ գուցե չհորինել: Պարզապես այնքան խիզախություն ունենալ, որ հրապարակավ տղամարդավարի ասեն՝ այո, աջակցում ենք Սարգսյանին, որովհետեւ նրա կողմից ենք: Ու վերջ: Այդպես ավելի ազնիվ կլինի:

Չնայած, մյուս կողմից, փաստորեն՝ անգամ Սարգսյանին աջակցողներն են հասկանում, թե ինչ նվաստացուցիչ է նրան աջակցելն ու խոստովանելը: Եւ փաստորեն, դեռ աքաղաղը երեք անգամ չկանչած՝ արդեն հրաժարվում են Սարգսյանից: Նրանք էլ հասկանում են, որ Սարգսյանին աջակցելը խարանի պես մի բան է, մի անգամ աջակցեցիր՝ վերջ, ամոթի այդ խարանը ընդմիշտ կմնա ճակատիդ: Հենց դրա համար էլ, աջակցելով Սարգսյանին՝ հայտարարում են, թե իրականում Սարգսյանի վերարտադրությանը կողմ են նրանք, ովքեր դեմ են փոփոխություններին: Ընկեր Արծվիկ, հասկանում ենք, որ դուք էլ եք հասկանում, որ Սարգսյանին աջակցելը ձեր ու ձեր կուսակցության քաղաքական կարիերայի վերջն է, ու հենց դրա համար եք փորձում նման անհեթեթություններ հայտարարել, բայց մի «բացահայտում» անենք. հասարակությանը նման «կտերով» չեք խաբի: Հասարակության աչքերում սարգսյանական ամոթի խարանն արդեն իսկ դաջված է ձեր ճակատին: