23.10.2015 13:32

Այսօր ծնվել է Ջանի Ռոդարին, կամ՝ «պիոներ է մեր Մոսին, կարմիր վզկապը վզին»

Այսօր ծնվել է Ջանի Ռոդարին, կամ՝ «պիոներ է մեր Մոսին, կարմիր վզկապը վզին»

Մխիթարվենք. իտալացի հանրահայտ մանկագիր Ջանի Ռոդարիի (1920-1980) կենսագիրները մեր Խնկո Ապոր կենսագիրներից չեն տարբերվում։ «Ծնվել է, ողջ կյանքը նվիրել է երեխաներին, հետո մի օր էլ մահացել է»։ Իսկ ավելի պատկերավոր՝ «բռնել է թիթեռ, սիրել ծաղիկներ, սահնակով սղղալ, երգել ու խաղալ»... Համարյա թե՝ Լենին պապի։

Բայց՝ չէ, մի քանի ժլատ տեղեկություն կա։ Տասը տարեկանում հորը կորցրել է, եւ մայրն ստիպված է եղել իտալական փոքրիկ քաղաք Օմենյայից, իր երեք որդիների հետ, փոխադրվել հորանց տուն՝ Վերոսոտո գյուղ։ Ջանին երաժշտասեր էր, հատկապես ջութակի նկատմամբ էր քնքույշ զգացմունքներ տածում, դե՛, մեկ էլ պարզ է՝ «խաղուպարից, սահնակ-թիթեռից, ծաղկից առավել՝ ուսումն է սիրել»։ Էլի՛ Լենին պապիի նման։ Հետո ուսուցչի դիպլոմ է ստացել ու... նորից փակուղի մտանք՝ «ողջ կյանքը նվիրել է երեխաներին»։ Մի պահ փորձել է մի քիչ էլ ինքն իրեն նվիրվել՝ ընդունվել է Միլանի համալսարանի բանասիրական ֆակուլտետ, այս անգամ էլ պատերազմն է խանգարել, եւ Ջանի Ռոդարին ուսումը կիսատ է թողել, եւ երկու ընկերների սպանությունից ու եղբոր՝ համակենտրոնացման ճամբարում հայտնվելուց հետո միացել է Դիմադրության շարժմանը եւ ընդունվել կոմունիստական կուսակցության շարքերը։ Կամ՝ սկզբում ընդունվել է կոմունիստական կուսակցության շարքերը, հետո՝ միացել Դիմադրության շարժմանը։ Եվ երեւի հենց սա է պատճառը, որ ոչ միայն փոքրերի, նաեւ մեծերի սիրելի Չիպոլինոյի հեղինակը գլխավորապես հանդիպել է պիոներների հետ։ Համենայն դեպս՝ երեխաների հետ նրա լուսանկարները սա են վկայում՝ բոլորը պարտադիր կարմիր վզկապով են։

Մի անգամ թեթեւակի ուշադրությունը շեղել է պիոներներից, ամուսնացել է Մարիա Թերեզայի հետ, ծնվել է նրանց դուստրը, անունը դրել են Պաոլա, հետո նորից նվիրվել է պիոներներին։ Պարգեւատրվել է Հանս Քրիստիան Անդերսենի անվան պատվավոր մրցանակով, դե՛, վերջում էլ երկնքից երեք խնձոր է ընկել, մեկը... Չէ, 80 տարեկանում ծանր հիվանդացել է ու մահացել։

Ինչ որ է. կոմունիստ է եղել, թե թաքուն-թաքուն նիցշեական ու շոպենհաուերական է եղել (ըստ կենսագիրների՝ Ռոդարին Նիցշե ու Շոպենհաուեր է ուսումնասիրել), միայն կարմիրվզկապավոր երեխաներին է նվիրվել, թե անվզկապներին էլ՝ չգիտենք, բայց ամեն դեպքում՝ մեծերն էլ են սիրում Ջանի Ռոդարիի Չիպոլինոյին, եւ երբեմն-երբեմն մտքներով անցնում է, որ նա գրելիս՝ ավելի շատ մեծերիս է ցանկացել ինչ-ինչ բաներ հասկացնել։ Օրինակ՝ այս «անտակ պարկում» ի՞նչ գործ ունի նախարարը, դու՛ք ասեք։

Անտակ պարկը

-Հին շո՜ր, հին կոշի՜կ...

-Ա՛յ ծերուկ, ճերմակ ծերուկ,

Ի՞նչ կա-չկա քո պարկում։

-Կա մի կոշիկ՝ անկրունկ,

Մի թեւ ունեմ՝ անկոստյում։

-Հետոոոո՞...

-Շան վզակապ,

Ունեմ աղեղ՝ անջութակ։

- Հետոոոո՞...

-Անքիթ թեյնիկ ու սրճեփ,

Թավա ունեմ չուգունի,

Էս թավան հատակ չունի,

Նախարար էլ ունեմ պարկում,

Որ կռիվ է մեզ տանում,

Բայց հայտնվեց հատակում։

Սա կարդալուց հետո Հայաստանի ո՞ր չափահաս քաղաքացին կդիմանա գայթակղությանը ու չի սկսի պատկերացնել, որ հերթով պարկն է խցկում ՀՀ նախարարներին՝ իրենց վարչապետի հետ միասին, ՀՀԿ-ականներին՝ իրենց ղեկավարի հետ միասին, ու վերջում էլ պարկի բերանը պիիիինդ կապում է, որ այլեւս երբեք չբացվի։