22.10.2015 14:19

Այսօր ծնվել է Իվան Բունինը՝ սիրառատ, լայնասիրտ, ազնվական մեծ գրողը

Այսօր ծնվել է Իվան Բունինը՝ սիրառատ, լայնասիրտ, ազնվական մեծ գրողը

Նոբելյան մրցանակի դափնեկիր Իվան Բունինը (1870-1953), ըստ նրա մերձավորների, շատ հաճախ է հիշել ու պատմել այս պատմությունը։ Ուրեմն, այս պատվավոր մրցանակն ստանալուց հետո ընկերներից մեկը հրավիրում է նրան իր տուն, Բունինն էլ չի մերժում հրավերը։ Եվ այսպես, երջանիկ-երջանիկ (ո՞վ լիներ նրա փոխարեն ու երջանիկ չլիներ. Նոբելյան մրցանակակիր էր, այն էլ՝ առաջի՛ն ռուս գրողն էր, որ արժանացել էր այդ պատվին), ու մեկ էլ սենյակ է ներխուժում մի նկարիչ՝ նույնպես ռուս, ու բղավում. «Էս ուր հասանք, խայտառակությու՛ն է, խայտառակությու՛ն... Նոբելյան մրցանակը Բունինին են տվել»։ Ու մեկ էլ՝ տեսնում է Բունինին եւ, առանց կակազելու ու կարմրելու՝ բացականչում. «Իվան Ալեքսեեւիչ, թանկագի՛նս, շնորհավորում եմ սրտա՛նց, շնորհավորում եմ։ Երջանիկ եմ ձեզ համար, բոլորիս համար, Ռուսաստանի համար։ Ներող եղեք, որ չհասցրի անձամբ ներկա լինել...» եւ այլն։

Հայաստանում նույնպես երեսպաշտության, կեղծավորության, քամելեոնության «լուսավոր» ժամանակներ ենք ապրում, եւ բնական է, որ հենց այս պատմությունն ընտրվեց որպես նախաբան։ Այս «ճկուն» նկարիչն, իհարկե, չէր կարող այդ շրջանում Բունինի փառքի գլխին քար գցել իր չարախոսությամբ։ Եվ իրոք, այնպիսի իրարանցում էր սկսվել նրա շուրջը, այնպես էին դիմավորում ու մեծարում, որ Բունինն էլ էր շփոթվում։ Նույնիսկ դժգոհել էր. «Այնպես են դիմավորում, կարծես հռչակավոր տենոր եմ»։

Սիրառատ տղամարդ էր Բունինը, ինքն էլ՝ ազնվական ծագմամբ, բարետես, բարեկիրթ։ Բայց կանանց հարցում հաջողակ չէր, մեղմ ասած։ Նախ՝ սիրահարվեց Վարվարա Պաշչենկոյին։ Սիրեցին իրար, սիրեցին, բայց բանն ամուսնության չհասավ։ Աղջկա ծնողները դեմ էին. «Հետո՞ ինչ, որ ազնվական է, իսկ որ գրպանը դատա՞րկ է, դա հեչ, հա՞»։ Վարվարան, իհարկե, շատ էր սիրում Վանյային, դուռը շրխկացրեց ու գնաց իր սիրելիի հետ մի հարկի տակ ապրելու՝ առանց թագուպսակի։ Ապրեց-ապրեց ու մի գեղեցիկ օր վերցրեց ու ամուսնացավ Բունինի մտերիմ ընկերոջ հետ։ Ասում են՝ այս տհաճ պատմությունը պատճառ դարձավ, որ մենության ու դավաճանության թեմաները հիմնավորապես բնակություն հաստատեն Բունինի ստեղծագործություններում։ Բայց կյանքը շարունակվում էր, եւ 1898-ին ոչ միայն լույս տեսավ նրա բանաստեղծությունների ժողովածուն, այլեւ հանդիպեց հույն Աննա Ցակնիին եւ ամուսնացավ նրա հետ։ Այս սերն էլ ընդամենը տարիուկես դիմացավ՝ ողբերգական շարունակությամբ. Բունինի եւ Աննայի որդին հինգ տարեկանում մահացավ։ Բունինն այլեւս երեխա չունեցավ...

1906-ին նա ամուսնացավ Վերա Մուրոմցեւայի հետ, որը մինչեւ մահ պաշտում էր ամուսնուն եւ առանց չափազանցության՝ նրա պահապան հրեշտակն էր։ Երեւի թե միայն կույր պաշտամունքի դեպքում էր հնարավոր կուլ տալ այն անակնկալները, որ սիրելի կողակիցն էր ողջ կյանքում մատուցում նրան։ Հայտնի բան է, որ Բունինն ատելությամբ ընդունեց հոկտեմբերյան հեղափոխությունը եւ հեռացավ Ռուսաստանից։ Ճիշտ էլ արեց։ Չհեռանար, դժվար թե կենդանի մնար էս «բուրժույի լակոտը», եւ ռուս գրականության ցանկում մի Նոբելյան մրցանակակիր հաստատ պակաս կլիներ։ Բունինը սիրում էր ճամփորդել, Վերան՝ նույնպես, ու այսպես ճամփորդելով, ճամփորդելով՝ փարիզներով եկան հասան Կաննի մերձակայքում գտնվող Գրաաս բնակավայրը։ Հենց այստեղ է, որ արդեն ալեհեր Բունինը հանդիպեց մանկամարդ տիկին Գալինա Կուզնեցովային։ Եվ սկսվեց մի պատմություն, որին նույնիսկ Ժան Պոլ Սարտրն ու Սիմոնա դը Բովուարը կնախանձեին։ Գալինայի ամուսինը, բնականաբար, կույր չէր, տեսավ ու հասկացավ, որ իր կնոջն ու գրողին գրականության նկատմամբ սերը չի մերձեցրել ու բաժանվեց կնոջից։ Վերա Նիկոլաեւնան ցնցված էր ու մինչեւ հոգու խորքը վիրավորված, բայց Իվան Ալեքսեեւիչը՝ ապագա Նոբելյան մրցանակակրի տաղանդը գործի դրեց եւ համոզեց կնոջը, որ իր ու Գալյայի հարաբերությունները պլատոնական են, կինն էլ հավատաց։ Ի՞նչ աներ։ Եթե ասեր՝ չի հավատում, պետք է բաժանվեր ամուսնուց, իսկ նա պաշտում էր իր ամուսնուն, եւ բաժանումը հավասար էր մահվան։ Միակ տարբերակը մնում էր ամենափրկիչ հավատը։ Ու քանի որ հավատում էր, մի օր էլ Իվանին առաջարկեց, որ ամուսնուց լքված Գալյային բերեն իրենց տուն, շահեն-պահեն, խեղճ երեխան անտեր-անտիրական է մնացել։ Այսպես էլ անում են։ Գալյան փոխադրվում է Բունինների տուն եւ դառնում նրանց ընտանիքի անդամը։ Ինչպե՞ս են ապրում, աշխատանքի բաժանում անու՞մ են, ո՞վ է ամանները լվանում, ո՞վ՝ լվացք անում, պատմությունը դրա մասին լռում է։ Նույնիսկ Սթոքհոլմում՝ Նոբելյան մրցանակ ստանալիս, Բունինի կողքին կանգնած էին նրա կինը եւ «պլատոնական» սիրուհին։ Բայց ասում են՝ Աստված որ մի բան տալիս է, մի այլ բան էլ խլում է։ Ետդարձի ճանապարհին Գալյան հարբուխ է ընկնում, ստիպված են լինում նրան թողնել Դրեզդենում՝ Բունինի ընկերոջ՝ փիլիսոփա Ֆյոդոր Ստեպունի տանը։ Մի շաբաթ հետո Գալյան վերադառնում է ու սկսում խնդրել Բունիններին, որ հրավիրեն Ստեպունի քրոջը։ Դե՛, հրավիրում են։ Ժամանում է Մագդան, եւ այս անգամ էլ Բունինն է կույր ձեւանում իր կնոջ պես, իբր՝ չի տեսնում, թե ինչ կա թաքնված Գալյայի ու Մագդայի մտերմության տակ։ Բայց որքա՞ն կարող էր կույր ձեւանալ, եթե «շրջակա միջավայրում» բոլորն էին հասկացել, թե ինչն ինչոց է։ Հասկանալի է, թե սա ինչ ծանրագույն հարված էր ծերացող Բունինի համար։ Հերիք չէ՝ իր սիրելին անհավատարիմ է, ախոյանն էլ կին է։ Բաժանվում են աղմուկով՝ իրենց հարաբերությունները պարզելով Վերայի ու սառնասիրտ Մագդայի ներկայությամբ։

Նորից մնում են երկուսով՝ ինքն ու իր պահապան հրեշտակ Վերան։ Ի դեպ, արդարամտությունը պահանջում է ասել, որ Բունինը երախտամոռ մարդ չէր։ Նոբելյան մրցանակին կից 715 հազար ֆրանկն ստանալուց հետո առաջին բանը, որ արեց՝ Վերայի համար նոր կոշիկ գնելն էր։ Կհարցնեք՝ իսկ մնացա՞ծը։ Մնացածի մի մասը լայնասիրտ Բունինը շռայլորեն բաժանեց իր կարիքավոր վտարանդի ընկերներին, խնջույքներ կազմակերպեց, տակը մնացածն էլ՝ ինչ-որ մարդկանց խորհրդով, «գործի մեջ դրեց» ու արդի հայերենով ասած՝ «տակ տվեց» ու ձեռնունայն նստեց։

Լավ մարդ էր Իվան Բունինը։ Առանց հեգնանքի։ Պատերազմի տարիներին նա իր տանը թաքցրել է երեք հրեայի՝ գրաքննադատ Ալեքսանդր Բախրախին եւ դաշնակահար Ալեքսանդր Լիբերմանին՝ կնոջ հետ։ Չարժե ասել, թե օկուպացված Ֆրանսիայում սա ինչ անձնազոհություն էր, եւ ինչ էր սպասվում Բունինին եւ իր կնոջը, եթե ֆաշիստների ականջն ընկներ, որ նրանք հրեաների են թաքցնում։

Կարդացեք Իվան Բունինի ստեղծագործությունները, հատկապես «Նզովյալ օրեր»-ը՝ հեղափոխական Ռուսաստանի մասին։ Հո գաղտնիք չէ՞, որ այսօր Հայաստանն էլ է նզովյալ օրեր ապրում։