27.10.2015 12:10

Խմբագրական. Ինչո՞ւ սպանեցիր քո եղբորը, Կայեն

Խմբագրական. Ինչո՞ւ սպանեցիր քո եղբորը, Կայեն

Երբ Կայենը սպանեց Աբելին, եւ երբ եղբայրասպանությունը չպատժվեց, եւ չկար մեկը, ով կբռներ այն ձեռքը, որը զենք էր բարձրացրել իր եղբոր վրա, երբ եղբայրասպանությունը խրախուսվում էր, եւ երբ մեղմ պատիժ էր սահմանվում, եւ ճաղերից այն կողմ՝ եղբայրասպանին չարտաքսեցին Եդեմից, երբ սպանվածների արյան խարանը դաջվում է բոլորի ճակատին, որովհետեւ եղբայրասպաններին խրախուսողներին թույլ տվեցին Բաբելոնյան աշտարակ կառուցել եւ մեծ քաղաքը վերածել մի նոր Արշակավանի, երբ սրտներս ցավում, բայց ձեռքներս մինչեւ վերջ վեր չէր հառնվում, ու ոտքերը մեր մեզ մինչեւ վերջ փողոցում չէին պահում՝ արյան մեղքի համար հատուցում պահանջելու համար, երբ Աբելի մյուս եղբայրը անցավ Կայենի թրի տակով եւ վաճառեց իր հոգին, եւ երբ 30 արծաթը դարձավ հատուցման հաստատված վարձք՝ թե անցյալի արյան եւ թե հետագա եղբայրասպանության համար, երբ վաճառքի հանվեց ոչ միայն անցյալի արյունը, այլեւ՝ ապագան, եւ սքեմավորը չտեսավ Աբելի արյունը, այլ օծեց Կայենին՝ որպես թագավոր, եւ նրան իր եղբայրը հռչակեց, եւ Կայենը նրան ընծայեց ոսկեղեն ու մետաքս, երբ սքեմավորը թույլ տվեց Կայենի գլխավերեւում ամպհովանի պահել եւ արյունոտ շուրթերով համբուրել խաչը եւ ոտք դնել Աստծո տան մեջ, եւ միասին Աստծո տունը շուկայի վերածեցին, երբ միասին հոշոտեցին Եդեմի բոլոր պտուղները (արգելված եւ ոչ), եւ կանաչ մարգագետիններում արածեցրին իրենց նախիրը, իսկ մարդկանց սովի մատնեցին, եւ երբ իրենց խորհրդական դարձրին անտառաճանաչներին ու պատերազմ սկսեցին գրերի դեմ, պարզ դարձավ, որ նոր եղբայրասպանությունը սարերի հետեւում չէ: Ոչ գուշակության կարիք կար, ոչ կանխատեսման, ամեն ինչ արդեն ակնհայտ էր, քանզի իր եղբոր արյունը մեկ անգամ թափածն արդեն չէր խորշելու նոր արյունահեղությունից: Եւ այն իրեն երկար սպասել չտվեց: Նրանք խլեցին տասը երիտասարդ Աբելների կյանքը, հին արյունը դեռ չչորացած՝ նոր արյուն թափեցին, եւ նա, ում ձեռքին խաչ կար, չտեսնելու տվեց այդ արյունն ու նորից օծեց Կայենին, որովհետեւ իրեն հոգով ավելի հարազատ էր Կայենը, ու չնայած Կայենն իր աջը չէր համբուրում, ինքն իր աջի «հովանու» տակ առավ նրան:

Եւ ասացին, որ Կայենը չի խլել Աբելների կյանքը, եւ չգիտեն, թե ովքեր են նրանք, այդ «անհայտ» եղբայրասպանները, բայց կամացուկ նշաններ փոխանցեցին բոլորին, որ Կայենն այդպիսին է, եւ չի խորշում եղբայրասպանությունից, եւ որ կամ պետք է լուռ վերցնել 30 արծաթը, կամ արժանանալ նրանց ճակատագրին: Եւ Կայենի հույսն այն էր, որ մարդու հիշողությունը կարճ է, իսկ 30 արծաթի փայլը՝ գայթակղիչ, եւ քանի դեռ իրենք գրոշներ կբաժանեն, ոչ մեկը համարձակություն չպիտի ունենա, որ ուղղի կորացած մեջքն ու հարցնի իրեն՝ «ինչո՞ւ սպանեցիր քո եղբորը, Կայեն»:

Եւ Կայենի պայքարը նաեւ հավաքական հիշողության դեմ էր: Կայենն ուզում էր նաեւ սպանել մարդկային բանականության առանցքը՝ հիշողությունը, առանց որի մարդ եւ խուլ կլիներ, եւ կույր, եւ համր: Ու թեեւ մարդն ասուն կլիներ, բայց չէր ունենա ոչ անցյալի եւ ոչ էլ, առավելեւս՝ ապագայի մասին մտորելու ոչ կարիք, ոչ էլ ժամանակ:

Եւ այլընտրանք չկա: Կամ Կայենը պիտի հաղթի բոլորին, կամ բոլորը պիտի նրան հարց ուղղեն՝«ինչո՞ւ սպանեցիր քո եղբորը, Կայեն»:Եւ Կայենը պիտի տա դրա պատասխանը՝ առանց հույսի, որ ճաղերից այն կողմ իրեն չեն արտաքսի Եդեմից:

Քրիստինե Խանումյան