26.10.2015 16:07

Աշխատանքային այց Մադրիդ` առանց հանդիպման Իսպանիայի որևէ պաշտոնյայի հետ

Աշխատանքային այց Մադրիդ` առանց  հանդիպման  Իսպանիայի որևէ պաշտոնյայի հետ

Միացնում ենք հեռուստացույցը (ցանկցած ալիք) կամ Ազատություն TV` բոլորը շուրջ 5-7 րոպեանոց հաղորդումներ են պատրաստել Սերժ Սարգսյանի` ԵԺԿ համագումարին մասնակցելու վերաբերյալ: Դա այնպես է ներկայացվում, իբր՝ Սերժ Սարգսյանը հաղթահարել է իր նկատմամբ եվրոպական առաջնորդների անվստահությունն ու փաստացի շրջափակումը և առանց խնդիրների շրջում է եվրոպաներով:

Չորս հանգամանք կառանձնացնեինք այս այցի կապակցությամբ.

-  Սերժ Սարգսյանը  և ՀՀ ԱԳՆ-ն կրկին չեն կարողացել կազմակերպել երկկողմ հանդիպում եվրոպական որևէ պետության ղեկավարի, վարչապետի կամ գոնե ԱԳ նախարարի հետ (համագումարին մասնակցում էին մի շարք պետությունների մի քանի տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաներ): Այսինքն, այդ թանկարժեք այցը օգտագործվել է միայն մեկ` ներքին քարոզչական նպատակով, ինչը և ապացուցեցին հայաստանյան բոլոր TV-ները: Իրականում հենց այս վիճակն է խոսում Ս. Սարգսյանի` եվրոպական մայրաքաղաքներում ընդունված չլինելու մասին:

-  Պաշտոնական մամլո հաղորդագրության մեջ նշվում է, որ Ս.Սարգսյանը աշխատանքային այցով է գտնվում Իսպանիայում 

-  Սա թերևս արվել է, որպեսզի արդարացվի պետական բյուջեի հաշվին Ս. Սարգսյանի և նախագահականի աշխատակազմի մի շարք պաշտոնյաների մասնակցությունը կուսակցական միջոցառմանը: Այս դեպքում հարց է առաջանում, թե ինչու չի կազմակերպվել որևէ հանդիպում Իսպանիայի իշխանությունների հետ: Սա Ս. Սարգսյանի հերթական աշխատանքային այցն է արտերկիր, ուր նրան հրաժարվում են ընդունել այդ պետության ղեկավարները:

-  Օրերս Եվրոպական Միության խորհրդի կողմից` Հայաստանի հետ նոր պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու մանդատի հաստատումը ներկայացվել է որպես մեծ ձեռքբերում: Այնինչ չի նշվում այն, որ հենց Սերժ Սարգսյանն է 2013թ. վիժեցրել չորս տարի բանակցված և նախաստորագրված ԵՄ-ի Ասոցացման համաձայնագրի վերջնական ստորագրումը: Որևէ մեկնաբան նաև չի նկատում, որ Հայաստանն ու ԵՄ-ն այլ ելք էլ չունեին` այսօր երկկողմ հարաբերությունները կարգավորվում են Հայաստան-ԵՄ Գործընկերության և համագործակցության Համաձայնագրով, որը ստորագրվել է… 1996 թվականին: 

Այդ հանգամանքը իրապես բնորոշում է Հայաստան-ԵՄ համագործակցության մակարդակը` կտրուկ հակասելով իշխանավորների գնահատականներին երկկողմ հարաբերությունների վերաբերյալ: 1996թ. ստորագրված Համաձայնագիրը ավելի քան հնացած է և դեռևս 10 տարի առաջ արդիականացման կարիք ուներ: Այստեղ նաև նկատենք, որ Ս. Սարգսյանին չեն ընդունել համագումարում մասնակցող Եվրոպական խորհրդի նախագահ Դ. Տուսկն ու Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը:

-  Հայաստանի համար կարևորագույն` Սահմանադրության փոփոխության մասին Սերժ Սարգսյանը խոսում է կամ հեռավոր Եվրոպայից, կամ Երևանում` ռուսաց լեզվով` երկու անգամ էլ օտար լսարանի համար: Նա չի կազմակերպում հատուկ մամուլի ասուլիս մեր լրատվամիջոցների համար, հանդես չի գալիս պատշաճ ելույթով երկրի ներսում, այլ` ուրիշ հարցերի հետ միասին խոսում է հանրաքվեի մասին:  

Վերիշելով տարվա ընթացքում Սերժ Սարգսյանի այցերը Եվրոպա (նկատենք, որ մեկ տարվա ընթացքում նա մասնակցել է 4 (!) կուսակցական հավաքներին)` կարող ենք փաստել, որ Սերժ Սարգսյանի նկատմամբ եվրոպական մայրաքաղաքներում առկա վերաբերմունքը անդրադառնում է Հայաստանի վրա: Մենք զրկվում ենք բարձր մակարդակի հանդիպումների արդյունք հանդիսացող առավելություններից, այն հնարավորություններից, որոնք տրամադրում են ԵՄ-ն և անդամ պետությունները` գործընկերներին. Հայաստանը Եվրոպայում չունի վստահելի գործընկերոջ համբավ: Ակնհայտ է նաև, որ Ս. Սարգսյանը ի վիճակի չէ փոխել այդ իրավիճակը, նա չունի դրա համար անհրաժեշտ կարողություններ, կամք և վստահություն: 

Վլադիմիր Կարապետյան