27.10.2015 13:42

Այսօր ծնվել է Նիկոլո Պագանինին՝ հանճարեղ «դեւը»

Այսօր ծնվել է Նիկոլո Պագանինին՝ հանճարեղ «դեւը»

Պատկերացնու՞մ եք, Պագանինին ծնվել է Իտալիայի Ջենովա քաղաքի նեղլիկ նրբանցքներից մեկում, որի անունը «Սեւ կատու» էր։  Դե, արի ու մի հավատա, որ նա սատանայի հետ սերտ կապ է ունեցել։ Բայց թե ինչու՞ է այդ ողջ նրբանցքում միայն Պագանինին սատանայի հետ առնչվել, հայտնի չէ։ Ո՞վ իմանա, եթե այդ նրբանցքի բոլոր բնակիչները Պագանինիի նման հանճարեղ ջութակահար լինեին, դժվար թե «Սեւ կատվի» ձեռքից պրծնեին։ Բայց այդ նրբանցքի միակ հանճարը Նիկոլոն էր, դրա համար էլ ողջ կյանքում եւ մահից հետո նրան հետապնդել են խորհրդավոր, ժանտատեսիլ լեգենդները։

Եվ նույնիսկ գերմանացի բանաստեղծ Հայնրիխ Հայնեն է տրվել այս սեւկատվային մղձավանջին։ Տեսեք, թե ինչ է ասում Պագանինիի մասին. «Մի կերպ կարողացա ճանաչել նրան՝ իր դարչնագույն վանականական պարեգոտի մեջ, որն ավելի շուտ նրա թաքստոցն էր, ոչ թե հագուստը։ Մի տեսակ վայրի արտահայտությամբ դեմքը կիսով չափ ծածկված էր գլխանոցով, պարանով գոտեւորված, բոկոտն, միայնակ ու հպարտ՝ կանգնել էր Պագանինին ծովի վրա կախված ապառաժին եւ ջութակ էր նվագում։ Ինչպես ինձ թվաց՝ այդ պահին մթնշաղ էր. մայրամուտի բոսորագույն ցոլքերը տիրել էին ծովի լայնարձակ ալիքներին, որոնք ավելի ու ավելի էին կարմրում եւ ջութակի խորհրդավոր մեղեդուն ներդաշնակ՝ աղմկում էին առավել հանդիսավոր։ Ապա,  ջութակի հնչյունները ավելի պոռթկուն ու համարձակ էին դառնում. ահազդու արտիստի աչքերում փայլատակում էր ավերումի այնպիսի հանդուգն ծարավ, նրա բարակ շրթունքները շարժվում էին այնպիսի չարագույժ կրքոտությամբ, որ թվում էր՝ նա մռթմռթում է սրբապիղծ նզովքներ, որոնք ալեկոծություն են հրահրում, եւ շղթաներից ազատվում են ծովային խորխորատներում տանջալի բանտված չար ոգիները»։   

Սարսափահար եղաք, չէ՞։

Ահա այսպես սարսափում, դեռեւս նրա կենդանության օրոք լեգենդներ էին հյուսում վիրտուոզ ջութակահար, կիթառահար, կոմպոզիտոր Նիկոլո Պագանինիի (1782-1840) շուրջը, բայցեւ չէին կարողանում չխոստովանել, որ նա անքննելի հանճար է։ Իսկ Ջենովայի «Սեւ կատվի» նրբանցքում ծնված, դաժան հոր «շնորհիվ» ծանրագույն մանկություն ապրած այս մարդու «աններելի մեղքն» այն էր, որ ողջ կյանքում թուլակազմ ու վատառողջ էր, հիվանդագին դալկադեմ էր, աչքերը կայծկլտուն էին, քիթը կեռ էր եւ պատկառազդու չափի, արտասովոր երկար ու բարակ էին նաեւ մատները, ձախ ուսն աջից նկատելիորեն բարձր էր, եւ նվագելիս բարալիկ իրանը գերլարվածությունից ցնցվում էր։

Այսինքն, բնությունը նրա ճակատին հանճարի կնիք էր դրել, եւ այս հանճարին տեղավորել էր խեղված կաղապարի մեջ։ Դե, ահա այս հանճարն էլ իր ծռմռված կերպարանքի մեջ դեւ փնտրող հասարակությանը ձեռնոց էր նետել՝ դե՞ւ եք ուզում տեսնել իմ մեջ, ստացե՛ք։ Եվ ստանում էին լիուլի։ Նրա «շոուներին» կնախանձեին ժամանակակից զանազան-զարմանազան աստղերը, որոնք ներկա գերզարգացած տեխնիկայի անսահման հնարավորությունների պայմաններում անգամ չեն հասել ու դժվար թե հասնեն այն ինքնամոռացության ու հիացմունքի մակարդակին, որին հասարակությանը հասցնում էր «Հարավի կախարդը»՝ իր ջութակի հետ մի մարմին դարձած։

Առեղծվածների, մութ ուժերի մասին շշուկներն անհամեմատ գայթակղիչ էին, եւ մարդիկ ավելի հաճույքով հիշում ու տարածում էին սատանայի ու հանճարի գործարքի մասին պատմությունները, քան, օրինակ, այն փաստերը, որ, մանրուքների հարցում չափազանց ժլատ այս «դեւը» (ասում են՝ իր հագուստները հնավաճառներից էր գնում) բազմաթիվ բարեգործական համերգներ է մատուցել հենց այդ նույն հասարակությանը, մշտապես ձրի տոմսեր է բաժանել դերասաններին ու երաժիշտ ուսանողներին, հարազատներին ու բարեգործական կազմակերպություններին շռայլորեն նվիրաբերել է իր վաստակած գումարից, նյութական ծանր վիճակում գտնվող, դեռեւս անհայտ կոմպոզիտոր Բերլիոզին է հանել դժվար կացությունից՝ հինգ տարի շարունակ օգնելով նրան, իր թանկարժեք ջութակները կտակել է ընկեր երաժիշտներին, նույնիսկ՝ հակառակորդներին է կտակել, նրանց՝ ում մեջ տաղանդ է տեսել։ Միայն իր ամենասիրելի ջութակն է մնացել անհասանելի. նվիրել է իր ծննդավայր Ջենովային եւ խստորեն պայման դրել՝ ոչ ոք չպետք է նվագի այդ ջութակով։ Հավանաբար, հենց դրա համար էլ նրա անբաժան «կողակիցն» ստացել է «Պագանինիի այրի» պատվանունը։

Այս «դեւը» ու խաղամոլը նաեւ անչափ սիրել է իր միակ որդուն եւ նրա ծնվելուց հետո այլեւս խաղատներ չի այցելել։ Այդ սերը փոխադարձ է եղել, հակառակ դեպքում՝ որդին հավատարմորեն եւ տասնյակ տարիներ չէր նվիրի՝ իր «դեւ» հոր մարմինը հողին հանձնելու իրավունք ստանալու համար։

Ոմանք ասում են՝ Պագանինիի թափառական մարմինը հող դառնալու հնարավորություն ստացավ իր մահից 16 տարի անց, ոմանք ասում են՝ 36 տարի անց, ոմանք էլ՝ 56 տարի անց։

Իսկ հոգի՞ն։ Հոգին շարունակում է չարչրկվել ահասարսուռ լեգենդների սիրահար մարդկության եռացող ուղեղներում։