22.10.2015 18:20

Ռուսաստանը փորձում է բողոքարկել ՅՈՒԿՕՍ-ի վերաբերյալ Հաագայի դատարանի վճիռը

Ռուսաստանը փորձում է բողոքարկել ՅՈՒԿՕՍ-ի վերաբերյալ Հաագայի դատարանի վճիռը

Ռուսաստանի Դաշնության շահերը ներկայացնող փաստաբանները երկու միջնորդությամբ դիմել են ԱՄՆ Կոլումբիայի շրջանի դաշնային դատարան ՝ՅՈՒԿՕՍ նավթային ընկերության նախկին բաժնետերերի օգտին Ռուսաստանից ավելի քան 50 մլրդ դոլար գանձելու վերաբերյալ Հաագայի ընդունած որոշումը չհաստատելու հայցով: Սա Ռուսաստանի պատասխան քայլն է ՅՈՒԿՕՍ-ի նախկին բաժնետերերին, որոնք պահանջում են ԱՄՆ-ում ճանաչել և կատարել Հաագայի դատարանի որոշումը:

Ավելի քան 100 էջանոց միջնորդությունները ուղեկցվում են  ևս մի քանի հարյուր էջանոց հավելվածներով:

Հաագայի միջազգային արբիտրաժային դատարանը 2014 թ. հուլիսին որոշում է կայացրել, որի համաձայն՝ Ռուսաստանը ՅՈՒԿՕՍ-ի նախկին սեփականատերերին պետք է վճարի ավելի քան 50 մլրդ դոլար: Գործի քննությունը տևել է գրեթե 10 տարի:

Ռուսաստանի շահերը ներկայացնող իրավաբանների խոսքով՝  հայցվորները դատարանից թաքցրել են այն հանգամանքը, որ իրենց ետևում կանգնած են ռուսաստանցի վեց օլիգարխներ՝ Միխայիլ Խոդորկովսկու գլխավորությամբ: Նրանց կարծիքով՝ միայն դա բավական է՝ հայցը չբավարարելու համար: Բացի այդ, նրանց կարծիքով՝  Խոդորկովսկին ակնհայտորեն ղեկավարվում է քաղաքական նկատառումներով և ավելի շուտ ուզում է ոչ թե «հայցվորներին ՅՈՒԿՕՍ-ի իրենց մասնաբաժինը վերադարձնել, այլ պատժել  Ռուսաստանի Դաշնությանը»: Փոխանցում է BBC-ն: