28.10.2015 14:28

Այսօր ծնվել է Վելիմիր Խլեբնիկովը. «Ես մեռա ու ծիծաղեցի»

Այսօր ծնվել է Վելիմիր Խլեբնիկովը. «Ես մեռա ու ծիծաղեցի»

Շեն ընտանիքի զավակ էր այս աստանդականը, աչքը բացել՝ գրքեր էր տեսել։ Բայց իր կարճատեւ երկրային կյանքն ապրեց կիսաքաղց, ամառ-ձմեռ իր մարմնից անբաժան շինելով, գլխին երբեք սեփական ծածկ չունեցավ, եւ պատճառն այն չէր, որ հնարավորություն եւ արժանիքներ չուներ փող վաստակելու, պարզապես՝ այս «մանր-մունր» խնդիրները չէին հետաքրքրում նրան։

Խենթ իմաստուն էր բանաստեղծ Վելիմիր Խլեբնիկովը (1885-1922)։

Նկարիչ, երաժիշտ Միխայիլ Մատյուշինը պատմում է. «Առօրյա կյանքում Խլեբնիկովն անօգնական էր երեխայի նման եւ սարսափելի մտացրիվ։ Ճաշելիս՝ հացի փոխարեն լուցկու տուփն էր բերանը տանում, տնից դուրս գալիս՝ մոռանում էր գլխարկը։ Այնքան լռակյաց էր ու ինքնամփոփ, որ երբեմն մոռանում էիր նրա ներկայությունը։ ... Օրերով հանրային գրադարանում թվերի աշխարհում էր, մոռանում էր խմել եւ ուտել ու երբեմն այնքան տառապած, հոգնությունից ու քաղցից դժգունած, բայցեւ՝ այնպիսի խորը մտասուզվածությամբ էր վերադառնում, որ դժվարությամբ էր հնարավոր լինում պոկել նրան իր հաշվարկներից եւ նստեցնել սեղանի մոտ»։

Սա էլ Վլադիմիր Մայակովսկու մուսա Լիլյա Բրիկն է պատմում. «Երբեք չեմ լսել, որ նա դատարկաբանի, երբեք չէր ստում եւ չէր ծեքծեքում, եւ ես բացարձակ չէի կասկածում, չնայած՝ հիմա էլ չեմ կասկածում, նրա հանճարեղությանը»։

Ինքը՝ Մայակովսկին, Խլեբնիկովին այսպես է բնութագրել՝ պոեզիայի ազնվագույն ասպետ։

Սովորել է Կազանի համալսարանի ֆիզիկամաթեմատիկան ֆակուլտետում, հետո՝ կիսատ է թողել, ապա ուսումը շարունակել է արեւելյան լեզուների ֆակուլտետում (Պետերբուրգ), հետո փոխադրվել է պատմափիլիսոփայության ֆակուլտետի առաջին կուրս։ Ուսման վարձը չվճարելու համար սա էլ է կիսատ մնացել։ Սկզբից տարվել է սիմվոլիզմով, հետո միացել է ֆուտուրիստներին եւ պահանջել՝ «Պուշկինին դեն նետել ժամանակակից նավից»։

Խելագար իմաստունի, տարօրինակ առաքյալի, այլ աշխարհների դերվիշի, հավերժ աստանդականի նրա կերպարը մշուշով էր պատել նրա պոեզիան։ Հետաքրքրությունների շրջանակը սահմաններ չէր ճանաչում՝ մաթեմատիկա, բյուրեղագիտություն, կենսաբանություն, քիմիա, երաժշտություն, նկարչություն, գրականություն, փիլիսոփայություն՝ Պլատոնով ու Սպինոզայով էր տարված, ճապոներեն էր սովորում։

Իսկ ահա բանաստեղծ Օսիպ Մանդելշտամն այսպես է գնահատել նրա գրեթե անտեսված պոեզիան՝ նրա ամեն տողը մեկ պոեմի սկիզբ է։

Խլեբնիկովին քիչ էր հետաքրքրում՝ անտեսվա՞ծ է իր պոեզիան, թե՝ ոչ։ Նկարիչ Նինա Կոգանին մի առիթով ասել էր. «Բանաստեղծությունը ճամփորդություն է այնտեղ, որտեղ մինչ այդ ոչ ոք չի եղել»։ Նա ուզում էր ոչ միայն ստեղծել պոեզիայի նոր լեզու, ոչ միայն ճանաչել անցյալը, այլ նաեւ մաթեմատիկական սահմանումների ճշգրտությամբ չափել պատմության օրենքները, որոնց հենվելով՝ հնարավոր լինի ճշգրիտ գուշակել ապագան։ Դրա համար պահանջվում էր նոր ընդհանրական գիտական ճյուղ, որը կներառեր լեզվաբանությունը, մաթեմատիկան, պատմությունը եւ... պոեզիան։

Ընկերներն ասում էին՝ Ժամանակի արքան ես, ինքը պնդում էր, որ Հողագնդի նախագահն է։ Նա մտադիր էր ստեղծել Հողագնդի նախագահների ընկերություն, որը պետք է այս կլոր գնդի, որի վրա ապրում ենք, գոյությունն ուղղորդեր։

Խելագա՞ր էր իրոք։ Գուցե։ Բայց Խլեբնիկովի ստեղծագործությունները հիմա ավելի ու ավելի հաճախ են դառնում պատմաբանների, մաթեմատիկոսների, փիլիսոփաների ու պոեզիայի սիրահարների հետաքրքրության առարկա։ Ու չեն կարող չդառնալ, որովհետեւ այս կիսաքաղց թափառաշրջիկին հաջողվել էր հաշվարկել եւ կանխատեսել 1917-ի հեղափոխությունը, առաջին համաշխարհային պատերազմը։ Հենց նա էր ասել, որ Տիեզերքը բաբախում է, ինչն այժմ պնդում են գիտնականները։ «Բաբախում են արեւները, բաբախում են աստղախմբերը, բաբախում են ատոմները, նրանց միջուկները եւ էլեկտրոնային թաղանթները, նաեւ նրանց մեջ առկա յուրաքանչյուր էլեկտրոն։ Բայց մեր գալակտիկայի բաբախյունն այնքան մեծ է, որ հնարավոր չէ չափել։ Ոչ ոք չի կարող  հայտնաբերել այդ ռիթմի սկիզբը եւ վկան դառնալ նրա ավարտի»,-ասել է Խլեբնիկովը։ Էյնշտեյնի տեսությու՞նը... այս ֆուտուրիստ պոետն արդե՛ն գիտեր չորս չափումների մասին, որտեղ չորրորդ չափումը ժամանակն էր։ Նրա համար ժամանակը միաժամանակ ե՛ւ հարաշարժ տարածություն էր, ե՛ւ ալիք։ Ժամանակակից ինտերնետն էլ էր «տեսել»։ Իր «Ապագայի ռադիոն» աշխատության մեջ նա նույնությամբ նկարագրում է այն հնարավորությունները, որոնցից հիմա մենք օգտվում ենք ամեն օր՝ համակարգչի առջեւ նստած, նույնիսկ օգտագործել է «սարդոստայն» բառը։

Գիտեր նաեւ, թե երբ է մեռնելու. «Ինձ նման մարդիկ մեռնում են 37 տարեկանում»։ Բայց իր մոտալուտ մահվան վտանգը չի մտահոգել նրան, որովհետեւ իր գիտական բացահայտումներով համոզվել է, որ «մահը ժամանակավոր լող է անգոյության ալիքներում»։ Նա վստահ էր, որ մահը հոգու վերջին կանգառը չէ, ընդամենը կյանքի հոսքի անցումային փուլ է, ճամփաբաժաններից մեկը։ Ու մահից առաջ գրել է. «Ես մեռա ու ծիծաղեցի։ ...Հասկացա, որ ամեն ինչ առաջվա նման է, պարզապես հիմա աշխարհին նայում եմ հոսանքին հակառակ»։