20.10.2015 11:24

Այսօր ծնվել է Արթյուր Ռեմբոն, կամ՝ հարբած նավը

Այսօր ծնվել է Արթյուր Ռեմբոն, կամ՝ հարբած նավը

Գրականության Քրիստափոր Կոլումբոս, նոր մարգարե, ասուպ, հրեշտակ եւ միաժամանակ՝ դեւ, կանաչ աչքերով հրեշ... Սրանք այն բազմաթիվ բնորոշումներից ընդամենը մի քանիսն են, որ հնչել ու գրվել են Արթյուր Ռեմբոյի (1854-1891) մասին։ Բայց ով էլ ինչ ասեր կամ գրեր, ոչ ոք հարցականի տակ չի դրել նրա հանճարեղությունը։

Ասում են՝ ժամանակակից ֆրանսիացի բոլոր բանաստեղծները կրել են նրա ազդեցությունը։ Ասում են՝ 20-րդ դարի ֆրանսիական պոեզիան ամեն ինչով պարտական է Ռեմբոյին, եւ մինչ օրս ոչ ոք չի կարողացել գերազանցել նրան։ Ասում են՝ այս անչափահաս խենթը հեղափոխություն արեց ֆրանսիական տաղաչափության մեջ։ Ասում են՝ նրա անսանձ վարպետությունը գլխիվայր շրջեց ֆրանսիական պոեզիայի ընդունված ավանդույթները։ Ինքն էլ էր հավատում, որ դրանց ավերումը տանում է նոր, արտասովոր իրականություն. Բանաստեղծը դառնում է Արարիչ, Աստծուն հավասար, եւ նրա առջեւ բացվում է Անհայտը։ Աստծուն չէր հավատում։ Ռեմբոյի համար Աստված հոմանիշն էր Պարտավորության, Կարգուկանոնի, Շղթաների, այն ամենայն չարի, ինչ ինքն ատում էր։ Ռեմբոյի մանկության տարիների իդեալը տաժանակրություն կրող մարդն էր։ Նա զմայլված էր այդ անուղղելի մեղսագործով, որի դեմ դուրս էր եկել աշխարհը, եւ միայն նա էր միայնակ ընդվզել բոլոր օրենքների եւ պատվիրանների դեմ։ Ռեմբոն ուզում էր լինել նրա նման ուժեղ, հպարտ եւ թշվառ։

Ֆրանսիայի Շառլվիլլ քաղաքում ծնված այս խառնիխուռն մազերով տղուկի առանձնահատուկ լինելը նրա դպրոցական ուսուցիչն արդեն իսկ նկատել էր. «Նա խելացի է, բայց ինձ մի տեսակ դուր չեն գալիս նրա հայացքն ու ժպիտը։ Նրա վերջը վատ է լինելու. սովորականը նրա գլխում չի տեղավորվում։ Նա հանճար է, բայց չգիտեմ՝ բարի, թե չար»։

Իսկ այս պատանին դպրոցի լավագույն աշակերտն էր, հաղթում էր բոլոր մրցույթներում, նրա շարադրությունները տպագրվում էին ամսագրերում, գրական մրցանակների էին արժանանում։ Նա տանջալի հետեւողականությամբ ինքնակրթվում էր օրուգիշեր, գիտելիքների նկատմամբ նրա ձգտումը խելահեղության էր հասնում։ Արթյուրը փակվում էր պահարանի մեջ, որ ոչ ոք չխանգարի իրեն, եւ 24 ժամ շարունակ կարդում էր, լեզուներ էր սովորում։

Սա տեւեց մինչեւ 15 տարեկանը։ Իր ծննդավայրը շատ նեղ, քաղքենի ու անգույն էր գրական աշխարհը ցնցելու պատրաստ Ռեմբոյի համար։ Եվ սկսվեց նրա փախուստների շարանը։ Առաջին փախուստը 1870-ի օգոստոսի 29-ին էր։ Գնացքով հասավ Փարիզ, որտեղ էլ ձերբակալվեց՝ տոմսի համար բավարար փող չունենալու պատճառով, եւ Մազաս բանտից նրան հանեց իր սիրելի ուսուցիչ Իզամբարը։ Դիմացավ ընդամենը երկու ամիս։ Երկրորդ անգամ ճամփա ընկավ Բելգիա, կես ամսից ավելի թափառեց այդ երկրում, բայց հետախուզում հայտարարած նրա խստաշունչ մորը հաջողվեց գտնել որդուն, եւ ոստիկանությունը Արթյուրին տուն վերադարձրեց։ Երրորդ անգամ փախավ հինգ ամիս հետո, 12 օր թափառեց Փարիզում ու ոտքով վերադարձավ իր ատելի Շառլվիլլ։ «Ոտքով»-ը ընդգծենք։ Ժամանակակից բառապաշարով Ռեմբոյի մասին կարելի է ասել՝ երդվյալ հետիոտն։ Ճանապարհներին, իհարկե, նստում էր պատահաբար հանդիպած փոխադրամիջոցները, ուղեվարձի փոխարեն՝ հենց տեղում հորինած պատմություններով շլացնում էր ունկնդիրներին, բայց միեւնույն է՝ այդ 15-16-ամյա պատանուն չէին վախեցնում երկարուձիգ ճանապարհները, ինչպես որ չվախեցրեց արվեստի ու գրականության մեղվանոց, երեսառած Փարիզը։ Հակառակը՝ ինքը աղմուկով մտավ Փարիզ, իր սանձարձակ ըմբոստությամբ ու տորնադոյի պես հզոր պոեզիայով ցնցակաթվածի հասցրեց ողջ գրական աշխարհը, ընդամենը հինգ տարվա ստեղծագործությամբ ապահովեց իր անմահությունն ու 19 տարեկանում հեռացավ՝ մնացած ողջ կյանքն այլեւս բանաստեղծություն չգրելու անխախտ որոշմամբ, որովհետեւ ինքը հավատում էր, որ հնարավոր է պոեզիայով աշխարհը վերափոխել, բայց պարզվեց՝ հնարավոր չէ։

Իր ընկերներից մեկին 1871-ի մայիսին Ռեմբոն գրում է. «Բանաստեղծը դիմում է սիրո, տառապանքի, խելահեղության բոլոր ձեւերին։ Նա որոնում է ինքն իրեն, իր վրա փորձում է բոլոր թույները, որպեսզի թողնի միայն դրանց բուն էությունը։ Դա անտանելի տառապանք է, բանաստեղծից պահանջվում է գերբնական հոգու ուժ, բայց դրանից հետո նա կդառնա մեծագույն հիվանդ, մեծագույն հանցագործ, մեծագույն նզովյալ եւ մեծագույն Գիտնական։ Որովհետեւ կհասնի անիմանալիին»։

Չհասավ անիմանալիին։ Հասավ Մերձավոր Արեւելք, պոեզիան փոխարինեց առեւտրով, մի օր էլ իր գրպանի ողջ պարունակությունը տվեց 16 բեռնակիրների, որ պատգարակով հասցնեն իրեն Ֆրանսիա։ Ճակատագրի հեգնանքով չարորակ ուռուցքը «երդվյալ հետիոտնի» հենց  ոտքն էր ընտրել «բնակության» համար, եւ Մարսելում բժիշկները կտրեցին Ռեմբոյի ոտքը։ Նրանք, իհարկե, չգիտեին, որ սարսափելի ցավերից տառապող մահամերձը Ֆրանսիայի ամենամեծ բանաստեղծն է։ Եղբորը խնամող Իզաբելը հետագայում պատմել է, որ հոգեվարքի ճիրաններում զառանցելիս եղբայրն սպասում էր ինչ-որ նավի, որը պետք է տաներ իրեն եւ մրմնջում էր ինչ-որ տարօրինակ բառեր, որոնք բանաստեղծություն էին հիշեցնում։ Գուցե Ռեմբոն հիշել էր իր «Հարբած նավը» պոե՞մը եւ վերջին պահին հաշտվե՞լ էր Բանաստեղծության հետ...

37-ամյա Արթյուրին հողին հանձնեցին իր չսիրած Շառլվիլլում։ Դագաղի հետեւից գնում էին երկու մարդ՝ մայրը եւ քույրը։ Եվ տարօրինակ չէ, որ նրա մահից տասը տարի հետո՝ 1901-ին, երբ պետք է վեր հառներ նրա հուշարձանը, եւ մորը հրավիրում են հուշարձանի բացման արարողությանը, նա հրաժարվում է գնալ։ Արթյուր Ռեմբոյի մայրը կարծում է՝ ինչ-որ մեկը չար կատակ է անում։

Հարբած նավը

(հատված պոեմից, թարգմանությունը՝ Գուրգեն Գասպարյանի)

Քանզի չկային իմ նավազները, ես անղեկավար ու ամայացած,

Խաղաղ, անվրդով գետերի հունով հոսանքին գերի լողում էի ցած,

Նրանց կատաղի ճիչ ու գոռոցով կարմրամորթները լլկեցին դժնի

Ու մերկացնելով, սյուներին գունեղ, որպես նշավակ գամեցին բռնի։

Ու ես անտարբեր, անտարբեր բոլոր հսկա նավերի հանդեպ անխտիր,

Թե՛ ֆլամանդական ցորենի բեռով, թե՛ անգլիական բամբակով ընտիր,

Ողբում էի լուռ, երբ մարում էին աղաղակները իմ նավազների։

Ու լողում էի՝ ուր որ ցանկանամ՝ հեռու ափերից ու ավազներից...

Տառապող լույսի զառանցանքի մեջ ու կապտությունով ներկվելով հանկարծ,

Օրվա դանդաղկոտ ռիթմերի բոլոր կարմրությունների ծիրանին հագած,

Թունդ ալկոհոլից ավելի զորեղ, հնչուն ավելի, քան ձեր երգերը,

Այնտեղ հածում են, հածում են անվերջ սիրո շիկագույն դառնությունները...

Ես տեսել եմ, թե ինչպես է իջնում միստիկ սարսափով արեւը անքուն՝

Լուսավորելով անվերջանալի սառնությունները մանուշակագույն,

Ուր, նման անտիկ դերասաններին, որոնք ողբակոծ մեռնում են դանդաղ,

Ալիքներն էին իրենց սարսուռի վարագույրները իջեցնում հանդարտ...

Ինձ՝ բեեւռներից ու գոտիներից արդեն ձանձրացած ճգնավորիս խեղճ,

Ծովը երբեմն իր հառաչանքով ճոճում էր փափուկ ալիքների մեջ

Եվ ցույց էր տալիս թեթեւաբարո դեղնությունների խաղիկները սեւ,

Եվ ես ապշահար քարանում էի, ինչպես որ կինը խորանի առջեւ։

Այդպես, համարյա մի կղզու նման, տատանում էի ափերին ես իմ

Ճերմակ աչքերով չար թռչունների ծերտը կուտակված ու վեճերը սին,

Եվ երբ լողացի, ջարդուխուրդ եղան իմ ամրակները փտած ու փխրուն,

Ջրահեղձներն էլ մեծ հետույքներով իջան քնելու իմ նկուղներում։

Ես՝ մոլորյալս, խճճվում էի ծովախորշերի վարսերում անկարգ,

Փոթորիկները ինձ նետում էին եթերների մեջ անթռչուն, դատարկ,

Եվ եթե մի օր հարբած ծովերում անցնեմ ջրի տակ արդեն հոգնաբեկ,

Իմ մասին ոչ մի լողացող տախտակ չի հիշի երբեք, չի հիշի երբեք...

- Օ՜, թող փշրվի իմ ողնափայտը, ջարդուխուրդ լինի... ես ծով դուրս կգամ...

Արթյուր Ռեմբոն ասել է. «Իմ առավելությունը մյուսներից այն է, որ ես սիրտ չունեմ»։ Այդպե՞ս էր արդյոք։ Հապա որտեղի՞ց էր ժայթքում նրա տանջալի ինքնակեղեքումը։

Հ.Գ. Երեւի տարակուսեցիք, որ ոչ մի տող չգտաք Ռեմբոյի եւ Պոլ Վեռլենի հարաբերությունների մասին։ Իսկ իմաստ ունե՞ր։ Ով շատ թե քիչ ծանոթ է նրա Ստեղծագործությանը, ուրեմն՝ քաջատեղյակ է այդ պատմությանը։