30.10.2015 15:30

Գրանորություն. Գի դը Մոպասանի «Սիրելի բարեկամ» վեպը

Գրանորություն. Գի դը Մոպասանի «Սիրելի բարեկամ» վեպը

Հին կրքերը միշտ ծիծաղելի են, սիրահետման ձևերը՝ գերադրական ու ամպոտ. hա-հա, հի-հի, հո, հո, հո՜՜՜՜... Լայն ու մեծ ժանյակներ՝ օսլայած, ճռճռան ու հավերժ կուսական:   Մի խոսքով, հին կիրքը նմանվում է գրեթե հերոսական օպերայի՝ լեցուն բերանացի ծամածռություններով ու հսկայական, ամպասահ էմոցիաներով: Ամեն ինչ թատերականացված է թվում, նույնիսկ՝ քաղաքը՝ իր մութ ծակուծուկերով, հազար տեսակի փսփսուքներով ու աստիճաններով: Հին աստիճաններով, որ դեպի վերև` դեպի շահ, հարստություն ու իշխանություն տանող հնարավոր արահետներ են՝ լի գազային լամպի տակ թաքնված խարդավանքներով ու դավաճանություններով: Հետո հին կիրքն ավարտվում է կարերիայի բուռն աճով: Ֆինիտա լա կոմեդիա: Ու ի՞նչ... Ասացի, չէ՞, հին կրքերը միշտ ծիծաղելի են: Չհաշված, իհարկե, օպերային պերսոնաժների գրեթե դիցաբանական անկումները...   

«– Ի՞նչ կարող ենք անել լավագույն հաճույք ստանալու համար,– ասաց Ֆորեստիեն։– Կան մարդիկ, որոնք պնդում են, թե Փարիզում թափառողը կարող է միշտ էլ հաճելի ժամանց կատարել: Դա ճիշտ չէ: Ես, օրինակ, երբ ցանկանում եմ թափառել գիշերները, չգիտեմ՝ ուր գնամ։ Մի պտույտ Բուլոնյի անտառում բնավ էլ հետաքրքիր չէ, ոչ էլ զվարճալի առանց կնոջ, իսկ միշտ չէ, որ մարդ ձեռքի տակ կին է ունենում։ Կաֆե-կոնցերտները կարող են միայն զվարճացնել իմ դեղագործին և իր կնոջը, բայց ոչ ինձ: Ուրեմն, ի՞նչ է մնում ինձ անել։ Ոչինչ։ Պետք է այստեղ լիներ ամառային մի այգի Մոնսոյի պարկի նման, որը բաց լիներ մինչև լույս, և ուր հնարավոր լիներ շատ լավ երաժշտություն լսել՝ ծառերի տակ նստած, սառը գարեջուր խմելով։ Իհարկե, դա ոչ թե հաճույքի, այլ պարզապես զբոսանքի վայր կլիներ, մուտքն անպայման թանկ՝ գեղեցիկ կանանց գրավելու համար։ Ա՛յ, այնտեղ՝ ավազածածկ և էլեկտրական լույսով լուսավորված ծառուղիներում, կարելի կլիներ և՛ ման գալ, և՛ նստել հեռվից կամ մոտիկից երաժշտություն լսելու համար։ Մոտավորապես այդպիսի մի վայր էր Մյուզարի այգին մի ժամանակ, սակայն դա էլ եղել է, այսպես ասած, գռեհկաճաշակ և չափազանց ողողված պարային երաժշտությամբ՝ ո՛չ այնքան ընդարձակ, ո՛չ այնքան հովասուն, ո՛չ այնքան ծառախիտ։ Հարկավոր է շատ գեղեցիկ, ընդարձակ մի այգի։ Ա՛յ, դա կլիներ հրաշալի: Իսկ դու ո՞ւր կուզենայիր գնալ»:

«Անտարես» հրատարակչության կողմից «Պարտադիր ընթերցանություն» մատենաշարով հրատարակված՝ Գի դը Մոպասանի «Սիրելի բարեկամ» վեպը ֆրանսերենից Արման Կոթիկյանի թարգմանությամբ՝ հարցրեք գրախանութներում:

Խորագրի պատասխանատու՝ Հովհաննես Թեքգյոզյան