19.10.2015 13:11

Խմբագրական. Դեկտեմբերի 6-ին հաջորդելու է դեկտեմբերի 7-ը

Խմբագրական. Դեկտեմբերի 6-ին հաջորդելու է դեկտեմբերի 7-ը

Եվ այսպես, քանի որ արդեն պարզից պարզ է, թե ինչ ուժեր են աջակցում Սերժիկ Սարգսյանի վերարտադրման նպատակով հանրաքվեի արդյունքներին սպասող Սահմանադրության փոփոխությանը, ինչ ուժեր են պատրաստվում պայքարել, որ սրանց նպատակը չիրականանա, եւ ինչ ուժեր էլ իրենց «վերին արտի ցորեն» են հայտարարել եւ կողքից «մեծահոգաբար» գնահատականներ են տալիս «Ոչ»-ի ճակատին եւ իրենց անգործությունը պատճառաբանում մոտավորապես այսպես. «Դե, հասկանում եք, էլի, մենք դեռ չենք տեսնում այն ծրագիրը, որին արժանի կհամարենք միանալ, եւ քանի որ դեռ չենք տեսնում, քուջուջ ենք անում, գլուխներս պահում»։

Իսկ դեկտեմբերի 6-ը մոտենում է։ Այս դեկտեմբերի 6-ին հաջորդելու է դեկտեմբերի 7-ը։ Վստահ եմ, չարժե հիշեցնել, թե դա ինչ օր է։

Հիմա եկեք պատկերացնենք, որ Սերժիկ Սարգսյանին, իր ավազակախմբին եւ հացկատակներին հաջողվում է աղաղակող ընտրախախտումներով (այլ կերպ՝ հասկանալի է, որ սրանց նախաձեռնությունը պետք է տապալվի) հանրաքվեն կայացած համարել։ Բնական է, որ դրանից հետո հասարակությունը հենց հաջորդ օրը դուրս կգա փողոց եւ կպահանջի անվավեր ճանաչել հանրաքվեն։

Մյուս տարբերակն էլ պատկերացնենք. Սերժիկ Սարգսյանին, իր ավազակախմբին եւ հացկատակներին չի՛ հաջողվում աղաղակող ընտրախախտումներով հանրաքվեն կայացած համարել։ Այս դեպքում էլ բնական է, որ դրանից հետո՝ հաջորդ օրը ոգեւորված հասարակությունը դուրս կգա փողոց՝ տոնելու իր հաղթանակը։

Այսինքն, երկու դեպքում էլ՝ հաջորդ օրը հասարակությունը դուրս է գալու փողոց, երկու դեպքում էլ հասարակության խնդիրը հանրաքվեն է լինելու։

Իսկ հաջորդ օրը, նորից հիշենք՝ դեկտեմբերի 7-ն է։ Այդ օրը՝ 1988-ից ի վեր՝ Հայաստանում հիշում ենք միայն ահավոր երկրաշարժն ու մեր տասըհազարավոր անմեղ զոհերին։

Եվ ուրեմն, հասարակությունը դուրս է գալիս փողոց բոլորովին այլ խնդրի մտահոգությամբ, եւ հեռուստաէկրաններին հայտնվում են «իրեք մանեթանոց» ողբացյալները՝ Մարգարիտ Եսայանի կերպարանքով ու պարունակությամբ եւ հինգերորդ դասարանի հուզաթաթախ աշակերտի «չորսից հանած» մակարդակի շարադրություններ կարդում ընդդեմ այն «սրբապիղծների», որոնք սգի օրն, ահա, մեր սիրելի անմեղ զոհերի համար ողբալու փոխարեն դուրս են թափվել փողոցները...

Պատկերացրի՞ք։

Եթե՝ այո, ուրեմն, մինչեւ հիմա եթե դեռ չհասկացողներ մնացել էին, թե ինչ ճղճիմ եւ իրոք՝ սրբապիղծ մարդուկներ են նստած վերին օղակներում, որոնցից օր առաջ պետք է ազատվել, հուսով եմ՝ գոնե հիմա հասկացան։

Լիզա Ճաղարյան