23.10.2015 18:01

Պուտինը Սիրիայում ԻՊ-ի դիրքերի քարտեզն ստացել է Ջիմի Քարտերից

Պուտինը Սիրիայում ԻՊ-ի դիրքերի քարտեզն ստացել է Ջիմի Քարտերից

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայում ահաբեկիչների դիրքերի մասին տեղեկատվությունն ստացել է ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարտերի տրամադրած փաստաթղթերից: Այդ մասին հաղորդել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նա ընդգծել է, որ բաց խողովակներով ստացված այդ տեղեկությունները ռազմական գաղտնիք չեն հանդիսանում:

Կրեմլի ներկայացուցիչը հրաժարվել է պարզաբանել, թե ինչ բնույթի են այդ տվյալները, ինչպես նաև՝ թե արդյո՞ք դրանք օգտագործվելու են ռուսաստանցի զինվորականների կողմից:

Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հոկտեմբերի 22-ին հաստատել է, որ Քարտերն իսկապես Մոսկվային է փոխանցել «Իսլամական պետության» ահաբեկիչների զբաղեցրած դիրքերի քարտեզներ: Նա նույնպես ընդգծել է, որ դրանք գաղտնի փաստաթղթեր չեն, դրանց մեծ մասը հասանելի է Carter Center հասարակական կազմակերպության կայքում, որը հինադրել է ամերիկյան վարչակազմի նախկին ղեկավարը:

Քարտերը Ռուսաստանին առաջարկել է համապատասխան փաստաթղթերը փոխանցել հոկտեմբերի 21-ին: Ելույթում, որի մի դրվագ ներկայացրել է NSNBC հեռուստատեսությունը, ԱՄՆ նախկին նախագահը հայտարարել է. «Այսպիսով՝ հետագայում, երբ Ռուսաստանը ավիահարվածներ հասցնի ոչ ճիշտ տեղերում, դուք կիմանաք, որ դա իմ մեղքով է, այլ ոչ թե Պուտինի»:

Փոխանցում է lenta.ru-ն: