23.10.2015 15:03

Խմբագրական. Ե՞րբ եւ ինչպե՞ս կգա նոր քաղաքական սերունդ

Խմբագրական. Ե՞րբ եւ ինչպե՞ս կգա նոր քաղաքական սերունդ

Քաղաքական սերնդափոխության մասին շատ է խոսվում: Սակավ չեն նաեւ նրանք, ովքեր ժամանակ առ ժամանակ նոր սերունդ լինելու հայտ են ներկայացնում: Ինքնին՝ դա, բնականաբար, սխալ եւ վատ թեմա եւ հավակնություն չէ: Բայց պետք է հասկանալ, թե ինչ է իրապե՛ս նշանակում նոր սերնդի հայտնություն հասարակական կյանքում: Ինչպես բազմաթիվ այլ հարցերում, այս խնդրում եւս գերակայողն առայժմ զուտ ձեւական մոտեցումն է՝ նորը նույնացվում է՝ ա. տարիքով երիտասարդների հետ, բ. ինքն իրեն նոր հռչակածի հետ, գ. «հնի» անբովանդակ, զուտ ճարտասանական, հռչակագրային քննադատության հետ, դ. «ժամանակակից» համարվող արժեքների եւ սկզբունքների՝ նույնպես զուտ ճարտասանական, դասագրքային, անգիր արած, նույնիսկ, մի տեսակ՝ թատերական հռչակման հետ: Այսքանից էլ ակնհայտ է, թե ի՛նչ աստիճանի ձեւական մոտեցման մասին է խոսքը: Ինքնին պարզ է, որ միայն երիտասարդ կամ, առավել եւս՝ միայն անհայտ երիտասարդ լինելը դեռ ոչինչ չի նշանակում, ինչպես եւ՝ ինքնահռչակումը, հնի բոստանը ինքնանպատակ քար գցելը կամ էլ նորաձեւ տղա/աղջիկ լինել/երեւալը: Անհրաժեշտ է իրական, այսինքն՝ բովանդակային նորություն, նաեւ՝ ուժ, կամք, բանականություն, գիտելիք եւ սիրտ:

Նոր սերունդը չի գալու ինչ-որ մեկի ցանկությամբ

Նոր սերունդը չի գալու եւ չի կարող գալ զուտ ցանկությամբ՝ ո՛չ մեր, ո՛չ ինչ-որ մեկի, ո՛չ էլ նույնիսկ ինքն իր: Այն գալու է եւ կարող է գալ միայն պատմական պահի հասունացմամբ, սոսկ քնարական երազանքից տարբեր՝ հիմքում ուժ եւ կամք, այլ ոչ թե թախիծ ունեցող հասարակական պահանջարկի հրամայականով: Հնարավոր է, որ դա լինի մի ճգնաժամային պահ, երբ եղած համակարգերն այլեւս ի զորու չեն լինելու գործել, զրկվելու են իրենց առկա հիմքից եւ կամքի աղբյուրից: Դա սովորական, առօրյա վիճակ չի լինելու՝ հարցերն ավելի շատ են լինելու, քան պատասխանները, եւ քչերն են համարձակվելու պատասխանատվություն վերցնել: Հենց նման պահերին իրական՝ բովանդակային եւ կամք ունեցող նորը կարող է հստակ զատվել «նորաձեւից» ու «ճիշտ բաներ ասող» «ջահելից»: Նորի բացահայտման համար անհրաժեշտ է բաց, խնդրահարույց, հրապարակային իրավիճակ, երբ նախաձեռնություններն ու համակարգերը կձեւավորվեն ոչ թե «վերին ատյաններից», այլ հասարակական «խորքից»:

Նոր սերունդը չի գալու գովազդով

Նոր քաղաքական սերունդ չի կարող ձեւավորվել արհեստականորեն՝ միայն տեխնոլոգիայի եւ քարոզչության կիրառմամբ: Կարելի է, իհարկե, «նո՛ր սերունդ ենք», «նո՛ր գաղափարներ ունենք» կամ պարզապես «նո՛ր ենք» ձեւակերպումները շահագործել որպես քարոզարշավի հնարներ, եւ դրանք որոշ՝ սահմանափակ ազդեցություն կունենան, այն էլ՝ միայն հատուկ նպաստավոր պայմաններում, բայց երբե՛ք որեւէ իրապես նոր չի գա եւ չի կարող գալ ինչ-որ մեկի կաբինետային մտահղացմամբ կամ «պրոյեկտով»: «Ծիծիլյոն» երիտասարդ կա, որ գուցե եւ նորաձեւ է կամ «ժամանակակից», բայց էությամբ ավելի հին է, քան որեւէ բան այս աշխարհում: Գովազդը կարող է ձայներ բերել ընտրություններում, բայց գովազդով ու հարդարանքով ժամանակից շուտ մաշած ու ծերացած ներաշխարհդ չես թարմացնի:

Նոր սերնդի գալուստը հովվերգություն չի լինելու, այլ կատաղի պայքար

Երբ նոր սերունդն իրապես ի հայտ գա, նրան ոչ ոք չի գովազդելու, առավել եւս՝ դա չեն անելու դիպլոմավոր տեխնոլոգները: Նոր սերունդը նվաճելու է իր տեղն արեւի տակ անեծքների, կատաղի հակաքարոզչության, ընդդեմ, այլ ոչ հօգուտ իրեն գործող տեխնոլոգիաների կիրառման տեղատարափ հրետակոծության տակ: Սա բնական է՝ բոլոր կայացած համակարգերը՝ ներքին թե արտաքին, փորձելու են կամ գնել նոր ուժը, կամ էլ վարկաբեկել նրան բոլոր միջոցներով: Երբ կայացած համակարգերը զգան նորի իրական վտանգ, նրանք ոչ թե գլուխ են շոյելու ու պուպուշ անելու, ինչպես այսօր, այլ գլուխ են ջարդելու եւ պատերազմ հայտարարելու: Ծիծաղելի է պատկերացնել նորի գալուստը՝ որպես հովվերգություն. նորը կգա, աթոռիկին բարձրանալով՝ գերազանցիկի անգիրներ կարտասանի ճիշտ բաների մասին, ճիշտ տոնայնությամբ, ու բոլորը ծափիկ կտան ու կամովին մի կողմ կքաշվեն:

Ոչ միայն կայացած հասարակական համակարգերը՝ իշխանությունը, «դեսպանատները», ՀԿ-ները, փորձագետները եւ այլն, այլեւ քաղքենի «նորաձեւ» եւ «մտավորական» դասն իր մեծամասնության մեջ քարկոծելու եւ պիտակավորելու է իրապես նորին, եթե անշեղ բնազդով զգա, որ դրա մեջ, բացի ձեւից, կա նաեւ բովանդակություն. լավագույն դեպքում՝ նրանք, ծափիկների եւ լայքիկների փոխարեն, վախեցած մի կողմ կքաշվեն ու առժամանակ կլռեն: Մանրակրկիտ եւ մոլեռանդորեն հետեւելու են ամեն քայլին՝ փնտրելով եւ գտնելով ամեն մանր սխալը, սայթաքումը, եւ այդ ժամանակ քննելու են անխնա, գնդակահարելու են՝ առանց գերիներ վերցնելու, իսկ հաջողումները վերագրելու են բախտի քմահաճույքին, դավադրական գաղտնի հովանավորությանը եւ, ի վերջո ....իրենք իրենց: Շնորհակալություն չի լինելու, ոչ էլ՝ մեծարանք, եթե որեւէ կենտրոնից կամ ուժից չլինի դրա «դաբրոն»: Բայց նորը, եթե իրապես այդպիսին է, միայն հզորանալու է պայքարից եւ հաղթահարելու է կատաղի դիմադրությունը: Եթե ինչ-որ մեկը ցանկանում է իրոք նորի դեր ստանձնել, թող նախապես պատրաստ լինի այս՝ իրատեսական, այլ ոչ թե հովվերգական սցենարների: Իսկ եթե պատրաստ չէ, ուրեմն՝ թող իրա տնեցիքին խաբի, որ ինքը նոր է, այլ ոչ թե հների խաղալիք՝ հնազանդ հարսիկ, որին մեծերի թատրոնում տվել են «էս մեր խելոք կամ դուխով ջահելն ա» դերը:

Նոր սերնդի ճաշը կծու է լինելու

Նոր սերունդը չի գալու եւ չի կարող գալ կոմպրոմիսով, այլ գալու է խորքային հակադրությամբ եւ հինն ավերող, բայց բանական ու հիմնարար, այլ ոչ թե ինքնանպատակ եւ ձեւական քննադատությամբ (ձեւական քննադատությունն այն է, որ պլյուսն ու մինուսը տեղերով փոխելով՝ համարում է իր գործն ավարտած): «Կառուցողական», փոխզիջումային, «կոռեկտ», «երրորդ ուղի», «անկախ», «օբյեկԾիվ» նոր սերունդ չի լինում: Իհարկե, կարելի է կյանքում գնալ զիջումների, եւ բոլորս էլ որոշ չափով գնում ենք, բայց հնարավոր չէ «մարտավարական շուստրիություններով» հանդերձ՝ նոր սերունդ դառնալ ու լինել. գիտակցված զոհողությունները, հրաժարումներն ու «նեղ ճանապարհն» անխուսափելի են, ընդ որում՝ առանց երաշխավորված վերջնական հաջողության: Տղանե՛ր եւ աղջիկնե՛ր՝ պատրա՞ստ եք, թե՞ շատ վախենալու է, կյանքի պես «դաժան է». շա՞տ կծու ճաշիկ է (այլ ոչ թե, կներեք, քաղցր կակա միշիկ է), ուրեմն՝ գնացեք տնայիններն արեք առայժմ: Լա՛վ մտածեք՝ պատասխանելուց առաջ:

Նոր սերնդի բացարձակ ինքնիշխանությունը

Նոր սերունդը չի գալու նաեւ անգիր արածով, ճիշտ բաներ ասելով, բոլոր լավ բաներին՝ «կողմ», ու վատ բաներին «դեմ» լինելով՝ կրկնելով, թութակելով, կապկելով դասագրքայինը, «ամբողջ աշխարհում» ընդունվածը, սեմինարային գրառումները: Նորը կոնկրետ՝ կենդանի ասելիք է՝ բխած վերապրած փորձից, առողջ բանականությունից, խորքով, այլ ոչ թե մակերեսով մարսած,  կոնկրետ իրականությանը հարմարված տեսությունից եւ վերլուծությունից: Է՛լ ավելի կարեւոր է, որ իրապես նորն օժտված է ինքնիշխանությամբ՝ անձամբ որոշելու ճիշտն ու սխալը, գնահատելու, ընտրելու, զատելու, սահմանելու: Դա նշանակում է, որ իրապես նորը նա՛ է, ով ոչ միայն «հներից» ու «առկաներից» առավել թուլացածներին, առավել ակնհայտ մաշվածներին քննադատելու համարձակություն ունի, այլեւ, ըստ անհրաժեշտության՝ ա՛յն, ինչ համարվում է ուժեղ, ժամանակակից, իշխող: Եվ ոչ միայն սեփական երկրում, այլեւ «ողջ քաղաքակիրթ աշխարհում» ընդունվածը ի զորու է համարձակորեն բաժանելու իր համար ընդունելիի եւ անընդունելիի:

Նորն այն է, որ որեւէ մեծի հետ իրեն «փոքր» չի զգում: Ոչ թե ամբարտավանորեն մեծամտանում է, այլ ինքն իր կենտրոնը լինելով՝ բնական հավասարության զգացում ունի այլ կենտրոնների հետ: Զավեշտալի են այն բոլոր նորերը, որոնք իրենց՝ իրականում թղթե սուրը «շողշողացնում են» դարն ապրած բիձեքի, բոլորի կողմից առանց այն էլ ծաղրի ենթարկվող կիսագրագետների վրա, բայց իշխանություն (համարձակություն) չունեն երկու ոտքի վրա ամուր կանգնածի դեմ: Առավել զավեշտալի են նրանք, ովքեր պատրաստ են քարը քարի վրա չթողնել սեփական հայրենիքից՝ իր ներկայով ու անցյալով, ովքեր զրոյից սկսելու հավակնություններ ունեն, բայց նույնիսկ երազում չեն համարձակվի մտածե՛լ իսկ աշխարհի հզորներին՝ ոչ միայն կոնկրետ գործիչներին, այլ նաեւ՝ գաղափարները, արժեքները, «ընդունվածը» քննադատաբար յուրացնելու մասին: Եթե ինքնիշխան չես՝ ինքդ քեզնով դատող, որոշող ու ընտրող՝ մոռացիր նոր լինելու հավակնության մասին, նույնիսկ՝ եթե կաթիկից հենց նոր կտրվելու աստիճան երիտասարդ են:

Նորը ոչ թե ինքնահաստատվում է, այլ ձգտում է գերազանցել

Բայց նորը նաեւ անիմաստ տեղը հեծանիվ հորինել չէ: Հակառակը՝ «նորհեծանվամոլությունը» բնորոշ է հենց ձեւական «նորությանը»: Ոչ այնքան գաղափարի ինքնանպատակ նորությունն է կարեւոր, այլև գաղարարին ուժ, կենդանություն, ազդեցություն տալը՝ նորությունը չափվում է ազդեցությամբ, այլ ոչ թե ժամկետով: Առանց արդեն կուտակված փորձի՝ չկա իրական նորություն: Մանկամիտն է միայն ինքնահաստատվում հնի հաշվին եւ իր նորությունը կառուցում նիհիլիզմի վրա: Բովանդակային նորությունը անհրաժեշտորեն ենթադրում է ներքին հասունություն, իսկ հասուն հոգեբանության նպատակը ոչ թե ինքնահաստատվելն է, այլ սովորելով, արժեւորելով, փոխառելով՝ գերազացելը: Հինը պետք է ոչ թե հիմնովին ժխտվի, այլ օգտագործվելով որպես նախնական դրամագլուխ (կապիտալ)՝ գերազանցվի: Պետք են, ուրեմն, ոչ թե խակ ու բարդույթավորված մանուկներ, այլ հասուն այրեր, որոնք գիտեն հարգանքի արժեքը՝ ավելին լինելու ձգտմամբ: Իրապես նորը չի ժառանգում հայրերի ախտերը, բայց հայրերի ու պապերի դրոշը հպարտությամբ բարձրացնում է՝ ընդհատված կռիվը շարունակելու համար: Երեխաներն են կռվում հայրերի դեմ, իսկ հասուն այրն ինքն է ստանձնում հայրությունը:

Նորը գալու է որպես ազգային նոր

Վերջապես, ոչ մի նոր չի կարող կայանալ սեփական երկրի անցյալը, ներկան, ժողովրդի հոգեբանությունը, երկրի «բնավորությունն» իսպառ ժխտելով: Ով սեփական երկրի պատմության, ժողովրդի, նույնիսկ աշխարհագրական եւ ճարտարապետական լանդշաֆտի օրգանական մասնիկ եւ ժառանգորդ չի զգում ինքն իրեն, ով չունի հարազատության զգացում, սրտի ցավ եւ արժանապատիվ սեր, նա երբեք չի դառնա նաեւ երկրի իրական տեր (ժամանակավոր խալիֆները հաշիվ չեն): Զարգացման, առաջընթացի, ճեղքման համար անհրաժեշտ է ոչ թե ավանդույթի ժխտում, այլ ստեղծագործական քննադատում, թարմացում, վերամեկնաբանում, էականի եւ երկրորդականի հստակ տարանջատում: Միայն հասկանալով ազգայինի եւ ունիվերսալի՝ համաշխարհայինի անքակտելի կապը՝ կարելի է հասնել իրական հաջողության ոչ միայն սեփական ծրագրերում, այլեւ երկրի առաջընթացի գործում: «Ֆիրմա» խաղացող «ժամանակակից», իսկ իրականության մեջ՝ խորապես գավառացի «դեմքերը» ոչ մի նոր բան ստեղծելու ի զորու չեն: Նորը գալու է որպես ազգային նոր, բայց ոչ տարազով ու տրեխով ազգային, այլ աշխարհն իր մեջ ներառած ու յուրացրած իրական, առաջադիմական ազգային, որը, հանուն ավանդույթի էության՝ չի վախենում հրաժարվել ավանդույթ դարձած երկրորդականից, բայց նաեւ հասկանում է, որ առանց Ավանդույթի՝ ինքն ընդամենը նորաձեւ թիթիզիկ է, այլ ոչ թե պատմությունը կերտող սերունդ:

Հրանտ Տեր-Աբրահամյան