21.10.2015 17:23

ՌԴ մշակույթի նախարարը Միխալկովին համարում է ռուսական մշակույթի խորհրդանշաններից մեկը

ՌԴ մշակույթի նախարարը Միխալկովին համարում է ռուսական մշակույթի խորհրդանշաններից մեկը

ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին շնորհավորել է կինոռեժիսոր Նիկիտա Միխալկովին՝ ծննդյան 70-ամյակի առթիվ:

«Փառապանծ դինաստիայի ներկայացուցիչ, իսկապես վիթխարի մասշտաբի անձնավորություն: Դուք վաղուց արդեն ավելին եք, քան սոսկ տաղանդավոր ռեժիսոր, սցենարիստ և հասարակական գործիչ, դուք հայրենական մշակույթի խորհրդանշաններից մեկն եք»,- ասվում է նախարարի շնորհավորական հեռագրում:

Նիկիտա Միխալկովին միջազգային ճանաչում են բերել «Անավարտ պիես՝ մեխանիկական դաշնամուրի համար», «Սիրո ստրուկը», «Հինգ երեկո», «Մի քանի օր՝ Օբլոմովի կյանքից», «Առանց վկաների» և այլ կինոնկարներ: 1993 թ. Միխալկովի «Ուրգա. սիրո տարածք» ֆիլմն «Օսկարի» է առաջադրվել՝  որպես լավագույն արտասահմանյան ֆիլմ, սակայն ռեժիսորը ոսկե արձանիկն ստացել է դրանից մեկ տարի անց՝ «Արևից ուժասպառվածները» («Утомленные солнцем»)  ֆիլմի համար:

Նիկիտա Միխալկովը Ռուսաստանի մշակույթի հիմնադրամի նախագահն է 1993 թվականից, Ռուսաստանի կինոգործիչների միության նախագահը՝ 1996-ից: Նա նաև ՌԴ նախագահին կից՝ մշակույթի և արվեստի խորհրդի անդամ է, զբաղեցնում է Մոսկվայի միջազգային կինոփառատոնի նախագահի պաշտոնը: Փոխանցում է Interfax-ը: