29.10.2015 14:45

Այսօր ծնվել է Ակիմ Թամիրովը, մեր մեջ ասած՝ Հովակիմը

Այսօր ծնվել է Ակիմ Թամիրովը, մեր մեջ ասած՝ Հովակիմը

Եթե այս մարդը Մարլոն Բրանդոյի կամ Ջոնի Դեփի նման հմայիչ սրտակեր լիներ, կամ, օրինակ՝ անունը Հովակիմ կամ Ակիմ չլիներ, այլ՝ Կիմ, ու այս Կիմն էլ կին լիներ ու աշխարհին շռայլորեն մատուցեր իր մարմնական բարեմասնությունները, մենք, իհարկե, նրան մինչեւ ուղնուծուծը կճանաչեինք ու առիթ-անառիթ գլուխ կգովեինք, որ հայ է։

Իսկ ահա Ակիմ Թամիրովին (1899-1972) ճանաչողները դժվար թե բազմաթիվ լինեն Հայաստանում։ Նա կարճահասակ է ու հաստլիկ, նրա դերացանկում Համլետ ու Օթելլո չկան, խաղացել է հիմնականում էպիզոդիկ դերեր, հոլիվուդյան աստղերից շատերի նման աղմկոտ սիրավեպերի կիզակետում չի եղել, ողջ կյանքում մի օրինական կին է ունեցել... Կարճ ասած, «անհետաքրքիր» մարդ է եղել, ու մենք նրանով հպարտանալու առիթ ու պատճառ չունենք։

Սխալվում ենք չարաչար։

Թբիլիսիում ծնված, նավթարդյունաբերող Միքայել Թամիրովի (Թամիրյանց) ու Մաշա Ամիրյանի զավակ, Բաքվում մեծացած այս մեր Հովակիմը 19 տարեկանում փոխադրվել է Մոսկվա, սովորել է Գեղարվեստական թատրոնին կից դպրոցում, միաժամանակ՝ դերասան աշխատել այդ թատրոնում։ Մի օր էլ այդ թատերախմբի հետ մեկնել է ԱՄՆ ու կնոջ՝ Թամարա Շեյնի հետ որոշել է մնալ Նյու Յորքում։ Մինչեւ 1928 թվականը աշխատել է Բաջիեւի «Չղջիկ» թատերախմբում, «Գիլդ» թատրոնում։ Հետագայում հիմնել է բեմական դիմահարդարման սեփական ակադեմիան, բայց Մեծ ճգնաժամի տարիներին սնանկացել է։ Ստիպված է եղել ինքը տաքսու վարորդ աշխատել, իր դերասանուհի կինն էլ՝ մատուցողուհի։

33 տարեկանում առաջին անգամ Հոլիվուդը հետաքրքրվել է մեր Հովակիմով, իսկ մեր մյուս հռչակավոր հայ Ռուբեն Մամուլյանի «Թագուհի Քրիստինա» ֆիլմում նկարահանվելուց հետո՝ նրան նկատել են հոլիվուդյան ռեժիսորները, նույնիսկ՝ հզոր Օրսոն Ուելսը, ու... սկսել են ձեռքից ձեռք խլել։ Պատահել է նույնիսկ, որ տարեկան 13-15 ֆիլմերում է նկարահանվել։ Ու ոչ միայն՝ Հոլիվուդում, նաեւ՝ Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում...

Ի դեպ, 1936-ին ԱՄՆ այցելած, Օստապ Իբրահիմովիչին անմահացրած Իլֆն ու Պետրովն իրենց «Միհարկանի Ամերիկա» գրքում Ակիմ Թամիրովի մասին ահա թե ինչ են պատմում. «Երբ Գեղարվեստական թատրոնը մեկնեց ԱՄՆ, մի շատ երիտասարդ դերասան մնաց այնտեղ՝ Հոլիվուդում նկարվելու համար։ Պետք է մնար երեք ամիս, բայց նստել մնացել է արդեն տասը տարուց ավելի։ Նա հաջողակ մարդկանց թվին է պատկանում, գործերը լավից լավ են։ ...Շաբաթական ստանում է հինգ հարյուր դոլար»։

Զգացի՞ք՝ ոնց են նախանձել մեր Հովակիմին։

Թամիրովի անգլերեն շեշտադրությունը՝ թող ու փախիր։ Նույնիսկ ամերիկյան մեծ գրոդ Ջերոմ Դեյվիդ Սելինջերի պատմվածքներից մեկում (ռուսերեն՝ «Лапа-растяпа», հայերեն՝ գուցե «Թափթփվածը» կամ «Շփռթի՞կը») Մերի Ջեյնն ասում է իր ընկերուհի Էլոիզին. «Գուշակիր՝ ում եմ տեսել անցած շաբաթ»։

-Հը՞,- ասում է Էլոիզը,- Ակիմ Թամիրովի՞ն։

-Ու՞մ,- զարմանում է Մերի Ջեյնը,- էդ ո՞վ է։

-Դե, Ակիմ Թամիրովը։ Կինոյում է խաղում։ Շատ ծիծաղելի է խոսում. «Հանա՛ք ես անըմ, հա՛ հանաք ես անըմ, է՛»։ Պաշտում եմ նրան...

Հենց իր ծիծաղելի անգլերենի պատճառով էլ Թամիրովն ինչ ազգի ներկայացուցիչ ասես խաղացել է, իսկ ամերիկացի՝ երբեք։ 40 տարվա ընթացքում նկարահանվել է մոտավորապես 150 ֆիլմում։ Երկու անգամ «Օսկար» մրցանակի հավակնորդ է եղել երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգում («Գեներալի մահը լուսաբացին» «Ու՞մ մահն է գուժում զանգը»), իսկ այս նույն «Ու՞մ մահն է գուժում զանգը» ֆիլմում նրա մարմնավորած Պաբլոն արժանացել է «Ոսկե գլոբուս»-ի։ Ու տեսնել է պետք, թե այդ անշուք թվացող մարդն ինչ աչքունք ունի, իսկը՝ «արեգակունք», հետն էլ՝ շանթ ու որոտ։

1960-ին Հոլիվուդյան փառքի ծառուղում բացվել է նրա փառքի աստղը։

Ահա այսպիսի Հովակիմ ունեինք մենք հեռավոր Նահանգներում, եւ արժե, որ լավ ճանաչենք նրան։

Իսկ թե ինչու է ամերիկյան հայտնի «Ռոքիի եւ Բուլվինքլի արկածները» մուլտսերիալում գլխավոր հերոս, սովետական լրտես  Բորիս Բադենովը ներկայացված մեր Հովակիմի պարոդիայով՝ Աստված գիտի։ Հուսանք, միակ պատճառն այն է, որ հյութեղ ու գրավիչ մարդ էր Ակիմ Թամիրովը։