20.10.2015 11:40

Խմբագրական. 7 մոր կաթ ուտողները

Խմբագրական. 7 մոր կաթ ուտողները

Մինչ Սերժ Սարգսյանի եւ յուր փեսայի (բարձր ու ցածր) հովանու ներքո գտնվող մամուլը տարփողում էր, թե Տիգրան Սարգսյանը արեւմտամետների արեւմտամետն է, քանզի-վասնզի հայացքն ուղղված է դեպի արեւմուտք, իսկ նա էլ հայտարարում էր, թե քանի որ Հայաստանը ԵՏՄ անդամ երկրների հետ ընդհանուր սահման չունի, հետեւաբար՝ անիմաստ է այդ կառույցին Հայաստանի անդամակցությունը, Սերժ Սարգսյանը հայտարարեց  Հայաստանի` ԵԱՏՄ անդամակցության մասին: Ու չնայած մյուս Սարգսյանը` Տիգրանը, կարծում էր, թե ընդհանուր սահմանը խոչընդոտ է անդամակցությանը, միանգամից ինքն էլ փոխեց յուր հրապարակային կուրսն ու թե բա` ճիշտը ԵՏՄ-ն է: Հետո քաղաքական ճնշումների արդյունքում Տիգրան Սարգսյանը պաշտոնանկ արվեց, ու չնայած արդեն (ըստ փեսայական մամուլի) արեւմտամետ չէր այնքան, Սերժ Սարգսյանի կողմից նշանակվեց ԱՄՆ-ում ՀՀ դեսպան: Ու պարզվեց, որ Սարգսյանը` Տիգրան, կրկին արեւմտամետ է՝ հայացքը հառած Արեւմուտքին: Բայց մեկ էլ ու հանկարծ՝ տեղի է ունենում ԵԱՏՄ գագաթնաժողովը, ու քանի որ 2016-ից Հայաստանն է նախագահելու այդ կառույցը, Սերժ Սարգսյանը Եվրասիական տնտեսական միության գործադիր մարմնի՝ Եվրասիական  տնտեսական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջարկում է ո՞ւմ. իր օֆշորագետ ու արեւմտամետ Տիգրան Սարգսյանին:

Ու այստեղ, ահա, փեսայական մամուլը գերազանցեց ինքն իրեն. պարզվեց, ուրեմն, որ այդ ամենը պատահականություն չէ: Տիգրան Սարգսյանի նշանակմանը տրվեց գլոբալ-աշխարհաքաղաքական-տարածաշրջանային նշանակություն: Թե բա՝ չիմացաք, էդ Պուտինն է նշանակել Տիգրան Սարգսյանին (Smile): Բայց դա էլ մի կողմ: Պուտինը, պարզվում է, օֆշորագետին նշանակել է` Արեւմուտքի հետ իր հարաբերությունները կարգավորելու համար: Չէ, դուք պատկերացրեք մի պահ. Պուտինը գցել-բռնել է ու եկել  այն եզրակացության, որ Արեւմուտքի հետ իր հարաբերությունները կարող է փրկել միայն մեկ մարդ, եւ այդ մեկ մարդը Տիգրան Սարգսյանն է: Թան էլ չէ` բրդած մածուն: Անհասկանալի է միայն, որ եթե իրոք աշխարհում կա այդպիսի մի մարդ, ով կարող է միայնակ կարգավորել Ռուսաստան-Արեւմուտք հարաբերությունները, եւ դա հենց ինքը օֆշորագետն է (մարդու խնդալ է գալիս), ապա ինչո՞ւ մինչեւ հիմա նրան Խաղաղության Նոբելյան մրցանակ չեն տվել: Հասկանալի է, որ փեսայական մամուլը չի կարող բաց տեքստով գրել, թե բա՝ մեր շեֆն ուղղակի իր սիրելի օֆշորագետ պրոտեժեին միշտ ձեռքի տակ է պահում,  դրա փոխարեն՝ այդ պարզագույն նշանակումը միջգալակտիկական հարթություն են տանում: Բայց դե ամոթն էլ է լավ բան, տրամաբանությունն էլ: Կարելի էր ավելի տրամաբանական մի բան հորինել, թե չէ էսպես, իրենց շեֆի ասած` մի քիչ սիրուն բան չի ստացվում:

Կամ, ավելի ճիշտ` այնքան խնդալու է ստացվում, որ անհնար է նույնիսկ տրամաբանական հակափաստարկներ ներկայացնելը: Դա նույնն է, թե ասեին՝ սեպտեմբերի 3-ից առաջ այլմոլորակայինները գերի են վերցրել Սարգսյաններին ու ստիպել մտնել ԵՏՄ, ու հիմա էլ նույն այլմոլորակայինները եկել շշնջացել են Պուտինի ականջին, թե բա չիմացար` քո միակ փրկությունը Սարգսյաններն են, որ կամուրջ կհանդիսանան քո և Արեւմուտքի միջեւ:

Իսկ իրականում որեւէ անսպասելի բան տեղի չի ունեցել: Տիգրան Սարգսյանի նշանակումը պարզ արտացոլանքն է այս իշխանությունների վարած քաղաքականության`թե՛ ներքին, թե՛ արտաքին: Ոմանք խոսում են գառան` երկու մոր կաթ ուտելու մասին, իսկ սրանք երկու էլ չէ՝ յոթ մոր կաթ են ուտում, երբ դա պետք է իրենց (իրենց` ոչ թե պետությանը): Սրանք, որ պետք է, առաջին հերթին՝ որպես իշխանություն՝ հայաստանամետ լինեին, այդպիսին չեն, քանզի թքած ունեն Հայաստանի վրա, սրանք, երբ իրենց պետք է՝ արեւմտամետ են, երբ պետք է` ռուսամետ, երբ պետք է` ամերիկամետ կամ չինամետ:

Սրանց համար ոչ մի տարբերություն չկա, միայն թե շահ ունենան իրե՛նք, իրե՛նց իշխանությունը երկարացնելու ձեւ լինի, եւ եթե այդ հնարավորությունը լինի, ինչամետ ուզես՝ կդառնան: Հայտնի սպայի պես, որ ե՛ւ կարմիրների, ե՛ւ սպիտակների ուսադիներ ունի, եւ ամեն անգամ հանգիստ փոխում է դրանք, որովհետեւ թեեւ սպա է դարձել, բայց սպա չէ էությամբ եւ չգիտի` ինչ ասել է սպայական պատիվ: