17.10.2015 15:29

Այսօր ծնվել է Արթուր Միլլերը, կամ՝ խելքի տոպրակի ու ավազե ժամացույցի սերը

Այսօր ծնվել է Արթուր Միլլերը, կամ՝ խելքի տոպրակի ու ավազե ժամացույցի սերը

Երեւի գլխի ընկաք, որ խելքի տոպրակը Մերիլին Մոնրոյի վերջին ամուսին Միլլերն է, իսկ ավազե ժամացույցը՝ նրա շիկահեր կինը։ Այս հեգնանքի աղբյուրը լրատվամիջոցներն են։

Հաճելի բան չէ (շատ մեղմ ասած), երբ տաղանդավոր մարդուն, դրամատուրգին, որի պիեսները մեծ հաջողությամբ բեմադրվել են աշխարհի բազմաթիվ թատրոններում, էկրանավորվել են բազմիցս, եւ որը Պուլիտցերյան պատվավոր մրցանակ է ստացել իր ամենանշանավոր՝ «Շրջիկ վաճառորդի մահը» պիեսի համար՝ ավելի հաճախ հիշում են իր գեղեցկուհի տիկնոջ շնորհիվ, որի հետ ապրել է մոտավորապես հինգ տարի։ Բայց՝ ի՞նչ արած։ Ու՞մ համար է գաղտնիք, որ գիրք կարդացողներն անհամեմատ քիչ են բուլվարային բամբասանքների սիրահարներից։

Իսկ ահա հրեական ծագմամբ ամերիկացի դրամատուրգ Արթուր Միլլերի (1915-2005) վերոգրյալ պիեսը, վերոնշյալ մրցանակից բացի, մի շարք բեմադրությունների համար քանիցս ստացել է նաեւ «Տոնի» եւ «Դրամա Դեսկ» ոչ պակաս հեղինակավոր մրցանակները, բեմական իր հարուստ ճանապարհն սկսել է 1949 թվականին՝ Բրոդվեյից, երկար եւ մեծ հաջողություն վայելող կյանք է ապրել այդ նույն հռչակավոր Բրոդվեյում, յոթ անգամ արժանացել է կինոռեժիսորների ուշադրությանը, որոնք «Օսկար»-ներ ու «Ոսկե գլոբուս»-ներ են ստացել այս նույն Արթուր Միլլերի շնորհիվ, որն, ահա, դժբախտություն կամ երջանկություն է ունեցել իր կյանքի ինչ-որ շրջանում սիրելու եւ ամուսնանալու ամերիկացիների կուռք-կինոաստղի հետ։

Մինչ Մերիլին Մոնրոն՝ նա արդեն ամուսնացած էր Մերի Գրեյս Սլեթերիի հետ եւ միասին երկու երեխա էին մեծացնում։ Երկու երեխա էլ հետագայում մեծացրին երրորդ կնոջ՝ լուսանկարիչ Ինգա Մորատի հետ։ Եվ այս դեպքում էլ Միլլերի բախտը չի բերել. Նրա անունն այս անգամ էլ հաճախ հիշվում է իր դստեր՝ Ռեբեկայի շնորհիվ, որովհետեւ Ռեբեկան կինն է եռակի «Օսկար»-ակիր, չափն անցած գեղեցիկ Դենիել Դեյ Լյուիսի հետ, որին ոչ պակաս չափն անցած գեղեցկուհի Իզաբել Աջանին համարել եւ համարում է իր կյանքի ամենամեծ սերը։

Մայրանալու տենչը Միլլերի երկրորդ կնոջը՝ Մերիլինին դաժանորեն շրջանցեց։ Արտաարգանդային հղիությունը հանգցրեց թունելի վերջում երեւացող լույսը, եւ գուցե հենց դա՞ էր պատճառը, որ բաժանվեցին, ինչին էլ մեկ տարի անց հետեւեց Մերիլինի ինքնասպանությունը։

Նրա հուղարկավորությանն Արթուր Միլլերը ներկա չէր։ Հնարավոր է հենց սա է պատճառը, որ որոշ ԶԼՄ-ներ վրեժ էին լուծում՝ պատմելով, որ Միլլերը մանրախնդիր, ահավոր ժլատ մարդ էր, ռեստորանում երբեք ձեռքը գրպանը չէր տանում, եւ որ հենց ինքն է իր դաժանությամբ, անտարբերությամբ մեղավոր ավազի պես հեղհեղուկ թվացող, բայց հոգում բազմահատոր տխրություն պարփակած դժբախտ ու սիրելի Մոնրոյի մահվան համար։

Բայց ինչ էլ ասեն ու գրեն, աշխարհը շարունակում է բեմադրել եւ էկրանավորել Արթուր Միլլերի պիեսները, եւ ճիշտ էլ անում է։

Եթե խորանանք՝ հանճարներն ու տաղանդներն իրենց ստեղծագործություններից անդին ինչպես են ապրել եւ ինչպիսի բարոյական նկարագիր են ունեցել, եւ ըստ այդմ էլ կողմնորոշվենք, թե ում արժե կարդալ, կամ՝ ում կտավներով արժե հիանալ, այս գեղեցիկ աշխարհն այնքան կաղքատանա, որ պատկերացնելու դեպքում անգամ՝ Մերիլին Մոնրոյի օրինակին հետեւելու ցանկություն է առաջանում։