26.10.2015 13:03

Այսօր ծնվել է Անդրեյ Բելին, կամ՝ «Ո՞ր աշխարքում ունեմ շատ բան, միտք եմ անում՝ է՞ս, թե էն»

Այսօր ծնվել է Անդրեյ Բելին, կամ՝ «Ո՞ր աշխարքում ունեմ շատ բան, միտք եմ անում՝ է՞ս, թե էն»

Չէ, Հովհաննես Թումանյանն այս պատմության հետ ընդամենը մեկ ընդհանրություն ունի՝ ինքն էլ է բանաստեղծ, Անդրեյ Բելին էլ։ Իսկ Թումանյանի այս տողերը հիշելու պատճառն էլ Բելիի երկրային անհանգիստ կյանքն է։

Ռուս բանաստեղծ, արձակագիր Անդրեյ Բելին (Բորիս Բուգաեւ, 1880-1934) ապրեց այս աշխարհում, բայց ուշքումիտքն այլ աշխարհներում էր, էլի Թումանյանի ասած՝ հայացքն «Անհայտին էր ու հեռու»։ Աշխարհ, որը չէր տեսնում, բայց տենչում էր տեսնել։

Ասում են՝ Անդրեյի հայրը՝ մաթեմատիկոս, պրոֆեսոր Նիկոլայ Բուգաեւը շատ է ցանկացել, որ իր որդին մոր պես գեղեցիկ լինի եւ հոր պես՝ խելացի։ Որդին իրոք գեղեցիկ էր, խելքի հարցում էլ դժգոհելու տեղ չուներ, բայց անճանաչելին ճանաչելու մոլեգին ցանկություն ունեցողներին այս աշխարհում ասում են՝ տարօրինակ, արտասովոր, խենթ, իսկ Բելին դրանցից մեկն էր։

 1903-ին՝ իր երկու ընկերների հետ, նա ստեղծեց «Արգոնավորդների եղբայրություն» խմբակը, նպատակը Ոսկե գեղմը գտնելն էր։ «Ոսկե գեղմ»-ն այս դեպքում հունական դիցաբանության ոսկեպատ ոչխարի մորթին չէր, այլ կյանքի առեղծվածների ճանաչումը, այնկողմնային ճշմարտությունների բացահայտումը։ Եվ դրան հասնելու ճանապարհին տրամաբանությունը երկրորդական էր խմբակի անդամների համար, կարեւորը Նորին մեծություն Բնազդն էր։ Եվ գուցե հենց այս Բնազդն էր մեղավոր, որ այս բանաստեղծին ողջ կյանքում ուղեկցել է «սիրո եռանկյունին»։

Նինա Պետրովսկայան նույնպես «Արգոնավորդների» խմբակից էր եւ սիրային կապ ուներ մեկ այլ սիմվոլիստ բանաստեղծի՝ Կոնստանտին Բալմոնտի հետ, իսկ Բելիի նկատմամբ՝ իր իսկ հավաստմամբ՝ միայն անսահման ակնածանք էր զգում, համարում էր իր ուսուցիչը, անգամ չափն անցնում էր իր այս ակնածանքի ոլորաններում, ասում էր՝ Բելին նոր Քրիստոսն է։ Բայց մեկ էլ վերցրեց ու Բորյայի հետ կերավ արգելված խնձորը։ Այս կապը Բելին «անկում» էր համարում իր համար, բայց այսպես «ազատ անկման» վիճակում մնաց կես տարի՝ մինչ այն օրը, երբ սիրահարվեց Ռուսաստանի մեծագույն բանաստեղծներից մեկի՝ Ալեքսանդր Բլոկի կնոջը, հանրահայտ գիտնական Մենդելեեւի դստրիկին, ու լքեց Նինային։ Դե, հուսահատ Նինան՝ վիրավոր սիրտը բուժելու համար սկսեց դարման փնտրել։ Ու գտավ մեկ այլ սիմվոլիստ բանաստեղծի՝ Վալերի Բրյուսովին։ Թվում է,  Բորյան պետք է ուրախանար, որ ավագ ընկերն ազատեց իրեն այդ անզուսպ, դիվոտած կնոջից (Նինան մի անգամ նույնիսկ կրակել էր Բելիի վրա)։ Բայց չէ՝ խանդում էր։ Ու սկսվում է Բրյուսով-Բելի «բառային մենամարտը»։ Բելին հայտարարում է, որ ատում ու արհամարհում է Բրյուսովին, Բրյուսովը բանաստեղծությամբ է սրախողխող անում իր կրտսեր ընկերոջը. «Մինչ մարգարեն ինչ-որ տեղ լող է տալիս, Սիբիլլան լկտիաբար դավաճանում է նրան քրմի հետ»։ Բելին հակադարձում է՝ չմոտենաս, թե չէ կայծակը կմոխրացնի քեզ մոլեգնության պահին։ Այսպես, էլի՛ Թումանյանի ասած՝ էլ գող փիսո, էլ քաչալ շուն, մինչեւ որ Բրյուսովը երեւի հոգնում է ու ավագ ընկերոջ մեծահոգությամբ համաձայնում, որ մենամարտում հաղթողն իր կրտսեր ընկեր Բորյա-Անդրյուշան է։ Ասում են՝ մի անգամ մազ էր մնում, որ իրոք մենամարտեին, բայց սա արդեն Նինայի հետ կապ չուներ։ Բրյուսովն արհամարհանքով էր խոսել Բելիի ընկերներից մեկի մասին, նա էլ, թե՝ էդ ո՞նց ես խոսում ընկերոջս մասին, Բրյուսովն էլ, թե՝ լավ եմ անում, քե՞զ ինչ (մոտավորապես, էլի), Բելին էլ՝ ո՞նց թե՝ քեզ ինչ, Բրյուսովն էլ՝ հենց էդպես, քե՞զ ինչ... Վերջը, ուր որ էր՝ պետք է մենամարտեին, բայց մեկ էլ երեւի մտածում են՝ բայց ինչի՞ ենք ուրիշի համար իրար սպանում, էդ ուրիշը մեզ համար կմեռնե՞ր, ու այդպես՝ բանը թուր-թվանքին չի հասնում։

Հասանք հաջորդ «եռանկյունուն»։ Բելին ու Բլոկը մտերիմ ընկերներ էին։ Հիմա պատկերացրեք Մենդելեեւի դստեր վիճակը։ Սիրում է Ալեքսանդրին, ամուսնանում են, ու մեկ էլ հենց առաջին ամուսնական գիշերը սիրելի Սաշան սիրելի Լյուբային ասում է, որ նա իր իդեալն է, իսկ իդեալի հետ փիս-փիս բաներ չեն անում, կողքից նայում են ու հիանում։ Ահա այսպես, իդեալին թողնելով տանը՝ Բլոկն այդ փիս-փիս բաներն անում է թեթեւաբարո կանանց հետ, հաճախում է հասարակաց տներ, գիշերներ է լուսացնում գինետներում, երբեմն-երբեմն էլ տուն է վերադառնում, որ հիանա իր իդեալով։ Իդեալն էլ ու՞մ պատմի իր իդեալական կյանքի մասին, եթե ոչ՝ իր սիրելի ամուսնու մտերիմ ընկերոջը։ Պատմում է, հուզվում է, արտասվում է, ընկերն էլ նամարդություն չի անում՝ մխիթարում է։ Մի օր է մխիթարում, երկու օր, երեք օր... Ահա այս մխիթարվելու օրերին Լյուբան, բնականաբար, իր բախտից բողոքելիս նայում է Բորյայի աչքերի մեջ։ Իսկ ժամանակակիցները պատմում են, որ Բորյա-Անդրեյ Բելին գրեթե ոչ հողեղեն գեղեցկության տեր տղամարդ էր, աչքերն էլ անհատակ կապույտ էին, եւ բնական է, որ մի օր Լյուբան պետք է ընկղմվեր այդ կապույտի մեջ։ Այս սիրային կապն էլ տեւում է երկու տարի՝ Բլոկի գրեթե անտարբեր հայացքի ներքո։ Սիրահարները մի կուշտ տանջում են իրար, բաժանվում-միանում են, միանում-բաժանվում են, նույնիսկ Բորյան մի անգամ որոշում է ինքնասպանություն գործել, գիշերը հասնում է Նեւա գետի մոտ, որ խեղդվի-պրծնի, բայց հակառակի պես տախտակամածը, բեռնանավերը, նավակները խանգարում են, որ ցատկի ջուրը։ Նստում-սպասում է, որ լույսը բացվի, մի նավակ վարձի, հասնի գետի կենտրոն ու այնտեղ ցատկի, բայց առավոտյան երկտող է հասնում Լյուբայից՝ հանդիպման առաջարկով, ու Բելին, փաստորեն, չի ցատկում։ Մի օր էլ Լյուբան փորձաշրջան է նշանակում։ Բորյային ուղարկում է ժամանակավոր հանգստի, որ կողմնորոշվի՝ Սաշայի՞ն է շատ սիրում, թե՞ Բորյային։ Տասը ամիս է տեւում փորձաշրջանը, որից հետո Լյուբան կողմնորոշվում ու ընտրում է Բլոկին։ Մինչեւ հոգու խորքը ցնցված Բորյան լքում է հայրենիքը։

Մի քանի տարի հետո վերադառնում է, հանդիպում է Ասյա Տուրգենեւային։ Ամուսնանում են, ճամփորդում են, չորս տարի ապրում են Եվրոպայում, հետո Բելին վերադառնում է Ռուսաստան՝ առանց Ասյայի։ Ախ, այդ անիծյալ «եռանկյունին». Պարզվում է՝ Ասյան ուրիշի է սիրում ու այլեւս չի ցանկանում Բորյայի հետ ճամփորդել։

Միայնակ ու հոգնած Անդրեյ Բելիի ու Կլավդիա Նիկոլաեւնայի հանդիպումն ու ամուսնությունն առանց բնազդային ցնցումների էին, եթե անտեսենք, որ այս կինն էլ էր ամուսնացած։ Երկար տարիներ են պահանջվում՝ մինչեւ հաջողվում է ապահարզան ստանալ, գրողի ծոցն ուղարկել եւս մեկ «եռանկյունի» եւ օրինականացնել իրենց համատեղ կյանքը։ Ասում են՝ Բելին Կլավդիայի նկատմամբ բուռն զգացմունք չուներ, բայց նրան շատ էր գնահատում ու իր փրկիչն էր համարում։ Խաղաղ, հնազանդ ու հոգատար այս կնոջ ձեռքերի վրա էլ հանգչում է 53-ամյա հոգնած բանաստեղծը։

Բայց՝ ո՛չ, սպասեք։

Մինչ բոլոր այս «եռանկյունիների» լաբիրինթոսում մոլորվելը՝ ուսանողության տարիներին Անդրեյ Բելին մի սիմֆոնիկ համերգի ժամանակ տեսնում է մի չքնաղ կնոջ։ Մարգարիտա Մորոզովան էր նա՝ լեգենդար Սավվա Մորոզովի տոհմի շառավիղ Միխայիլ Մորոզովի կինը։ Առաջին «եռանկյունին» էր։ 20-ամյա ուսանողը կախարդվում է Մարգարիտայի գեղեցկությամբ։ Նա միջնադարյան ասպետին վայել նամակներ է գրում իր երազների տիրուհուն եւ ստորագրում՝ Ձեր ասպետ։

Մարգարիտան խնամքով պահում էր այդ նամակները, մինչեւ որ մի օր պատահաբար նրա ձեռքն է ընկնում Անդրեյ Բելիի «Երկրորդ սիմֆոնիան» բանաստեղծությունների ժողովածուն, որտեղ տեսնում է ինքն իրեն՝ Հեքիաթի, իսկ ամուսնուն՝ Կենտավրոսի դերում։ Նրանք ծանոթանում են, սկսվում է հետաքրքիր մի բարեկամություն, երբեք չեն խոսում նամակներից, սիրուց՝ առավել եւս։ Նրանց զրույցների թեման գլխավորապես այնկողմնային աշխարհն էր, Անհայտը, առեղծվածները, Ոսկե գեղմը, որ այդքան ուզում էր գտնել ասպետ Անդրեյ Բելին։

Գուցե գտե՞լ է եւ այնտեղ իր Հեքիաթ Մարգարիտայի հետ երջանի՞կ է։ Ո՞վ գիտե։