19.10.2015 12:06

Այսօր ծնվել է Խնկո Ապերը, չէ՝ Յուվենալը, չէ՝ Սեփ-սարը, չէ՝ Խեչո բիձան...

Այսօր ծնվել է Խնկո Ապերը, չէ՝ Յուվենալը, չէ՝ Սեփ-սարը, չէ՝ Խեչո բիձան...

Զարմացա՞ք։ Իզուր։ Հայ բանաստեղծ, առակագիր եւ թարգմանիչ Աթաբեկ Խնկոյանը (1870-1935) բազմաթիվ գրական կեղծանուններ է ունեցել։ Փորձենք թվարկել։ Սկսենք՝ Ախպեր, Յուվենալ, Ա. Խ. Աթիկ, Աթ., Խնկ., Անստորագր., Սեփ-սար, Խնկ. Աթ., Գյուղացի, Գյուղթղթակից, Խեչո բիձա, Քեռի Պողոս, Մարտնչող, Խնկոյան Աթանես եւ իհարկե՝ Խնկո Ապեր։

Հուսանք, ոչ մի անուն չմոռացանք։ Թե ինչու է մեր փոքրիկների սիրելի Ապերը գրական կեղծանունների նկատմամբ այսպիսի ակնհայտ թուլություն ունեցել, հայտնի չէ։ Հայտնի չէ նաեւ, թե նրա կենսագիրներն ինչու են այսպես ջանասիրաբար թվարկել բոլոր կեղծանունները, բայց համեստորեն լռել են այն մասին, թե, օրինակ, ովքեր են եղել Լոռու մարզի Ղարաբոյա (այժմ՝ Խնկոյան) գյուղում ծնված Խնկո Ապոր ծնողները, միա՞կ զավակ է, թե՝քույր-եղբայր ունի, կին ու երեխաներ ունեցե՞լ է, սիրե՞լ է կնոջը, թե՞ «նամուսի ձեռը կրակն ընկած» ապրել է մի հարկի տակ ողջ կյանքը, խմիչքի նկատմամբ թուլություն ունեցե՞լ է, թե՞ միայն աղբյուրի զուլալ ջուր է խմել կամ սառը թան, թե՝ ոչ կերել է, ոչ՝ խմել, «իր ողջ կյանքը նվիրել է երեխաներին ու գրականությանը»՝ ինչպես սիրով պնդում են բոլոր էլեկտրոնային հավաստի աղբյուրները։ Կամ՝ ինչու՞ է Հայաստանում տասը տարի ուսուցչություն անելուց հետո փոխադրվել Թբիլիսի ու մեկ էլ՝ տասը տարի հետո նորից վերադարձել Հայաստան։

Ամեն դեպքում, թեկուզեւ առանց կենսագիրների օգնության՝ դժվար չէ հետեւություն անել, որ Աթաբեկ Խնկոյանը սիրելի մարդ է եղել իր ընկերների համար, որովհետեւ հենց նրանք են Խնկո Ապեր կեղծանվան ակամա հեղինակները։ Վերջիվերջո՝ ամեն մեկի «ապեր» չես ասի։ Ստեղծագործություններն էլ հուշում են, որ մեր սիրելի մանկագիրն ահագին սրամիտ է եղել։

Իսկ որ տաղանդավոր առակագիր էր Խնկո Ապերը եւ եթե միայն «Մկների ժողովը» գրեր ու ձեռքերը ծալեր-նստեր, միեւնույն է՝ կարող էր իր անմահությունն ապահովված համարել ճառ ասող ու զանգ չկախող «մկների» պակասություն չքաշող մեր երկրում, դժվար թե հակաճառողներ լինեն։ Էլ չասենք, որ «Ուժն է ծնում իրավունք»-ի հետեւորդներից է։ Վկան՝ «Գայլն ու գառը» առակը. «Ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր»։

Նաեւ՝ սիրուն բանաստեղծություններ է գրել։

Ահավասիկ։

Առավոտը

Լույսը լույսով շողշողաց,

Երգը հնչեց սոխակի,

Շողը շողով դողդողաց,

Շուտով արեւ կծագի։

Արշալույսի ցոլքերը

Շապիկ հագան ծիրանի,

Տեսան, թռան հավքերը,

Նրանց հազա՛ր երանի։

Դաշտի քնքուշ ծաղիկը

Բացեց թեւեր բուրավետ,

Եվ վաղորդյան շաղիկը

Երկինք թռավ շողի հետ։

Ու բարձրացավ թանձր մեգ

Գետի փրփուր ջրերից,

Ջրին ասավ մի եղեգ.

-Տե՛ս, լու՜յս ծագեց վերեւից։

Լավն է, չէ՞։