21.10.2015 13:06

Այսօր ծնվել է Ալֆրեդ Նոբելը, կամ՝ մաքուր եղունգներով «մահվան արքան»

Այսօր ծնվել է Ալֆրեդ Նոբելը, կամ՝ մաքուր եղունգներով «մահվան արքան»

1864 թվականի սեպտեմբերի 4-ին ինչ-որ բան է պայթում Սթոքհոլմում, եւ զոհվում են մի քանի մարդ, որոնցից մեկը Էմիլ-Օսկարն էր՝ դինամիտի գյուտարար Ալֆրեդ Նոբելի (1833-1896) կրտսեր եղբայրը։ Նա ընդամենը քսան տարեկան էր։ Այդ ողբերգությունից հետո Նոբելի հորը կաթված է խփում, եւ նա ութ տարի գամված է մնում մահճակալին։

Իսկ այս անիծյալ դինամիտն իր ստեղծման օրից մինչեւ հիմա միլիոնավոր մարդկանց կյանք է խլել եւ կշտանալու միտք չունի։

Հենց այդ նույն դինամիտի շնորհիվ հսկայական կարողության տեր դարձած Նոբելը, սակայն, անչափ բարի մարդ էր եւ նույնիսկ՝ պացիֆիստ։ Իր հարստության «համուհոտը» չէր զգում, ապրում էր սպարտացու պես, չէր ծխում, չէր խմում, զվարճանքներից ու մոլախաղերից յոթ սարուձոր հեռու էր եւ չնայած բարեկազմ, կապտաչյա տղամարդ էր՝ նույնիսկ կանանց հարցում բախտը չէր բերում։

Նրա առաջին սերը դեղատան աշխատող էր, սեւաչյա մի գեղեցկուհի, որը շուտով մահանում է թոքախտից, եւ ասում են՝ Նոբելը վշտից երկար տարիներ ուշքի չի գալիս։ 43 տարեկանում Վիեննայում սիրահարվում է 20-ամյա ծաղկավաճառ Սոֆիին եւ իր հետ տանում Փարիզ։ Նրա համար բնակարան է վարձում իր տան հարեւանությամբ, կատարում է բոլոր քմահաճույքները։ Այս գեղեցկուհին, ավաղ, սնամեջ էր, անկիրթ ու ծույլ։ Նոբելն ուսուցիչներ է վարձում, որ այս տիկնիկին մի քիչ կրթեն, բայց հպարտությամբ ամեն տեղ «տիկին Նոբել» ներկայացող Սոֆին հասկացնում է, որ «հիմար բաներով» զբաղվելու ցանկություն չունի։ 15 տարվա սիրային կապից հետո ահա այս «տիկին Նոբելն» աղջիկ է ծնում... մի հունգարացի սպայից։ Նոբելը բաժանվում է նրանից առանց աղմուկի եւ նույնիսկ չի մոռանում համապատասխան գումարով ապահովել ապերախտ սիրուհուն։ Բայց Սոֆի դու Սոֆի, ինքը սովոր է շռայլորեն աջուձախ ծախսել եւ անընդհատ լրացուցիչ գումար է պահանջում Նոբելից։ Ավելին, չորս տարի հետո ամուսնանում է իր երեխայի հոր հետ, եւ «պահանջատեր» է դառնում նաեւ նրա ամուսինը։ Նոբելը չի մերժում ո՛չ Սոֆիին, ո՛չ նրա ամուսնուն։ Նույնիսկ նրա մահից հետո Սոֆին պահանջում է եկամտի ավելացում՝ սպառնալով, որ հակառակ դեպքում կհրապարակի Նոբելի սիրային նամակները, եւ կտակակատարները ստիպված են լինում գնել այդ նամակներն ու ավելացնել Սոֆիի «թոշակը»։ 

Հաջորդը Բերտա Կինսկին էր, որը, սակայն, գերադասեց ամուսնանալ բարոն Ալբերտ ֆոն Զուտների հետ։ Նրանց բարեկամությունը, սակայն, չընդհատվեց։ Խաղաղության համար ակտիվորեն պայքարող այս կնոջ հետ Նոբելը երկարամյա նամակագրական կապ ուներ, բայց այդ նամակներում սիրային հարցեր չէին քննարկվում, թեման այդ նույն խաղաղությունն էր, եւ հետագայում՝ 1901-ին, Բերտա ֆոն Զուտներն արժանացավ Նոբելյան մրցանակի՝ հենց այդ նույն «թեմայի» համար։

Ասում են՝ մի շրջան հմայվել է նաեւ հռչակավոր Սառա Բեռնարով, նրան հրավիրել է ռեստորան, բայց ներքին ձայնը կողքից ասել է. «Էս ի՞նչ ես անում, ա՛յ Ալֆրեդ, քեզ ընտանեկան օջախի կին է պետք, մեծ դերասանուհին բա ընդունա՞կ է նման սխրանքի»։ Նրա մտատանջության վերջակետը դրել է հարազատ մայրը։ Նոբելը նամակ է գրել սիրելի մորը, խնդրել է մի խորհուրդ տալ՝ դերասանուհուց օջախի կին կստացվի՞։ Դե՛, մայրն էլ հանգամանալից եւ բովանդակալից պատասխանել է սիրելի որդուն, եւ այդ հանգամանալից ու բովանդակալից պատասխանը կարճ ու կոնկրետ սա էր. «Չէ, ա՛յ տղա ջան, իհարկե՝ չի ստացվի, էդ դերասանուհիները հոգի չունեն»։

Իսկ ահա այն «հեքիաթը», թե Նոբելն իր կտակում մրցանակներ է նախատեսել քիմիկոսների, ֆիզիկոսների, բժիշկների, խաղաղության մարտիկների ու գրողների համար, իսկ մաթեմատիկոսներին չի հիշատակել, որովհետեւ իր կինն «անհավատարիմ գտնված է յուր պաշտոնին մեջ», սիրեկանն էլ մաթեմատիկոս է եղել, Նոբելն էլ ասել է. «Ախ, էդպե՞ս... Դե ուրեմն՝ շանը կտամ, գիլին կտամ, էդ մաթեմատիկոսներին մի քոռ հատիկ չեմ տա»՝ չար կատակ է, որովհետեւ Նոբելը երբեք չի ամուսնացել, երեխաներ չի ունեցել։ Մի պատմություն էլ կա. իբր՝ Նոբելն ու հայտնի շվեդ մաթեմատիկոս Միտտագ-Լեֆֆլերը սիրել են նույն աղջկան, բայց աղջիկը նախընտրել է երիտասարդ մաթեմատիկոսին...

Ինչ որ է։ Փաստ է, որ մաթեմատիկոսներն, իրոք, զրկված են Նոբելյան մրցանակ ստանալու հաճույքից, եւ դժվար թե նրանք Նոբելին բարերար անվանեն։ Շատերի համար Նոբելը կա եւ մնում է «մահվան արքա», եւ այդ շատերի մեջ երեւի նաեւ մաթեմատիկոսներն են։

Հրատարակիչների համառ խնդրանքներին, որ Նոբելը գրի իր կենսագրությունը, այս մռայլ եւ մենակյաց մարդը պատասխանել է իրեն բնորոշ սարկազմով. «Սըր, բավական է տանջեք ինձ։ Դա հայտնի մարդասպանների ու դերասանների մենաշնորհն է։ Ես գերզբաղված մարդ եմ։ Բայց, եթե շատ եք ուզում, խնդրեմ։ Ահա՛ իմ կենսագրությունը. «Նոբելը խեղճ կիսակենդան էակ է։ Արժանիքները՝ եղունգները միշտ մաքուր է պահում եւ ոչ մեկին բեռ չի դառնում։ Թերությունները՝ ընտանիքի բացակայություն, մեծագույն համբերություն, թույլ առողջություն, բայց՝ լավ ախորժակ։ Միակ ցանկությունն է, որ ողջ-ողջ չթաղվի։ Մեծագույն մեղքը՝ հարստության նկատմամբ սիրո բացակայությունը։ Մի՞թե այսքանը բավարար չէ մահկանացուի համար»»։