28.10.2015 15:12

Խմբագրական. Վ. Մանուկյանը եւ սահմանադրական հեղափոխության ծրագիրը

Խմբագրական. Վ. Մանուկյանը եւ սահմանադրական հեղափոխության ծրագիրը

Զարմանալի կարող է թվալ, բայց սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ իշխանական տեսակետի ցայսօր լսածս լավագույն, թերեւս, միակ հոդաբաշխ եւ համակարգված հիմնավորումը տվել է... Վազգեն Մանուկյանը «Ռ-Էվոլյուցիա» հաղորդման ընթացքում (իմիջիայլոց, ստիպված ենք նկատել, որ հերթական անգամ համոզվում ենք, որ հոդաբաշխ քաղաքական խոսքը մնում է մեզանում ավագ սերնդի գործիչների մենաշնորհը): Մանուկյանի հետ հարցազրույցի հիմնական մեխը հենց սահմանադրական փոփոխություններին նվիրված հարցադրումներն էին (այլ հարցեր էլ քննարկվեցին, բայց բավականին անհետաքրքիր ու անցողիկ), եւ կարծում եմ՝ հաղորդումը հենց այդ նպատակով էլ կազմակերպված էր:

Ընդ որում, պետք է հատուկ շեշտեմ, որ պարոն Մանուկյանը խոսում էր սահմանադրական փոփոխությունների մասին՝ ոչ թե որպես կողքից դիտող, մեկնաբանող, կարծիք հայտնող եւ նույնիսկ՝ ոչ թե որպես սոսկ կողմ արտահայտվող, այլ որպես այդ ծրագրի տեր, գրեթե հեղինակ, համենայն դեպս՝ մեկն, ով այդ ծրագիրը նաեւ իրենն է համարում: Սա պնդում չէ, տպավորություն է, բայց շատ կպչուն, հստակ տպավորություն: ՀՀ առաջին վարչապետի խոսքն այդ իմաստով չես համեմատի սահմանադրականին կողմ արտահայտվող այլ՝ ֆորմալ իմաստով ընդդիմադիրների ստիպողական, ջղային, արհեստական ճիգերի հետ՝ մի բան մոգոնելու իրենց դիրքորոշումն արդարացնելու համար («մեր ծրագրում գրված է», «դե, ինչու չփորձենք» եւ այլ անհեթեթություններ, որոնք լսելիս՝ մարդու մեղկն են տալիս դրանց անճար հեղինակները): Ինչ-որ առումով նույնիսկ շնորհակալություն պետք է հայտնենք Մանուկյանին՝ սահմանադրական փոփոխությունների շուրջ բանավեճում համակարգված խոսքին, գոնե ձեւականորեն հիմնավորված տեսակետին առարկելու հնարավորություն ստեղծելու համար:

Փոքր, բայց էական խորամանկություն

Նախ՝ տանք Վազգեն Մանուկյանի տեսակետի սեղմագիրը: Ըստ այդմ, վերջին տասնամյակներում անկախացած երկրների փորձը ցույց է տալիս, որ նախագահական կառավարման ձեւը հանգեցնում է անընդհատ հեղափոխությունների եւ հեղաշրջումների: Այդ համակարգն անձնավորված է, իսկ անձի՝ նախագահի հեռացման մեխանիզմներն, օրինակ՝ իմպիչմենտը լավ չի աշխատում: Առաջացած «ճեղքի» մեջ մտնում են արտաքին ուժերը, որոնք աջակցում են հեղափոխական շարժումներին: Սեղմ ասած՝ նախագահական կառավարման համակարգը վտանգում է երկրի կայունությունը: Ճիշտ է, ասում է Մանուկյանը, խորհրդարանական համակարգն էլ անկայունության իր վտանգն ունի, քանի որ դժվար է մեկ ուժին հավաքել 50 տոկոսից ավելի ձայներ, ապա ստեղծվում է կառավարությունների անընդհատ փոփոխման վիճակ: Բայց ահա այնտեղ, ուր տասնամյակների ընթացքում իշխանությունը մեկ կուսակցության ձեռքում է մնացել՝ ինչպես Ճապոնիայում, այնտեղ հնարավոր է եղել առաջընթաց ապահովել: Նախագահական կառավարման ժամանակ, իշխանափոխության համար պետք է կենտրոնացնել բոլոր ուժերը նախագահական ընտրությունների ընթացքում, շարունակում է նախկին վարչապետը, եւ մեկ քայլանոց մատ անելու փորձ անել իշխանությանը: Այժմ իշխանափոխության հարցն արդեն այդքան հեշտ չի լուծվելու՝ պետք է կուսակցություն ստեղծել, մեջն արժանի մարդիկ ընդգրկել, գաղափարներ եւ այլն: Այնպես որ, եզրակացնում է Մանուկյանը, այսօր սեղանին դրվածը ոչ թե սահմանադրական փոփոխություն է, ինչպես 2005-ինն էր, այլ հեղափոխություն է, եւ 4-5 տարուց կզգանք դրա ազդեցությունը: Ահա այսքանը՝ հիմնական գծերով:

Առաջին հայացքից այս ամենը համոզիչ, գեղեցիկ եւ նույնիսկ զուտ պետության շահերով հիմնավորված է թվում: Բայց իրականում «փոքր», բայց հիմնարար խորամանկություն կա: Մանուկյանը շատ ճիշտ է ամեն բան հիմնավորում ու ներկայացնում, եւ վստահ եմ, որ սահմանադրական փոփոխությունների նախագծի հիմքում ընկած է, բացի Սարգսյանի անձնական «վերարտադրումից», նաեւ հենց առաջին վարչապետի ներկայացրած «կայունության» ծրագիրը (ի դեպ, առիթ ունեցել ենք նաեւ այդ տեսակետից վերլուծել գործընթացը), բայց խորամանկությունն այն է, որ իրականում խոսքը ոչ թե պետության, այլ իշխող վերնախավի կայունության մասին է: Ավելորդ է ասել, թե որքան կարեւոր է այդ «խորամանկ» չտարբերակումը, լռելյայն նույնացումը՝ իշխող վերնախավի եւ պետության շահերի միջեւ: Մեր հիմնական հակաթեզն ուրեմն այս է՝ սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության Մանուկյանի հիմնավորումն իրոք համոզիչ է, բայց ո՛չ թե պետության ու ժողովրդի, այլ միայն իշխող վերնախավի շահերի տեսանկյունից: Այժմ փորձենք հիմնավորել այս հակաթեզը:

Անկայունության հիմքը ոչ թե ձեւն է, այլ էությունը

Նախ՝ ոչ միայն փորձը, այլեւ տրամաբանությունը հուշում են, որ հեղափոխականության մարտահրավերը եւ դրա հետ կապված անկայունության վտանգը կապված են ոչ թե իրավականորեն ձեւակերպված կառավարման ձեւի, այլ փաստացի գոյություն ունեցող համակարգերի հետ: Նախագահական համակարգն ինքնին որեւէ կապ չունի հեղափոխական անկայունության, ինչպես եւ խորհրդարանականը՝ կայունության հետ: Հեղափոխականությունը բնական ուղեկիցն է ցանկացած մենաշնորհային՝ մրցակցությունից զուրկ, նաեւ՝  ոչ օրինակարգ համակարգի, դասական եզրով ասած՝ բռնապետության: Բռնապետությունն ու հեղափոխությունն իրոք երկվորյակ եղբայրներ են, եւ որտեղ կա մեկը, միշտ էլ կա մյուսի վտանգը: Սրա պատճառները շատ պարզ են. ցանկացած հասարակության մեջ էլ առկա է տարբեր շերտերի շահերի հակասություն, եւ եթե խմբերից մեկը մենաշնորհում է կառավարումը՝ անտեսելով մյուսների շահերը, եթե մենաշնորհից դուրս մնացած խմբերի շահերը հնարավոր չէ պաշտպանել սահմանված խաղի կանոնների շրջանակում (օրինակ, եթե խաղի կանոնն ընտրությունն է, բայց դրա արդյունքները կեղծվում են), ապա առկա է գրեթե մշտական հեղափոխական իրավիճակ: Այլ բան է, որ այդ հեղափոխականությունը միշտ չէ, որ ի զորու է շոշափելի արտահայտություն ստանալ, բայց նպաստավոր պայմաններում՝ «անսպասելիորեն» բացահայտվում է:

Քաղաքական մենաշնորհը կարող է ձեւավորվել ցանկացած՝ նախագահական, խորհրդարանական, միապետական, թե այլ իրավականորեն ձեւակերպված համակարգի պայմաններում: Եթե նախագահական համակարգի փոխարեն թղթի վրա անցնում ենք խորհրդարանականի, բայց քաղաքական մենաշնորհը պահպանվում է, ապա հեղափոխական անկայունության վտանգը որեւէ տեղ չի կորչում, քանի որ, ինչպես նշեցինք՝ կախված է փաստացի, այլ ոչ թե թղթի վրա ձեւակերպված խաղի կանոններից: Ավելին, ոչ միայն պարզապես մենաշնորհային, այլեւ անձնակենտրոն համակարգը, փաստացի՝ բացարձակ միապետությունը լիովին համատեղելի է իրավականորեն ձեւակերպված խորհրդարանական համակարգի հետ: Դրա օրինակներից այնքան շատ ենք խոսել ժամանակին, որ անհարմար ենք զգում կրկնել (ԽՍՀՄ, նախկին սոցճամբարի երկրներ, Հռոմեական կայսրություն եւ այլն): Ուրեմն, եթե անկայունության պատճառը մենաշնորհային, կամ էլ թեկուզ՝ անձնակենտրոն համակարգն է, ապա անցումը խորհրդարանական կառավարմանը՝ դրա դարմանը լինել չի կարող: Իսկ եթե վերացնում ենք մենաշնորհը ոչ թե թղթի վրա, այլ փաստացի, ապա նախագահական համակարգն էլ է ապահովում տեւական եւ խորքային կայունություն՝ հեղափոխական վտանգի չեզոքացմամբ: Պետական շահի տեսակետից, ուրեմն, տարբերություն չկա՝ անկայունության մարտահրավերն ինչպես եղել է, այնպես էլ պահպանվելու է, պարզապես իր արտահայտման ձեւերը կարող են փոխվել:

Ոչ թե պետության, այլ իշխող խմբի կայունություն

Բա այդ դեպքում, ի՞նչ կայունության մասին է խոսում պարոն Մանուկյանը: Չնայած առաջին վարչապետը խոսում է պետության մասին, բայց իրականում նրա խոսքը հիմնավորում է իշխող խմբի դիրքերի կայունությունը, եւ հենց դա՛ է սահմանադրական փոփոխությունների իրական գաղափարախոսությունը: Իշխող խմբի շահերի տեսակետից՝ ի տարբերություն ընդհանուր պետության շահի, իրոք կա տարբերություն նախագահական եւ խորհրդարանական համակարգերի միջեւ: Նախագահական համակարգն, այո՛,անձնակենտրոն է: Բայց անձնակենտրոն է ոչ միայն իշխանության, այլեւ ընդդիմության տեսակետից: Ինքը՝ Մանուկյանը, նշում է, որ դա հնարավորություն է տալիս ուժերի առավել կենտրոնացմամբ մեկ քայլանոց մատ անել իշխանությանը: Եվ իրոք, հենց միայն մեր՝ անկախ Հայաստանի քաղաքական պատմության փորձը հուշում է, որ չնայած իշխանությունը կարողացել է փաստացի հաղթող դուրս գալ նախագահական ընտրություններից, բայց դրանք գրեթե միշտ էլ առիթ են եղել հեղինակավոր առաջնորդների շուրջ ընդդիմադիր հզոր բեւեռների ձեւավորման, հասարակության դժգոհության ալիքի բարձրացման, ինչն իշխանությանն էլ պարտադրել է ուժերի առավելագույն մոբիլիզացիա, նաեւ՝ հասարակական պահանջներին որոշակի հարցերում զիջողականություն եւ այլն: Այլ կերպ ասած՝ նախագահական ընտրությունները շատ թանկ են նստել իշխող խմբի վրա, նրա հաղթանակը միշտ եղել է մազի ծայրին, խնդրահարույց:

Անկախ բոլոր այդ ընդդիմադիր ալիքների ձախողումից, նախագահական ընտրությունների ուրվականը նյարդայնության առիթ է իշխանության համար՝ ոչ մի երաշխիք չկա, որ ամեն անգամ հնարավոր կլինի բարեհաջող դուրս գալ դրանց բեռի տակից: Նախագահական ընտրությունների հեռանկարից ելնելով՝ պետք է նախապես ապահովել ներիշխանական ծայրահեղ համախմբում եւ միասնություն (իսկ ո՞վ ասաց, որ դա միշտ հնարավոր է), պետք է որոշ հարցերում նախապես զիջումներ անել հանրությանը, այլեւայլ «երրորդ» խմբերի փայ տալ, ընտրության արդյունքները տեղերում ապահովողների հետ հաշվի նստել եւ կախման մեջ մնալ դրանցից (հո Սերժն անձամբ չի՞ կեղծելու ընտրությունները), մեծ գումարներ ծախսել, եւ ամենավերջում էլ հուսալ ուժայինների հավատարմությանը (որը նույնպես բոլոր պայմաններում չի երաշխավորված): Բնականաբար, իշխող խմբի դիրքերին սա մարտահրավեր է: Եվ նրանք որոշել են այդ գլխացավանքից ազատվել՝ անցում կատարելով խորհրդարանական համակարգի, որի պայմաններում, իրենց հաշվարկով, նախագահականի շուրջ կենտրոնացված ճակատամարտը փոխարինվելու է տեղական ապակենտրոնացված մարտերով՝ պատգամավորական մանդատների համար: Թե որքանով ճիշտ է այդ հաշվարկը, այլ խոսակցության թեմա է, բայց փաստն այն է, որ իշխող խմբի մոտիվացիան հենց դա՛ է: Եվ Վազգեն Մանուկյանը, որը տվյալ դեպքում կամովին ներկայանում է որպես իշխող խմբի գաղափարախոս, բաց տեքստով ասում է, թե նոր համակարգի դեպքում այլեւս արդիական չի լինելու, իր իսկ խոսքով՝ մեկ քայլանոց մատի վտանգը իշխանությանը: Իսկ սա, իհարկե, ոչ թե պետության, այլ հենց իշխող խմբի դարդն ու շահն է, որովհետեւ պետության շահը պետք է լիներ անկայունության հիմքի՝ իշխանական մենաշնորհի, այլ ոչ թե մենաշնորհի դեմ համախմբման եւ պայքարի գործիքի՝ նախագահական ընտրությունների վերացումը:

Անհատնե՞ր, թե կառույցներ

Կասեն՝ բայց վատ է, որ մեր հասարակությունը համախմբվում է անձերի շուրջ: Պետք է նրան սովորեցնել պայքարի ոչ անձնակենտրոն ձեւեր, եւ գուցե հենց նոր պայմանները՝ խորհրդարանական համակարգն էլ սովորեցնողի դեր կատարի: Հենց Մանուկյանն էլ մոտավորապես դա է պնդում. Այժմ, ասում է, իշխանությանն այլընտրանք ձեւավորելու համար պետք է ոչ թե անձի շուրջ համախմբվել, այլ կուսակցություններ ստեղծել, գաղափարներ առաջ տանել եւ այլն: Մի խոսքով՝ «ինստիտուցիոնալիզացիայի» ծրագիր է առաջ քաշում (Սերժն էլ է ասում, թե բա՝ անցումը նոր համակարգի պետք է նպաստի ինստիտուցիոնալ ընդդիմության կայացմանը): Բաղձալի ազգային միասնություն կա, ուրեմն, այս հարցում: Բայց այստե՛ղ էլ արգո պարոնայք խորամանկում են: Հայաստանում հասարակական մեծ ալիքները ձեւավորվել են նախագահական ընտրությունների ժամանակ հեղինակավոր անհատականությունների շուրջ՝ ոչ թե պատահականորեն, ոչ թե այն պատճառով, որ մեր ժողովուրդը հատուկ անձնապաշտ մտածելակերպ ունի, այլ օրինաչափորեն՝ մեր հասարակության ներուժից եւ առկա ուժային դասավորությունից ելնելով: Հայաստանում տասնյակ, եթե ոչ՝ հարյուրավոր, կուսակցություններ են ձեւավորվել ցայսօր, ու բոլորն էլ շատ գաղափարական ծրագրերով, բայց դրանց ճնշող մեծամասնությունը նույնիսկ քաղաքական ակումբի ուժ չունի: Պատճառը թափանցիկ է՝ ոչ մրցակցային, մենաշնորհային համակարգում չեն կարող ձեւավորվել լիարժեք քաղաքական կուսակցություններ, որոնց գոյության ողջ իմաստն ու բնական դաշտը հենց մրցակցային համակարգն է: Նոր սահմանադրության պայմաններում կարելի է եւս 100 կուսակցություն ստեղծել եւ ամեն մեկի համար այդքան էլ հրաշալի, գաղափարական ծրագիր գրել, բայց իրականությունը դրանից չի փոխվելու: Երբ ռեսուրսների ճնշող մեծամասնությունը նեղ խմբի վերահսկողության տակ է, ոչ թե նոր, այլ նույնիսկ եղած քիչ թե շատ կայացած քաղաքական ուժերն անկում, այլ ոչ թե նոր ծաղկում են ապրելու խորհրդարանական համակարգում, որտեղ ձեւականորեն առաջնային դեր պետք է ունենան հենց կուսակցությունները, այլ ոչ թե անձերը:

Նման պայմաններում, երբ պարզ է, որ մեր քաղաքական դաշտում մթնոլորտ են ստեղծել հենց առանձին անհատները, որոնք իրենց անհատական հեղինակության ռեսուրսով փոխլրացրել են կառուցվածքային, ինստիտուցիոնալ ռեսուրսի բնական պակասը:  Եվ հենց նախագահական համակարգն, այո՛, մեզանում եղել է ժողովրդավարության, մրցակցության, բազմաբեւեռության միակ ուժեղ գործիքը: Եվ նույն պատճառով էլ՝ անցումը խորհրդարանական համակարգի ոչ թե պարզապես պահպանելու է, այլ ամրապնդելու է մենաշնորհային համակարգը, քանզի, հաշվի առնելով առկա հասարակական հիմքը, հասարակության մեծամասնության ռեսուրսային թուլությունը օրինաչափ է դարձնում միակուսակցականության վերջնական հաստատումը Հայաստանում:

Անկեղծության պահը

Բայց Վազգեն Մանուկյանը չի էլ թաքցնում, որ գիտակցում է այս ամենը: Նրա խոսքը թեեւ կոչված է հիմնավորելու սահմանադրական փոփոխությունները սկզբունքային դիրքերից, սակայն, միաժամանակ թափանցիկ ակնարկներ ունի իրական քաղաքական ծրագրի մասին: Այսպես, նա ուղիղ ասում է, որ խորհրդարանական համակարգը կոչված է ապահովելու ոչ թե ժողովրդի, այլ էլիտաների ազատությունը: Իհարկե, նաեւ ավելացնում է, որ ժողովուրդն այսպես թե այնպես ազատ է, իսկ «էլիտաներ» ասելով՝ նկատի ունի նաեւ ընդդիմադիր ուժերին: Բայց պարզ է, որ ժողովուրդն ազատ չի կարող համարվել, եթե ընտրությունների միջոցով իշխանություն ձեւավորելու նրա իրավունքը խախտված է, իսկ ընդդիմություն եզրը տվյալ դեպքում պետք է թարգմանենք՝ այլեւս իշխանության գալու խնդրից հրաժարված, նոր համակարգին համակերպված, նրա մասը դարձած, «պետական» («ինստիտուցիոնալ») ընդդիմություն, որից որեւէ վտանգ իշխանությունը չի զգալու եւ որի հետ պատրաստ է լինելու, հետեւաբար, «կառուցողաբար» համագործակցել: Ավելին, Վազգեն Մանուկյանը փաստացի չի թաքցնում նույնիսկ միակուսակցականության նկատմամբ իր համակրանքը: Իհարկե, ոչ թե բառացի, այլ փաստացի՝ քողարկված փորձագիտական կարծիքի մեջ, երբ նա պնդում է, թե խորհրդարանական կառավարման պայմաններում առավել կենսունակ եւ զարգացմանը նպաստող է եղել հենց մեկ կուսակցության տեւական՝ տասնամյակներ ձգվող իշխանությունը: Հասնելով այս կետին՝ համոզվում ենք արդեն, որ խոսքը ոչ թե պատահական, կողմնակի կարծիքի, այլ հստակ քաղաքական ծրագրի մասին է: Ավելին՝ իրավունք ունենք ենթադրելու, որ այդ ծրագրի համահեղինակներից է ՀՀ առաջին վարչապետը:

Հ.Գ. Իր խոսքում Վազգեն Մանուկյանն ասում է, թե խորհրդարանական համակարգին անցնելուց հետո պետք է սպասենք եւս մի 4-5 տարի՝ դրա առաջին պտուղները ճաշակելու համար: Ուշագրավ է, որ գրեթե նույնն ասում էր ոչ անհայտ Փեսա Միքայել Մինասյանի եղբայր Գրիգոր Մինասյանն՝ իր հարցազրույցներից մեկում: Հետաքրքիր է, այդ ի՞նչ 4-5 տարվա մասին է խոսքը, եւ արդյո՞ք ժամկետի այս համընկնումը պատահական է, թե՞ նույնպես մեծ ծրագրի մասն է:

Հրանտ Տեր-Աբրահամյան