24.10.2015 16:30

Այսօր ծնվել է Լեռ Կամսարը. Նրա կենսագրությունը Սովետական իշխանությունը «կերտեց»

Այսօր ծնվել է Լեռ Կամսարը. Նրա կենսագրությունը Սովետական իշխանությունը «կերտեց»

«Իմ անցած 70 տարիներից միայն 35 տարին է իմը եղել, իսկ մնացյալ կեսն այլեւս ինձ չի պատկանել, այլ Սովետական կառավարությանը, որ ինչ կամեցել է՝ արել է ինձ։

...Ո՛չ, չեմ կարող իմ կյանքը գրել։ Ինձանով հետաքրքրվողներին կասեմ. «Ես ինձանից տեղեկություն չունեմ, Սովետական իշխանությանը հարցրեք»։

Այսպես է արձագանքել երգիծաբան Լեռ Կամսարն (1888-1965) ինքնակենսագրություն գրելու հորդորներին։

Այնուհանդերձ, ծվեն-ծվեն գրել է. «Տաճկաստանում ես ապրում էի անմեղ, անմեղ։ Բայց տաճիկ կառավարությունը սրով ետեւս ընկած ուզում էր ինձ սպանել։ Փախա իմ ռուսահայ եղբայրների մոտ, մի քանի տարի ապաստան գտա, հետո էլ այդ «եղբայրները» բռնեցին ու քսան տարով աքսորեցին հյուսիսի սառնամանիքները։

...Տունս ցախանոց է, ութ տարի է պետությունից բնակարան եմ ուզում, չի տալիս։

Եթե արաբ բանաստեղծն իմ օրին լիներ, հիմա վաղուց էր փախել անապատը։ Բայց ես, ճիշտն ասած, չեմ ուզում փախչել անապատ, որովհետեւ այս րոպեին ես ապրում եմ սովետական անապատում»։

Հենց այդ նույն «անապատի» այդ նույն «ցախանոցում»՝ արդեն հիվանդ երգիծաբանին է այցելում «Հայաստան» հրատարակչության խմբագիրը եւ, երկար տարիներ սպասված «Մարդը տանու շորերով» գրքի ազդօրինակի փոխարեն, բոթ է բերում՝ Կենտկոմն արգելել է գրքի տպագրությունը։ Ասում են՝ սա վերջին կաթիլն էր, եւ ողջ կյանքում հալածված գրողը հոգին ազատում է այս աշխարհից՝ մեն-միակ ցանկությամբ. «Խնդրում եմ, ինձ թաղելիս բերանքսիվայր դնել հողը... որ այս կառավարության երեսը չտեսնեմ»։

Լեռ Կամսարը (Արամ Թովմասյան) ծնվել է Վանում։ Հայրը հոգեւորական էր։ Նախ՝ սովորել է Վանի Ամերիկյան վարժարանում, հետագայում՝ Էջմիածնի Գեւորգյան ճեմարանում։ Մասնակցել է Վան-Այգեստանի ինքնապաշտպանական պայքարին։ Մոր հետ գաղթել է Արեւելյան Հայաստան։ 1935-ին բռնադատվել է, երեւանյան բանտից աքսորվել է Վորկուտա, հետագայում՝ Բասարգեչար (Վարդենիս)։ 1955-ի համաներմամբ նրան թույլատրվել է վերադառնալ Երեւան։

Ողջ կյանքն ուրիշներին իր հումորով, սարկազմով վայելք պատճառող այս տառապյալի կարճ կենսագրությունն է սա՝ նման այն բոլոր համարձակների կյանքին, որոնք ստալինյան հրեշավոր տարիներին իրենց գրիչն ու հոգին չկեղտոտեցին կեղծիքով։

Լեռ Կամսարը երդվյալ եւ անուղղելի այլախոհ էր, եւ սովետական իրականության այլախոհի ճակատագիր էլ ունեցավ։ Եվ այսքանով ամեն ինչ ասված է։

Երկու պատառիկ վայելենք նրա գրական մեծ ժառանգությունից։

Ա.

Երէկ իրիկուն անկողնիս մէջ շքանշաններ ստացողներուն ցանկը կարդացի և չեմ գիտէր ո՞ր սյունակի մէջ քունս տարեր էր արդէն։ Թէ քանի ժամ քներ եմ՝ չեմ հիշեր, մէյ մըն ալ, երազիս մէջ, բերեր կրծքիս շքանշան կկախեն։ Օգնությո՜ւն, օգնությո՜ւն՝ կպոռամ, բայց դէ ո՞վ է տեսեր, որ երազին մէջ օգնության հասնէն։ Կաղաչեմ իրենց՝ ես ճանչցված, դիրք ունեցող, պատվավոր մարդ եմ, ես հասարակ մարդ չեմ, ճար չեղավ, բռնեցին ու շքանշանը կախեցին։ Կախեցին, ու ամոթէս արթնցա այլևս ու ողջ գիշեր քունս չտարավ։
Ծօ, սա ի՞նչ առատություն շքանշանի։ Ցերեկը կկպցնեն, գիշեր կկպցնեն։ Ասիկա համաճարակ է, խոլեր, ժանտախտ։ Ինչպէս ոխակալ մէկը պատճառ մը կփնտրէ վրադ հարձակվելու, անանկ ալ սա կառավարությունը առիթի ման կուգա շքանշան տալու։ Կուտա ոչ միայն անոր, որ գործ մը կընէ, այլ առավելապէս անոնց, որք բնավ գործի չեն։ 
Ի տես այս անառիթ շքանշանային համաճարակի՝ կխորհեմ։ Անպատճառ կառավարությունն ինքն ալ զգացեր է իր անտանելի ռէժիմին ծանրությունը և քաղաքացոց, որոնք կրցեր են տոկալ այս ռեժիմին՝ կվարձատրէ շքանշանով։
Այսպէս եթէ դատենք, պետությունն իրավացի է, այո՛։ Տարի մը այս ռեժիմին տակ ապրողին պէտք է 366 շքանշան փակցունել, եթէ տարին նահանջ է, իսկ 365 շքանշան՝ եթէ հասարակ։
Այս ռեժիմին տակ, յուրաքանչյուր օր ապրողը մէկ մէծ հերոս է։ 

Բ.

Լենինն իր ողջ կյանքում սոցիալիզմի ու կապիտալիզմի բնորոշմամբ է զբաղեր, իր գրած տասը հատորներու մէջ շատ արժեքավոր փաստեր է բերած, սակայն, իր եզրակացությունը չէ տված. Չէ թվեր այդ երկու սիստեմներու ամենաէական տարբերությունը։

Իսկ այդ էական տարբերությունը սա է։

Կապիտալիստական երկրում մէկը կաշխատի 150 միլիոն ժողովուրդ կերակրելու, սոցիալիզմի երկրում 150 միլիոն ժողովուրդ կաշխատի՝ մէկը կերակրելու...

Իսկ հիմա, սիրելի ընթերցող, գտիր մեկ տարբերություն՝ Լեռ Կամսարի ապրած շրջանի եւ մեր «լուսապայծառ» ներկայի միջեւ։