28.10.2015 11:20

Գրանորություն. Օրհան Փամուքի «Իմ անունը կարմիր է» վեպը

Գրանորություն. Օրհան Փամուքի «Իմ անունը կարմիր է» վեպը

Երկար-դանդաղ, դադար, ծուռտիկ-պռտիկ, մազի պես բարակ, ձգա՜ծ-հեռավոր: Ու անվերջանալի՝ կյանքը պահող տագնապի նման: Գրքի էջերի պես թերթվող դաշտեր, քաղաք-աջափսանդալ ու դեմքեր, որոնք արագ-արագ շարժվելուց նույնականանում են, կորցնում-գտնում՝ ազգությունը, կրոնը, լեզուն: Ու տարբեր ձայներ... Որտեղի՞ց է պատմությունը սկիզբ առնում, ո՞ր կետից են ձայները բաժանվում, դառնում պատմողներ: Պատմությունը մասեր չունի, կլորավուն է ՝նման գնդի: Բայց պատմությունը ընդգրկելու, ամբողջացնելու համար հենց ձայներ են պետք, որոնք գնդին տարբեր անկյուններից մոտենալով՝ օտարի, սևի, մաշկի, այլազգու ու նույնազգու հնչյունները հավաքում դարձնում են մի ընդհանուր հորիզոն՝ անուն լցված կարմիրի համառ ընկալումով...

«Երբ ցավով հասկացա, որ մահանալու եմ, տարօրինակ թեթևության զգացում ունեցա: Այդ անցումային պահն ապրեցի այս թեթևության զգացումով: Այդ պահը նման էր նրան, երբ մարդն իր երազում ինքն իրեն քնած է տեսնում: Ամենավերջում իմ ստոր մարդասպանի ձնոտ, ցեխոտ կոշիկները տեսա: Աչքերս փակեցի, ասես քնելու էի և սկսեցի լողալ քաղցր երազների մեջ: Այժմ բողոքում եմ ոչ թե այն պատճառով, որ ատամներս բոված սիսեռի հատիկների պես բերանս են լցվել, դեմքս անճանաչելի է դարձել կամ որ ընկած եմ 12 ինչ-որ ջրհորի հատակին, այլ որովհետև մարդիկ կարծում են, թե դեռ ողջ եմ: Այն, որ ինձ սիրող մարդիկ հաճախ իմ մասին մտածելով՝ կարծում են, թե Ստամբուլի մի անկյունում հիմարի պես իմ գործերով եմ զբաղված, անգամ՝ թե ուրիշ կնոջ ետևից եմ ընկել, իմ անհանգիստ հոգուն տառապանք է պատճառում: Թող հնարավորինս շուտ գտնեն իմ մարմինը, նամազ անեն և արդեն հողին հանձնեն: Եվ որ ամենակարևորն է՝ թող ինձ սպանողին գտնեն»:

«Անտարես» հրատարակչության կողմից «Նոբելյան մրցանակակիրներ» մատենաշարով հրատարակված Օրհան Փամուքի «Իմ անունը կարմիր է» վեպը՝ թուրքերենից Արփի Աթաբեկյանի թարգմանությամբ, հարցրեք գրախանութներում:

Խորագրի պատասխանատու՝ Հովհաննես Թեքգյոզյան: