30.10.2015 14:29

Այսօր ծնվել է Ջոն Ադամսը կամ... 2008-ի մարտի 1-ը

Այսօր ծնվել է Ջոն Ադամսը կամ... 2008-ի մարտի 1-ը

Այս մարդը Ամերիկայի Միացյալ Նահանգների առաջին փոխնախագահն է եւ երկրորդ նախագահը։ Այն քչերից է, որը չորս տարի նախագահելուց հետո չառաջադրվեց երկրորդ անգամ, մեկուսացավ իր հեռավոր ագարակում, եւ եթե ինչ-որ չափով քաղաքականության հետ կապ էր պահպանում, ապա միայն նամակագրությամբ՝ իր երբեմնի քաղաքական հակառակորդ, երրորդ ԱՄՆ նախագահ Թոմաս Ջեֆերսոնի հետ, եւ մեկ էլ՝ 19 տարեկանից մինչեւ մահ չհրաժարվեց օրագիր պահելու սովորությունից։

Ամերիկացիների սիրելի նախագահների թվին չի պատկանում՝ արդարացիորեն, թե անարդարացիորեն, իրենք կիմանան, բայց նույնիսկ նրան չսիրողները եւ անասելի փառասեր համարողները երբեք չեն հերքում, որ Ջոն Ադամսը (1735-1826) բյուրեղյա ազնվության տեր քաղաքական գործիչ է եղել եւ իր օրինակով ապացուցել է, որ հնարավոր է քաղաքականությամբ զբաղվել ու ազնիվ մնալ։

Հարվարդի համալսարանում ուսանելու տարիներին, մի քննության ժամանակ արտաբերած նրա այս միտքը՝ «Առանց օրենքների ազատությունն անհնար է», եղել է Ջոն Ադամսի ողջ կյանքի նշանաբանը։ Դեռեւս փաստաբանական գործունեության տարիներին՝ ինչ-որ վիճելի խնդրի կապակցությամբ իրեն տրված հարցին, թե հակամարտողներից  ո՛ր մեկի կողմից է ինքը, Ադամսը զարմացած պատասխանել է. «Ես օրենքի կողմից եմ, իսկ ուրիշ կողմ է՞լ կա»։

1826 թվականի հուլիսի 4-ին հրապարակված Անկախության հռչակագրի 56 հիմնադիր-հայրերից մեկն է նա, եւ ինչպես էլ վերաբերվեն նրան ամերիկացիները, այդ Հռչակագրի ներքո դրված «Ջոն Ադամս» ստորագրությունն ապահովել է նրա անմահությունը։

Չվիճարկենք նրա ազնվությունը քաղաքական գործունեության ասպարեզում, իսկ ահա զուտ մարդկային առումով՝ նրա նկարագիրը դժվար է «բյուրեղյա»-ների շարքը դասել։ Հայտնի փաստ է, որ ԱՄՆ երրորդ նախագահ Թոմաս Ջեֆերսոնն ու երկրորդ նախագահ Ջոն Ադամսը մահացել են նույն օրը, եւ այդ օրն ամերիկացիները տոնում էին Անկախության հռչակագրի 50-րդ տարեդարձը։ Ըստ ժամանակակիցների վկայությունների՝ Ջեֆերսոնի վերջին խոսքը սա է եղել. «Այսօր հուլիսի 4-ն է», իսկ ահա 90-ամյա Ջոն Ադամսը, որից Ջեֆերսոնը յոթ տարով փոքր էր, ասել է. «Իսկ Ջեֆերսոնը դեռ ողջ է»։ Եթե իմանար, որ Ջեֆերսոնն արդեն մի քանի ժամ է՝ հանգուցյալ է, ավելի երջանի՞կ հոգին կավանդեր Ջոն Ադամսը։ Ա՛յն Ջեֆերսոնը, որը՝ չնայած ողջ կյանքում Ադամսի քաղաքական հակառակորդն էր, բայց միակ մարդն էր, որ մեկուսացած ու մոռացության մատնված նախկին նախագահի հետ 25տարի շարունակ չխզեց իր կապը, եւ ողջ կյանքում նրանք հարաբերվում էին նամակագրությամբ։

Գուցե հենց այս պատճառո՞վ է, որ ամերիկացիները սիրում ու մեծարում են Թոմաս Ջեֆերսոնին, իսկ Ջոն Ադամսին մատների արանքով են նայում։

Հնարավոր է։

Բայց դառնանք այն պատճառին, որն ստիպեց բազմաթիվ նշանավոր եւ արժանավոր մարդկանցից, որոնք ծնվել են հոկտեմբերի 30-ին, հենց Ջոն Ադամսին հիշել ու հիշատակել։

Իր փաստաբանական գործունեության ընթացքում՝ նրա վարպետ պաշտպանության շնորհիվ (ասում են՝ նա փայլուն փաստաբան էր) անմեղ են ճանաչվել այն մարդիկ, որոնք պատմության մեջ են մտել որպես «Բոստոնյան սպանդ»-ն իրականացնողներ։ Այս ի՞նչ սպանդ է։

1770 թվականին, երբ դեռ Մասաչուսեթսը նահանգ չէր, այլ բրիտանացիների գաղութն էր, այս գաղութի կենտրոն Բոստոնի քաղաքացիները փողոց են դուրս գալիս՝ իրենց բողոքն արտահայտելու հարկային քաղաքականության դեմ։ Ըստ մեկ այլ աղբյուրի՝ մի պատանի վիրավորում է բրիտանացի զինվորին, նա էլ՝ հրացանի խզակոթով խփում է նրա գլխին, ու զայրացած քաղաքացիները շրջապատում են զինվորներին, եւ բախում է տեղի ունենում։

Ինչ որ է։ Զինվորները կրակում են, եւ հինգ քաղաքացի է սպանվում։ Հենց այս դեպքն էլ պատմության էջերում ամրագրվել է «Բոստոնյան սպանդ» կամ «Բոստոնյան կոտորած» բնորոշմամբ։ Դրանից հետո բրիտանացի զինվորներին վռնդել են Բոստոնից, որն էլ Ամերիկայի ազատագրման ազդակներից մեկն է դարձել։ 1888 թվականին հուշարձան-կոթող է վեր հառնել Բոստոնում՝ սպանվածների հիշատակին, եւ բազմաթիվ կտավներ են ստեղծվել այս բախման մասին։

Հիշեցնենք՝ 18-րդ դարն էր։

Իսկ 2008-ի մարտի 1-ին Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երեւանի կենտրոնում սպանվեց տասը մարդ, եւ հիշեցնենք, որ այս ողբերգությունն էլ կատարվել է 21-րդ դարում՝ քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ։ Գուցե իրո՞ք անմեղ էին մարդասպանները, գուցե հայտնվեր եւս մեկ ճարտարախոս փաստաբան Ջոն Ադամսյան, որը կապացուցեր անզեն մարդկանց վրա կրակողների անմեղությու՞նը։ Բայց դատավարություն տեղի չունեցավ։ Ոչ ոք չպատժվեց կամ չարդարացվեց։ Հուշարձան-կոթող անմեղ զոհերի հիշատակի՞ն. եթե պատմությունն այս դառնագույն ու արնահամ չլիներ, կարելի էր քահ-քահ ծիծաղել նման հույս ունեցողների միամիտ դեմքերին։ «Երեւանյան սպանդ» կամ «Երեւանյան կոտորած»՝ հողագնդի պատմության էջերու՞մ. այս դեպքում նույնպես դժվար է զսպել դառը քմծիծաղը։

Քաղաքակիրթ աշխարհն առանց ճիգի մարսեց այս ողբերգությունը, ժողովրդավարության ու մարդու իրավունքների մասին օրուգիշեր ճամարտակող աշխարհի մեծամեծերը հանգիստ խղճով շարունակեցին ու շարունակում են համագործակցել այս կոտորածի կազմակերպիչների ու մեղավորների հետ, նույնիսկ աջակցել սրանց իշխանության երկարաձգմանը։ Եվ 21-րդ դարը շարունակում է ընթանալ իր «բնականոն» հունով։

Մենք իսկապե՞ս 21-րդ դարում ենք ապրում...