29.10.2015 13:10

Խմբագրական. Մենք իշխանական կտերն ուտողը չենք

Խմբագրական. Մենք իշխանական կտերն ուտողը չենք

Սահմանադրական փոփոխությունները «հիմնավորելու» անշնորհակալ գործում իշխանությունների ներկայացուցիչներն այնքան անփաստարկ են մնացել, որ դատարկությունը փորձում են լրացնել մանիպուլյատիվ կտերով: Դրանցից ամենաշատ կիրառվողն այն է, թե «այսօր մեզ փոփոխությունների համար քննադատում են նրանք, ովքեր իրենք էին մինչեւ վերջերս կողմ խորհրդարանական պետության անցմանը»: Այսպիսով, իշխանականները իբր թե ցանկանում են ցույց տալ, թե ընդդիմությունը, որը հանդես է գալիս փոփոխությունների դեմ, ընդդիմանում է հենց այնպես, «ընդդիմանում է ընդդիմանալու համար», քանի որ Սերժ Սարգսյանն ի վերջո լսել եւ ի կատար է ածում ընդդիմադիրների ցանկությունները, լավ բան է անում էս երկրի համար, ինչ անում՝ «մեզ համար է անում», իսկ ընդդիմությունն էլ, քանի որ «չար է ու նախանձ», հայտարարում է, թե Սերժն այս փոփոխությունները իր, հենց իր ու միայն իր համար է անում: Ժամանակին խորհրդարանական պետության մասին երազող ու այսօր դրան ընդդիմացողների մասին հեքիաթը վերջին անգամ պատմեց ԱԺ փոխնախագահ Շարմազանովը՝ հենց ԱԺ ամբիոնից:

Հիմա հասկանանք կտի էությունը: Իշխանության ոչ մի ներկայացուցիչ «խորհրդարանական պետություն» երազողների մասին խոսելիս այդպես էլ ոչ մի ընդդիմադիր քաղաքական ուժի անուն չի տալիս: Ոչ մի օրինակ, որ այսինչ ուժի այսինչ ներկայացուցիչները այսինչ տարում ու այսինչ վայրում ասել են, թե ճիշտը խորհրդարանական պետության մոդելին անցումն է: Հենց սա էլ այդ մանիպուլյատիվ կտի ամբողջ մեխն է: Իշխանություններն ընդհանրական մեղադրանքներ են հնչեցնում եւ փորձում են այդ ընդհանրական մեղադրանքների շրջանակներում տեղավորել բոլոր նրանց, ովքեր դեմ են արտահայտվում: Եւ ոչ մի խոսք այն մասին, որ եթե անգամ եղել էլ են այդպիսի ուժեր, ովքեր հայտարարում էին, թե պետք է անցում կատարել խորհրդարանական կառավարմանը, ապա այդ ուժերը վաղուց արդեն «այո» են ասել Սերժ Սարգսյանի պլանին:

Կարճ ասած՝ իշխանություններն այնքա՛ն ասելու բան չունեն,  քարոզչական մտքի այնպիսի՛ սովի մեջ են ու գեթ մի հատիկ հակափաստարկ չունեն՝ դրանով հակադարձելու սահմանադրական փոփոխությունների հարցում իրենց ներկայացված հիմնավոր ու արդարացի մեղադրանքներին, որ փաստացի սուտը դարձրել են հակադարձելու միակ զենքը: Չնայած, մյուս կողմից էլ՝ բա ի՞նչ անեն: Կամ պիտի ազնիվ լինեն եւ խոստովանեն այդ փոփոխությունների իրական նպատակները, ասել է թե՝ բացահայտ հայտարարեն, որ՝ այո, այս փոփոխությունների ողջ նպատակը Սերժ Սարգսյանի  իշխանության երկարաձգումն է: Կամ էլ՝ սուտ հորինեն՝ իրականությունը չխոստովանելու համար: Ու քանի որ իրենք էլ են ամաչում իրենց արածից, իրենք ամաչում են խոստովանել իրենց արածի իրական նպատակը, մեզ սուտ են հրամցնում՝ հույսով, որ մենք այն հեշտ ու հանգիստ կկախենք մեր ականջներից:

Բայց իշխանության ներկայացուցիչների համար այս իրավիճակի ամբողջ ողբերգականությունն այն է, որ մենք իրենց կտերը լավ գիտենք, տեսել ենք, ու Գալուստ Սահակյանի ոճով ասած՝ չենք գայթակղվել, մենք իրենց կտերն ուտողը չենք: