16.10.2015 12:11

Գրանորություն. «Բիթլզ» գիրք-ալբոմը

Գրանորություն. «Բիթլզ» գիրք-ալբոմը

Լինում են հազվադեպ ժամանակաշրջաններ, երբ Երիտասարդությունը համընկնում է գլխիվայր շրջված կամ ավելի ճիշտ՝ գլխին կանգնած Փոփոխության հետ: Էդ ժամանակ աշխարհը իր առանցքի շուրջ պտտվում է անժամանակ արագ, իսկ եթե ավելի ստույգ՝ ժամանակի միավորները միայն ընդունակ են լինում ֆիքսելու գլխապտույտների միջև ընկած միկրովայրկյան դադարները: Բերաններն իրար երգերով են կապվում: Ու երգերն էլ դառնում են գլխին կանգնած Փոփոխությունների բազմաձև ու բազմազան բազմադրոշները... Հետո ժամանակաշրջանը Փոփոխվելու փոխարեն փոխվում է, ու Երիտասարդությունը հաշտվում է շրջապատի տաքուկ թաղանթի հետ՝ հաճախ լսելով արդեն հին համարվող երգերը՝ առանց դրանց մեջ տեսնելու Փոփոխությունների բազմաձև ու բազմազան բազմադրոշները...

« HELP

(Լենոն, Մաքքարթնի) Լենոնի անձնական սիրելի երգերից մեկն է, որն ի սկզբանե հղացվել է իբրև դանդաղ, բոբդիլանական, ակուստիկ ստեղծագործություն, հետագայում հեղինակը նշում էր, որ ափսոսում էր նրա համար, որ երգն արդյունքում այդքան «բիթլականացվեց»: Բայց, չնայած դրան 'Help' -ը մնում է The Beatles-ի ամենասիրված երգերից մեկը: Սա նաև Լենոնի ամենախոր զգացմունքային ու անձնական տեքստ պարունակող երգերից է: Այն արտահայտում է Լենոնի անբավարարվածությունը սեփական անձով և կյանքով. «Դա իրականությունն է, այդ ես էի երգում «Օգնեցե՜ք», և ես իրապես դա էլ նկատի ունեի... Ինձ օգնություն էր անհրաժեշտ,-խոստովանում է հեղինակը և ավելացնում,-ես այդքան էլ չեմ սիրում այս ձայնագրությունը՝ մենք այն շատ արագ կատարեցինք՝ փորձելով կոմերցիոն լինել»:

«Անտարես» հրատարակչության կողմից հրատարակված «Բիթլզ» գիրք-ալբոմը անգլերենից Արտավազդ Եղիազարյանի թարգմանությամբ հարցրեք գրախանութներում: 

Խորագրի պատասխանատու՝ Հովհաննես Թեքգյոզյան: