22.10.2015 16:01

Խմբագրական. Կեցցե՛ն ֆիզիկոսները, տարոսը՝ քիմիկոսներին ու մնացած «ոս»-երին

Խմբագրական. Կեցցե՛ն ֆիզիկոսները, տարոսը՝ քիմիկոսներին ու մնացած «ոս»-երին

Ես նախկին, սովետական «երանելի» տարիների համալսարանական եմ եւ վկայում եմ, որ իմ ուսանողության շրջանում՝ Երեւանի պետական համալսարանում ազատամտության ու ըմբոստության մեղմ հովիկ եթե փչում էր, ապա անպայման՝ ֆիզիկայի ֆակուլտետից։ Ինչու՞ հենց ֆիզիկայի ֆակուլտետից, ինչու՞ հենց ֆիզիկոսները՝ չգիտեմ։ Ես ընդամենը փաստն եմ արձանագրում, որը դժվար թե որեւէ համալսարանական փորձի հերքել։

Սա հիշեցի՝ տեղեկանալով, որ ահա այս նույն ֆակուլտետի գիտխորհուրդը նիստ է հրավիրել, եւ այդ նիստում միաձայն որոշվել է դեմ արտահայտվել Սերժիկ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխություններին։

Թե ֆիզիկան ի՛նքն ինչով է նպաստում, որ այս մասնագիտության տեր մարդիկ ըմբոստ ու կամային լինեն, գուցե հենց իրենք ֆիզիկոսները կարողանան պարզաբանել, ո՞վ գիտե։ Կարեւորն այն է, որ հասարակությունը կրկին տեսավ, որ «գեղ կանգնի, գերան կկոտրի»։ Որովհետեւ հասկանալի է, չէ՞, «բազմակարծության ջատագով», ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի համար, որը «Չե՛ք անցկացնի» նախաձեռնության անդամներին, այսինքն՝ «ոչ»-ականներին պարզ ասել է, որ նրանց մուտքն արգելված է համալսարանի տարածք, սա տհաճագույն անակնկալ է։ Բայց հո չի՞ կարող պարոն ռեկտորը՝ թեկուզեւ թիկունքին ունենալով ՀՀԿ ղեկավարի նման հոգաբարձուների խորհրդի նախագահ, մի ողջ ֆակուլտետի ողջ դասախոսական կազմին աշխատանքից ազատել զանազան «հիմնավորումներով», ինչն արել է մինչ օրս՝ միայնակ ըմբոստացող դասախոսների դեմ։

Ֆիզիկոսների այս որոշումը գուցե «քաղցր» ճահճից հանի՞ Հայաստանի բազմաթիվ բուհերի բազմաթիվ գիտնականներին, եւ այս մարդիկ վերջապես թա՞փ տան իրենց ու գիտակցե՞ն, որ Հայաստանն իրե՛նց երկիրն է, ոչ թե Սերժիկ Սարգսյանի ու նրա ավազակախմբի։ Գուցե վերջապես հաշի՞վ տան իրենց, որ գիտնականների՝ ժամանակ առ ժամանակ բարձրաձայնած միակ բողոքն ընդդեմ հանցագործ իշխանությունների՝ իրենց ողբալիորեն ցածր աշխատավարձի խնդի՛րը չպետք է լինի միայն։ Իսկ եթե հրաշք պատահեր, ու սերժիկենք որոշեին գիտնականներին այդ ստորացուցիչ աղքատավարձը չտալ՝ իրենց հղփացածության ֆոնին, այլ լիուլի վարձատրեին, ուրեմն՝ ի՞նչ, Հայաստանի մտավոր պաշարի պահապանները դրանից հետո պետք է գովերգեի՞ն մեր երկիրը կոռուպցիայի ու ոճրագործությունների գագաթնակետին հասցրած հանրապետականներին ու նրանց՝ «թանկագին Լեոնիդ Իլյիչ» դառնալ նախապատրաստվող շեֆին։

Ցավոք, հիմնականում այդպես էլ եղել է ու այդպես էլ կա։ Գաղտնիք չէ, որ հայ գիտնականների մեծամասնությունն այս տարիներին իր բարձրության վրա չի գտնվել։ Մեղմ ասած։ Բայց երբեք ուշ չէ «գիտնական» կոչմանը միշտ ակնածանքով վերաբերվող հասարակության առջեւ մեղքերը քավելու համար։

Հետեւե՛ք ֆիզիկոսների օրինակին, պարոնայք ու տիկնայք գիտնականներ, եւ համոզված եղեք, որ դրանից հետո Սերժիկ Սարգսյանի ու նրա քառասուն ավազակների ամենակարողության ու անհաղթելիության միֆը մի ակնթարթում հօդս կցնդի։

...Հայաստանի քաղաքացիներն էլ՝ ձեր փոխարեն ամոթից գլուխները չեն կախի։

Լիզա Ճաղարյան