16.10.2015 12:43

Այսօր ծնվել է Օսկար Ուայլդը՝ պսակազերծ հանճարը

Այսօր ծնվել է Օսկար Ուայլդը՝ պսակազերծ հանճարը

Ա՛խ, այս Օսկար Ֆինգալ Օ՛Ֆլայերթի Ուիլիս Ուայլդը (1854-1900), ա՛խ, այս իռլանդացի պատուհասը, այս ինքնասիրահարված պճնամոլը, այս արական սեռի Կոկո Շանելը, որի բարձրաճաշակ հագուստ-կապուստի ներկապնակն այնքան գունեղ էր եւ այնքան յուրօրինակ, որ նրան ընդօրինակող երիտասարդության մեծ բանակը որքան էլ շտապեր՝ չէր կարողանում հասնել նրա անսանձ երեւակայության հետեւից։ Ա՛խ, այս սրամտության ու ինտելեկտի անսպառ շտեմարանը, կնոջ եւ տղամարդու հմայքների լաբիրինթոսում  մոլորված այս դժբախտը...

Որտեղի՞ց սկսել եւ որտե՞ղ ավարտել հրավառությամբ սկսված, շքահանդեսներով շարունակված եւ շռնդալից գահավիժմամբ ավարտված այս մեծ գեղագետի կյանքի պատմությունը։

Գուցե առաջնորդվենք իր իսկ ապրած կյանքին տրված գնահատականո՞վ։ «Իմ կյանքում երկու մեծ բեկումնային պահ է եղել. մեկը՝ երբ հայրս ինձ ուղարկեց Օքսֆորդ՝ սովորելու, մյուսը՝ երբ հասարակությունն ինձ ուղարկեց բանտ»,- դառը հեգնանքով ասել է Ուայլդը։

Եվ իրոք, մինչ բանտարկությունը՝ «Դորիան Գրեյի դիմանկարը» վեպի հեղինակը չգիտեր՝ ինչ է անհաջողությունը։ Ապրում էր՝ ինչպես ուզում էր, ասում էր՝ ինչ ուզում էր, ժամանակի ազնվականությունը ձեռքից ձեռք էր խլում նրան, երեկույթների «գերաստղ» էր։ «Անպայման կգաք, այսօր այն իռլանդացի սրախոսն էլ է գալու»,- հրավիրյալին համոզելու համար, որ չբացակայի օրվա հավաքույթից, ահա այսպիսի գայթակղիչ փաստարկ էին բերում։ Խոսքի այս անզուգական վարպետը նաեւ հրաշալի հայր էր, եւ ըստ ժամանակակիցների՝ ոչ միայն հեքիաթներ էր գրում իր երեխաների համար, այլեւ ավելի շատ ժամանակ էր տրամադրում նրանց, քան նրա սալոնային զվարճանքների սիրահար կինը։

Թե որչափ սրամիտ էր Ուայլդը, բավական է հիշել, որ նույնիսկ նրա մահից 107 տարի անց՝ BBC-ի հարցման արդյունքներով՝ հասարակությունը հենց նրան է ճանաչել որպես Մեծ Բրիտանիայի «Ամենասրամիտ մարդ»՝ ետ մղելով Շեքսպիրին ու Չերչիլին: Իսկ ահա իր հռետորական մեծատաղանդությամբ փայլող մեկ այլ իռլանդացի դրամատուրգ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Բեռնարդ Շոուն խոստովանել է. «Օսկար Ուայլդի ներկայությամբ ես լռում էի, որովհետեւ նա ինձնից լավ էր խոսում»։

Մի խոստովանություն էլ հենց Ուայլդն է արել. «Հանճարս վատնեցի զրույցներում, տաղանդս տվեցի գրականությանը»։ Իսկ որ ինքը հանճարեղ է, նա նեղություն չէր քաշում որեւէ մեկից թաքցնել, եւ ցանկացած առիթով հիշեցնում էր դրա մասին։ Օրինակ, երբ ԱՄՆ մեկնեց, եւ մաքսատանը հարցրին, թե ինչ արժեքավոր իրեր ունի՝ հայտարարագրում նշելու համար։ Ուայլդի պատասխանը սա էր. «Ես ոչինչ չունեմ հայտարարագրելու, բացի իմ հանճարից»։ Իսկ նավից իջնելուց հետո «քար գցեց» նաեւ Ատլանտյան օվկիանոսի «բոստանը»։ «Պարոնայք,- ասաց նա,- օվկիանոսը հիասթափեցրեց ինձ, ամենեւին էլ այնքան վեհասքանչ չէր, որքան ինձ էր թվում»։ Իսկ ահա հարցին՝ հավանե՞ց Սան Ֆրանցիսկոն, քմահաճ այս չարաճճին պատասխանել էր. «Սա Իտալիա է, բայց՝ առանց արվեստի», ընկերոջն էլ գրել էր. «Ամերիկան արդեն քաղաքակրթեցի, մնաց՝ երկինքը քաղաքակրթեմ»։ Ահա այս Ուայլդի թեթեւ ձեռքով «քաղաքակրթված» երկրում մի ամերիկացի Ուայլդին առաջարկում է գրազով մրցել, թե ով ավելի մեծ սուտ կասի, եւ հենց ինքն էլ սկսել է. «Մի անգամ մի ամերիկացի ջենթլմեն...», եւ Ուայլդն ընդհատել է նրան. «Մի շարունակեք, դուք հաղթեցիք»։

Երբ Ուայլդին առաջարկում են ինչ-ինչ փոփոխություններ կատարել իր պիեսներից մեկում, նա տարակուսում է. «Ես ո՞վ եմ, որ համարձակվեմ վերաձեւել գլուխգործոցը»։

1883 թվականին հայտնի քաղաքական գործիչ Հենրի Լաբուշերը իր «Truth» շաբաթաթերթում Ուայլդին անվանել էր մոռացության մատնված «կնաբարո դատարկախոս»։ Այդ հարցազրույցին Ուայլդն այսպես էր արձագանքել. «Ապացուցելու համար, որ ես լիովին մոռացության եմ մատնված, եթե անհրաժեշտ է թերթի երեք սյունակ լցնել, ապա փառքի եւ մոռացության միջեւ տարբերություն չկա»։

Ուայլդին առաջարկել են հարյուր լավագույն գրքերի ցուցակ կազմել, պատասխանել է. «Դժվար թե դա հնարավոր լինի, ես ընդամենը հինգն եմ գրել»։

Ահա այսպես ապրում, ստեղծագործում, սրամտում, աջուձախ ծաղրում էր կյանքը տոն պատկերացնող մեր այս հմայիչ դենդին մինչեւ 1891-ի այն օրը, երբ հանդիպեց դուքս Քուինսբերիի երեսառած ու ամբարտավան որդուն՝ Ալֆրեդ Դուգլասին, եւ հենց դրանից հետո սկսվեց նրա գահավիժումը։ Նույնասեռականության մեղադրանքով Օսկար Ուայլդին ազատազրկեցին, եւ նրբակիրթ այս ինտելեկտուալը ստիպված եղավ երկու տարի ապրել կրկնահանցագործների եւ ոճրագործների կողքին։ Դեռ բանտում էր, երբ մահացավ նրա մայրը, կինը՝ երեխաների հետ արտագաղթեց երկրից, փոխեց երեխաների ազգանունը, որ ոչ ոք չիմանա, որ նրանք «սոդոմիստ» Օսկար Ուայլդի զավակներն են, ընկերների մեծ մասը երես թեքեցին նրանից, եւ բանտից դուրս եկավ մի մարդ, որը շատ քիչ բանով էր հիշեցնում նախկին Ուայլդին։ Հասկանալի պատճառով նա այլեւս չէր կարող ապրել Անգլիայում, փոխադրվեց Փարիզ, անվանափոխվեց ՝ Սեբաստիան Մելմոթ, գրեց «Ռեդինգյան բանտի բալլադը» եւ ընդամենը մի քանի հոդված, որոնք բանտային կյանքի բարելավման առաջարկներ էին։ Ի դեպ, 1898-ին իրոք ինչ-ինչ փոփոխություններ կատարվեցին բանտային օրենքներում, որտեղ տեղ էին գտել նաեւ Ուայլդի բազմաթիվ առաջարկները։

Ռուս բանաստեղծ Կոնստանտին Բալմոնտը մի անգամ տեսել է Ուայլդին փարիզյան փողոցներից մեկում՝ գլխահակ ու ընկճված, եւ տխրությամբ խոստովանել, որ տպավորությունն անչափ ճնշող էր. «Մայրամուտի երկինք, աշխույժ փողոց եւ այդ միայնակ մարդը՝ ճակատագրի սիրելին, պսակազերծ հանճարը, տաժանակրություն ապրած գրողը, որն այլեւս չի ուզում գրել, բառերի մեծահարուստը, որն այլեւս չի ուզում խոսել»։