19.10.2015 16:40

Անգոլացի ընդդիմադիր. «Եթե ինձ հետ ինչ-որ բան պատահի, մեղավորը նախագահն է»

Անգոլացի ընդդիմադիր. «Եթե ինձ հետ ինչ-որ բան պատահի, մեղավորը նախագահն է»

Անգոլայում հայտնի ռեփ երգիչ և գործող իշխանությունների քննադատ 33-ամյա Լուատի Բեյրաոն, որ մեկ ամիս առաջ հացադուլ է հայտարարել, բաց նամակ է գրել, որում հայտարարել է, որ եթե իր հետ ինչ-որ բան պատահի, դրանում մեղավոր կլինի երկրի նախագահ Ժոզե Էդուարդ դուշ Սանտուշը:

Նամակը հրապարակվել է ընդդիմադիր գործչին բանտի հիվանդանոցից մասնավոր կլինիկա տեղափոխելուց հետո:

Բեյրաոն և իր 14 ընկերները արդեն գրեթե չորս ամիս ճաղերի հետևում են առանց դատ-դատաստանի: Նրանք ձերբակալվել են հունիսի 20-ին, բողոքի խաղաղ ցույցի ժամանակ պետական հեղաշրջման փորձ կատարելու մեղադրանքով: Ցուցարարները պահանջում էին նախագահ դուշ Սանտուշի հրաժարականը, որն իշխանության ղեկին է արդեն  36 տարի:

Լիսաբոնում անցյալ շաբաթ ցույցեր են տեղի ունեցել անգոլացի բոլոր քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով: Պորտուգալիան 1975 թ. անկախություն հռչակած Անգոլայի նախկին մետրոպոլիան է:

Լուատի Բեյրաոն հացադուլ է հայտարարել՝ արտահայտելով իր բողոքն անօրինական ձերբակալության դեմ: Տասն օր առաջ հացադուլին միացել է նաև խմբի մեկ այլ անդամ, որին, զինակիցների խոսքով, դաժան ծեծի են ենթարկել: Փոխանցում է euronews-ը: