26.10.2015 14:44

Խմբագրական. Վաղը ՀՀ ԱԺ կոտորածի տարելիցն է, կամ՝ իսկ մեր հոգիները խաղաղվա՞ծ են

Խմբագրական. Վաղը ՀՀ ԱԺ կոտորածի տարելիցն է, կամ՝ իսկ մեր հոգիները խաղաղվա՞ծ են

Ովքե՞ր ցնկնեցին այս հրեշավոր կոտորածի ծրագիրը, ո՞ր գիշատչի որջում, եւ ո՞վ առաջինը բարձրաձայնեց, որ մարդակերությունը երկրի փրկության ելք է։

Վաղը Հայաստանի Ազգային ժողովի դահլիճում «ռոմանտիկ նարկոմանների» իրականացրած նախճիրի տարելիցն է։ 16 տարի է անցել այդ օրից, բայց դեռեւս չունենք այս եւ բազմաթիվ այլ հարցերի պատասխանները։

Իսկ չունեցանք եւ չունենք, որովհետեւ Հայաստանի «ազատ եւ անկախ» արդարադատությանը նախապես տրվել էր ուղեցույցը՝ «ուչաստկովիի մակարդակի գործ է»։ Այդպես էլ արվեց. գործը քննվեց «ուչաստկովիի» մակարդակով, բոլոր կասկածյալներն ազատ արձակվեցին, մնացին միայն «ռոմանտիկները», իսկ թե ինչու էր կոտորածից անմիջապես հետո ահաբեկիչների պարագլուխն այդքան վստահ, որ իրենց «քաջագործությունից» հետո ազգը հերոսացնելու է իրենց, եւ իրենց անունները ոսկե տառերով են գրվելու Հայոց պատմության էջերում, ովքե՞ր էին սրանց թեւ տվողները, ովքե՞ր էին հավատացրել սրանց, որ դիվային ծրագրի իրականացումից հետո այս պարագլխին ձեռքերի վրա տանելու են ու նստեցնեն վարչապետի աթոռին, որ ազգին փրկի՝ գետում լվացք անող կանանց գնդակահարելու միջոցով, իսկ մնացածներին էլ յուղումեղրի մեջ են պահելու՝ չիմացանք։ Չիմացանք նաեւ, թե ինչու էր այս պարագլուխը ԱԺ դահլիճից զանգահարում ինչ-ինչ մարդկանց՝ վստահ, որ նրանք ողջունելու են իր քայլը։ Ովքե՞ր էին եղել վստահեցնողները։

Այդ վստահեցնողները ի՞նչ երկաթյա փաստեր էին սրսկել սրանց գանգերի մեջ, որ ահա՛ Կարեն Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյանը երկիրը կործանում են, իսկ Ռոբերտ Քոչարյանի հետ ուս ուսի՝ ահաբեկիչները կարող են Հայաստանը դարձնել դրախտ։

Ինչու՞ էին որոշ շատ փորձառու քաղաքական գործիչներ, հենց ահաբեկչության հաջորդ առավոտյան՝ առանց դատուդատաստանի, գոհ ժպիտը դեմքներին՝ հայտարարում, թե՝ ոչ ոք չկա դրանց թիկունքին, դե՛, «ռոմանտիկ» տղերք են, էլի։

Ո՞նց պատահեց, որ ոստիկանության ու ազգային անվտանգության աշխատակիցների զգոն հայացքի պայմաններում՝ ահա այս առանց թեւութիկունքի ահաբեկիչներն՝ ավտոմատներով զինված, անարգել մտան ԱԺ դահլիճ։ Իսկ այսօրվա Հանրապետական կուսակցության նախագահ Սերժիկ Սարգսյանը 1999-ի հոկտեմբերի 27-ին Հայաստանի ազգային անվտանգության ղեկավարն էր...

Ինչու՞ էին օրվա իշխանության կամակատար Հայաստանի հանրային հեռուստաէկրանից այդ օրերին, երբ արցունքը չէր ցամաքել մարդկանց աչքերին, սադիստաբար անարգանքի սյանը գամում զոհվածների հարազատներին՝ միայն այն բանի համար, որ նրանք համարձակվում էին բարձրաձայնել, որ չեն հավատում, թե դա «ուչաստկովիի մակարդակի գործ» է։ Ինչու՞ այդ նույն օրերին այդ նույն հեռուստաէկրանից մի թթու խոսք չհնչեց ահաբեկիչների ու նրանց պարագլխի հասցեին։ Ո՞նց պատահեց, որ վաղուց ի վեր լրագրությամբ չզբաղվող գլխավոր ահաբեկչին՝ Ազգային անվտանգության «կանտորայի» թողտվությամբ, այս նույն Հանրային հեռուստատեսության ղեկավարությունը գործուղեց Թուրքիա՝ Հայաստանը ներկայացնելու։ Ո՞ր արժանիքի համար։

Ինչու՞ հետագայում ահաբեկիչների մեծ մասը բանտում մեռավ կասկածելի պայմաններում, իսկ կասկածյալների մի մասը թեթեւ ձեռքով հայտնվեց արտերկրում, մի մասն էլ՝ բարձր պաշտոնների արժանացավ կամ ԱԺ պատգամավոր դարձավ իշխանության ակնհայտ աջակցությամբ։

Ովքե՞ր շահեցին այս ահաբեկչությունից հետո, իսկ ավելի որոշակի՝ ու՞մ էր ձեռնտու այս կոտորածը, ովքե՞ր ամրապնդեցին իրենց իշխանությունը եւ մինչեւ հիմա բազմած են Հայաստանի գլխին։

Անպատասխան մնացած հարցերն անհաշիվ են, մի ողջ օր չի բավականացնի, եթե փորձենք թվարկել...

Իսկ տարիներն անցնում են։ Ականատեսները, կարեւորագույն վկաներն ու կասկածյալները հեռանում են այս աշխարհից բնական կամ «անբնական» մահով, զոհվածների «տուն-երեխա պահող» հարազատներից շատերը համակերպվում են, որ, միեւնույն է՝ իրականությունը չի պարզվելու, ու ծվարում են օրվա իշխանության թեւի տակ...

Ասենք՝ խաղաղությու՞ն սեւ Հոկտեմբերի 27-ի նահատակներ Կարեն Դեմիրճյանի, Վազգեն Սարգսյանի, Յուրի Բախշյանի, Ռուբեն Միրոյանի, Լեոնարդ Պետրոսյանի, Արմենակ Արմենակյանի, Հենրիկ Աբրահամյանի եւ Միքայել Քոթանյանի հոգիներին։

Ասե՛նք, դժվար բան չէ ասելը։ Հավատա՛լն է դժվար, որ նրանց հոգիները կխաղաղվեն, քանի դեռ իրականությունը յոթ փակի տակ է։

Լիզա Ճաղարյան