30.10.2015 15:42

Խմբագրական. 100-ամյա կուսակցության պատմական հոլովույթը

Խմբագրական. 100-ամյա կուսակցության պատմական հոլովույթը

Այսօր Հայաստանում գործող ՀՅԴ-ն այլ բան չէ, քան քաղաքական բիզնես-նախագիծ: Սա ոչ թե նույնիսկ մեղադրանք է, այլ պարզապես փաստի արձանագրում: Թե ինչ կլինի վաղը կամ մյուս օրը՝ միանգամայն այլ քաղաքական պայմաններում, կերեւա հետո, իսկ այսօրվա չոր փաստն այդքանն է: Պետք է ընդհանրապես հասկանալ, որ քաղաքական ուժերը վակուումի մեջ գոյություն ունենալ չեն կարող՝ բոլորը մասն են տվյալ պատմական շրջանի քաղաքական ընդհանուր միջավայրի եւ դրսեւորվում են համապատասխան այդ միջավայրի: Դաշնակցության ավելի քան 100-ամյա պատմությունն այդ օրինաչափության վառ ապացույցն է:

Երեք փուլ, երեք տարբեր Դաշնակցություններ

Ո՞րն է Դաշնակցության այսօրվա քաղաքական բիզնեսի իմաստը: Բիզնեսի էությունն այն է, որ վաճառվում է 100-ամյա անունը: Բացի այդ անունից՝ այլ բովանդակություն, նույնիսկ՝ վատ բովանդակություն, այսօրվա ՀՅԴ-ն չունի: Ստուգելու համար պատկերացրեք մի պահ, որ նույն խմբակցության անունը Դաշնակցություն չէ, այլ, ասենք՝ Հայաստանի ազգային-ազատագրական կուսակցություն: Քանի՞ հոգու կհետաքրքրեր այդ քաղաքական խմբակը, քանի՞ պատգամավոր կունենար ԱԺ-ում եւ այլն: Այստեղից բխող հարակարծությունը (պարադոքսն) այն է, որ եթե մեկը, այսօրվա Դաշնակցությանը նույնացնելով պատմական ՀՅԴ-ի հետ, անցյալի մեղադրանքները ներկայացնում է այսօրվա քաղաքական խմբին, կապ չունի՝ ճիշտ թե սխալ, նա ընդամենը նպաստում է Դաշնակցության բիզնեսին: Այդ բիզնեսի տեսակետից կարեւոր չէ, թե դու դաշնակներին բացարձակ բացասական գծերով կներկայացնես, թե դրական: Կարեւորը այսօրվա խմբակցության նույնացումն է պատմական քաղաքական ուժի հետ, որովհետեւ քաղաքական առեւտրի ռեսուրսը գալիս է հենց այդ նույնացումից: Ասածս չի նշանակում, թե պատմական Դաշնակցությանը չի կարելի անդրադառնալ կամ քննադատել: Բնական է, որ նման անհեթեթություն չեմ կարող պնդել: Բայց ասածս այն է, որ պատմական քննադատությունը ներկայացնելով ներկա ՀՅԴ-ին՝ ընդամենը բարձրացնում ենք այսօրվա բիզնես-նախագծի գինը քաղաքական շուկայում, եւ պատահական չէ, որ մեղադրվող կողմը նման առիթներից լավագույնս օգտվում է, ինչպես եղավ հենց օրերս:

Իրականությունն այն է, որ գոյություն ունի ոչ թե մեկ, այլ պատմականորեն առնվազն երեք տարբեր Դաշնակցություն, որոնցից յուրաքանչյուրը գործել է կոնկրետ պայմաններում եւ ժամանակահատվածում՝ ա. ՀՅԴ-ն մինչեւ 1921 թ., բ. միայն Սփյուռքում գործող Դաշնակցությունը՝ 1921-88-ին, գ. Հայաստանի անկախացումից ի վեր Հայաստան վերադարձած ՀՅԴ-ն. ընդ որում՝ այս երեքն էլ կարելի է բաժանել էական ենթափուլերի, բայց տվյալ դեպքում դա մեզ կշեղեր հիմնական ասելիքից: Այս տիպի «բաժանարար» մոտեցումը սքոլաստիկ պայմանականություն չէ եւ կիրառելի է ոչ միայն Դաշնակցության, այլեւ ցանկացած քաղաքական ուժի նկատմամբ, որն ունի տասնամյակների պատմություն: Օրինակ, հազիվ թե որեւէ մեկը պնդի, որ Գերմանիայի այսօրվա Սոցիալ-դեմոկրատները նույնն են 19-րդ դարի վերջի նույնանուն մարքսիստական հեղափոխական կուսակցության հետ: Իհարկե, իրավականորեն նույն կուսակցությունն է, որն անընդհատ գոյություն է ունեցել Մարքսի, Էնգելսի, Լասալի եւ մյուս հիմնադիր հայրերի ժամանակվանից, բայց գաղափարները, դիրքորոշումները, տեղը քաղաքական դաշտում մի քանի անգամ որակապես փոխվել են՝ կախված պատմական շրջանից (մի փոքր պարզեցնում ենք, իհարկե, բայց՝ հրապարակախոսական նյութի մեջ թույլատրելիության սահմաններում):

Սրա պատճառը ոչ թե քաղաքական ուժերի անսկզբունքայնությունն է, այլ պարզապես պատմական զարգացման օրինաչափությունը՝ քաղաքական ուժը չի կարող գործել իր ժամանակի եւ տարածության պայմաններից դուրս՝ վակուումում, եւ ամեն քաղաքական ուժի ներսում ամեն կոնկրետ ժամանակում հաղթում են ա՛յն միտումների կրողները, որոնք առավել համապատասխանում են «այսօրվա» պահանջարկին: Նույն Գերմանիայում այսօր էլ կարող են լինել հեղափոխական մարքսիստների փոքր խմբեր, որոնք համարում են, որ պետք է բանվորական հեղափոխության միջոցով տապալել կապիտալիստական հարաբերությունները, եւ այդ առումով նրանք սկզբունքորեն ավելի մոտ են 19-րդ դարի սոցիալ-դեմոկրատներին, բայց սոցիալ-դեմոկրատների պատմական զարգացումը բերել է նրանց լրիվ այլ տեղ: Դաշնակցության պատմությունը մոտավորապես նույնն է: Օրինակ, ի՞նչ այսօր կարող է նշանակել՝ Հայ հեղափոխական դաշնակցություն, այսինքն՝ հայ հեղափոխական միություն անունը, ի՞նչ հեղափոխություն նա պետք է անի (չէ՞ որ այս անվան մեջ էություն արտահայտողը՝ հեղափոխականն է, իսկ դաշնակցությունը նշանակում է ընդամենը միություն, այսինքն՝ զուտ տեխնիկական անվանում է): Պարզ է, որ ցանկության դեպքում էլ ՀՅԴ-ն այսօր չի կարող լինել «հեղափոխական»՝ բառիս բուն իմաստով, բայց անունը կա, եւ դա փոխելն ավելի բարդ է, քան հեղափոխական բնորոշման անտեսումը կամ էլ կուսակցությունն ըստ էության զուտ տեխնիկական, քաղաքական բովանդակությունից զուրկ՝ «դաշնակցություն» (դաշինք, միություն) անվամբ կոչելը: Սրանք այն պայմանականություններն են, որոնք բնականից առաջանում են տեւական պատմություն ունեցող ուժերի դեպքում: Բայց մեր Դաշնակցության տարբերությունը գերմանական սոցիալ-դեմոկրատներից այն է, որ եթե վերջինս, իր բոլոր փոփոխություններով հանդերձ, կենդանի քաղաքական ուժ է, ապա այսօրվա մեր ՀՅԴ-ն, ինչպես ասացինք, մաքուր բիզնես է, պատմական անվան եւ գաղափարների առեւտուր՝ լիովին համապատասխան այսօրվա հայաստանյան քաղաքական դաշտի հիմնական միտմանը:

Առաջին երկու Դաշնակցությունները

Շատ համառոտ ներկայացնենք ՀՅԴ 115-ամյա քաղաքական հոլովույթը՝ բաց թողնելով կարեւոր նրբություններ, բայց փորձելով, այդուհանդերձ, արձանագրել էականը:

1890-1921 թթ.: Այդ շրջանի Դաշնակցության գործողության կենտրոնը Հայաստանն էր (թեեւ ղեկավարումը մինչեւ 1918-19 իրականացվում էր Թիֆլիսից, ինչն էական նշանակություն ուներ), եւ կուսակցությունն իր «ամեն ինչով»՝ առավելություններով եւ թերություններով, այդ շրջանի հայ հասարակության քաղաքական ներուժի դրսեւորումն էր, իսկ մյուս կողմից էլ՝ նույն շրջանի համաշխարհային միտումների արտահայտիչը (ազգային-ազատագրական պայքարի հարացույցը գերիշխող էր այդ ժամանակվա աշխարհում՝ մտավորականության մեծամասնության սոցիալիստական աշխարհայացքի հետ մեկտեղ): Դաշնակցությունը, որպես այդ ժամանակվա անվիճելիորեն առաջատար հայկական քաղաքական ուժ, անշուշտ, պատասխանատվություն է կրում բոլոր քաղաքական ձախողումների, նաեւ՝ ձեռքբերումների համար, բայց կոնկրետ չափաբաժինը որոշելն արդեն պատմագիտության, այլ ոչ թե ընթացիկ քաղաքական վեճի խնդիրն է: Միեւնույն ժամանակ, պետք է ընդունենք, որ այդ շրջանի հայկական հասարակական ներուժի առավելագույնն էր Դաշնակցությունը, եւ եթե ունենայինք ավելի ներուժ՝ կունենայինք նաեւ ավելի լավ քաղաքական ուժ, բայց փաստով՝ չունեինք, ուրեմն եւ՝ այդքանի ենք արժանի, որքանի ձեռք ենք բերել եւ կորցրել ենք այդ շրջանում:

Ընդհանրապես՝ այդ շրջանի բոլոր հոսանքների եւ գործիչների ժառանգությունն արդեն ոչ թե կոնկրետ կուսակցություններինն է, այլ բոլորինս՝ հայ ժողովրդինը: Սա շատ կարեւոր է հասկանալ՝ ոչ մի դաշնակցական ավելի իրավունք չունի, ասենք, Արամ Մանուկյանի, Նժդեհի, Ռուբեն Տեր-Մինասյանի կամ թեկուզ Սիմոն Զավարյանի եւ այլոց անվան եւ ժառանգության վրա, քան որեւէ ոչ դաշնակցական: Նույն կերպ՝ Աշոտ Հովհաննիսյանը, Ալեքսանդր Մյասնիկյանը, Խանջյանը եւ նրանց ժառանգությունը միայն հայ կոմունիստներինը չեն այլեւս: Պատմությունը ջնջում է կուսակցականությունը եւ ֆրակցիոնիզմը, եւ այսօր մենք իրավունք, նաեւ՝ պարտականություն ունենք հավասարապես օգտվելու Ռուբենի, Նժդեհի եւ Մյասնիկյանի ժառանգությունից՝ առանձնացնելով դրանցից մեզ այսօր օգտակարն ու արդիականը, չնայած նրան, որ ժամանակին երեքն էլ իրար նկատմամբ խիստ հակադիր դիրքերում էին:

1921-1988 թթ.: Դաշնակցությունը գործում է Սփյուռքում: Բնական է, որ լրիվ տարբեր պետք է լինի իր բուն հայրենիքում եւ հայրենիքից դուրս գործող կուսակցության էությունը: Ընդհանրապես՝ սփյուռքում գործող քաղաքական ուժը բավականին տարօրինակ եւ հակասական դիրքում է՝ ի՞նչ քաղաքական նպատակներ պետք է հետապնդի մեկը, ով գործում է իր սեփական պետությունից եւ երկրից, այսինքն՝ քաղաքական գործունեության բնական դաշտից դուրս: Պարզ է, որ այս հակասական իրավիճակը պետք է փոխեր որեւէ քաղաքական ուժի դեմքը՝ աստիճանաբար վերածելով այն ոչ այնքան քաղաքական, որքան համայնքային, ծայրահեղ դրսեւորումների՝ տեղագրական, «տոհմա-ցեղային» կառույցի (ժառանգական հնչակ կամ դաշնակ լինելը կամ այսինչ համայնքն ավանդապես հնչակ է, այնինչը՝ դաշնակ): Այս փուլն էլ ունի իր կարեւոր ենթափուլերը, որոնց, սակայն, այստեղ չենք անդրադառնում: Կարեւորը մեր պնդումն է՝ այս եւ նախորդ փուլերի Դաշնակցությունը, լիովին տարբեր պայմաններում գործելով, լիովին տարբեր քաղաքական էություն են դրսեւորել: Նույնը, բնականաբար, վերաբերում է հնչակներին եւ ռամկավարներին:

ՀՅԴ-ն՝ որպես անկախ Հայաստանի քաղաքական լանդշաֆտի մաս

1988-2015 թթ.: Նախորդ շրջանում Դաշնակցությունն իրեն համարել է, նաեւ՝ ընկալվել է այլոց կողմից որպես անկախ Հայաստանի գաղափարի «տերը» եւ սովետական իշխանության անկման դեպքում Հայաստանի «գահի» բնական ժառանգորդը: Դրան նպաստել է նաեւ սովետական քարոզչությունը, որը դաշնակներից կերտել էր իր թիվ մեկ գաղափարական եւ քաղաքական հակառակորդը: Սակայն երբ Հայաստանում ծավալվեց Ղարաբաղյան շարժումը, որն էլ կարճ ժամանակ անց դրեց ոչ միայն Ղարաբաղի, այլեւ անկախության հարցը, ՀՅԴ-ն հայտնվեց հակասական իրավիճակում: Նախ՝ սփյուռքյան գոյության երկրորդ շրջանում արդեն շատ բան էր փոխվել Դաշնակցությունում՝ համեմատած այն շրջանի հետ, երբ կուսակցությունը ղեկավարվում էր դեռեւս Հայաստանում իրենց՝ դիրքերի հասած սերնդի կողմից: Երկրորդ, ու ավելի կարեւոր՝ հայտնվելով Հայաստանում բացարձակապես նոր պայմաններում՝ Դաշնակցությունը պետք է գործեր ըստ այդ պայմանների: Իսկ Հայաստանում այդ ժամանակ ծավալվել էր անկախական շարժում տեղական հողի վրա, եւ նա՛ էր դարձել ե՛ւ անկախության «տերը», ե՛ւ կոմունիստների «գահաժառանգը»՝ երկրորդական դարձնելով ՀՅԴ դերը:

90-ականների սկզբին այդ կուսակցությունը զարմանալիորեն, բայց օրինաչափորեն արտահայտիչը դարձավ ոչ միայն «ազգային ռոմանտիզմի», այլեւ իր էությամբ հակաանկախական սովետական-ռեւանշիստական տրամադրություններ ունեցող շերտի շահերի: 88-ի Շարժման դեմ նախկինում ավանդական սովետական դիրքերից հանդես եկողներից շատերը բացահայտեցին իրենց միջի «դաշնակին»՝ այն դաշնակին, որի անունը սովոր էին անիծել «զարգացած սոցիալիզմի» շրջանում: Սա օրինաչափ ընթացք էր, որովհետեւ Դաշնակցությունը, դիրքավորվելով որպես իշխանության եկած Շարժման հիմնական գաղափարական մրցակից, պետք է իր կողմը ձգեր դժգոհ, բայց գաղափարական հիմքից զրկված տարրերի զգալի մասը:

Այստեղ էլ չենք խորանում մանրամասների մեջ. կարեւորը, սակայն այն է, որ արդեն 1998-ից հետո Դաշնակցությունը, զրկվելով իշխանության հիմնական գաղափարական հակառակորդի դերում դիրքավորվելու հնարավորությունից, եւ ինքն էլ իշխանության մաս դառնալով՝ փաստացի զրկվեց նաեւ քաղաքական բովանդակության վերջին մնացորդից, նաեւ՝ առաջատար, թեկուզ եւ ընդդիմադիր դեր կատարելու հնարավորությունից: Այս շրջանից է սկսվում արդեն զուտ բիզնեսի փուլը, որը 90-ականներին դեռ ակնհայտ չէր, քանի որ կար գաղափարական հակադրության հնարավորությունը: Այս ժամանակվանից ի վեր՝ ՀՅԴ-ն միայն մեկ «պոռթկում» ունեցավ՝ դուրս գալով կոալիցիայից հայ-թուրքական հաշտեցման ակտիվ փուլում՝ 2009-ին: Դա պարզապես ստիպված քայլ էր՝ նույնիսկ այն դիմազուրկ վիճակում, որի մեջ է՛ր ՀՅԴ-ն արդեն այդ շրջանում, հնարավոր չէր մնալ մի կառավարության կազմում, որն ավանդական համարվող դաշնակցականին այդքան հակադիր արտաքին քաղաքականություն էր վարում: Սա՝ չնայած նրան, որ պատմական Դաշնակցությունն ինքը մի անգամ չէ, որ փորձել է հաշտության եզրեր գտնել թուրքերի հետ, եւ սա «դատափետման» համար չեմ հիշեցնում: Պարզապես՝ լինելով հայկական թիվ մեկ պատասխանատու քաղաքական ուժ, ՀՅԴ-ն չէր կարող այդպիսի փորձեր արած չլինել՝ ցանկացած ուժ էլ իր դիրքում դա կաներ: Բայց որպես արդեն «համայնքային», իսկ հետագայում՝ երկրորդական եւ, ի վերջո՝ զուտ բիզնես անող ուժ, ՀՅԴ-ն արդեն կարող էր եւ պարտավոր էր, թեկուզ բիզնեսի շահից ելնելով, կայուն «սկզբունքային» դիրքում մնալ այդ հարցում:

Բայց հայ-թուրքական հաշտեցումն ավարտվեց ձախողմամբ, եւ բնական էր, որ այլեւս առաջատար դիրքերի չձգտող Դաշնակցությունը պետք է ճանապարհներ որոնի իշխող ուժի հետ իր բիզնես-նախագիծը հաջողությամբ որոնելու համար: Երբ 2014-ին միս ու արյուն ստացավ ԲՀԿ եւ ՀԱԿ համագործակցությունը, Դաշնակցությունը լավ շանս ստացավ: Նախ, տեղավորվելով այդ համագործակցության ձեւաչափի մեջ («քառյակ»)՝ իր գինը բարձրացրեց, ապա պահից օգտվելով՝ վերադարձավ իշխանության գիրկը՝ սահմանադրական փոփոխությունների օգտին սկզբունքային քարոզչի դերում («մենք միշտ էլ խորհրդարանական կառավարման կողմնակից ենք եղել» «երկաթյա» փաստարկի շրջանակներում): Այսպիսով՝ ե՛ւ վերադարձը կայացավ, ե՛ւ «սկզբունքները» պահպանվեցին:

Այսօրվա դրությամբ՝ ՀՅԴ-ն արդեն որեւէ լուրջ քաղաքական նպատակ կամ դիրք հետապնդող նախկին Դաշնակցությունը չէ՝ ո՛չ առաջին փուլի հայկական թիվ մեկ քաղաքական ուժն է, ո՛չ սփյուռքյան շրջանի ազատագրական ավանդույթների պահպանողը ու անկախության գաղափարի գոնե ձեւական տերը, ո՛չ իսկ 90-ականների թիվ մեկ գաղափարական ընդդիմությունը, այլ զուտ իր անվան հաշվին քաղաքական շուկայում արժեթղթերի որոշակի համեստ փաթեթ պահող եւ այդ փաթեթի գինն ըստ պահի թանկացնող բիզնես-նախագիծ է: Ընդ որում՝ ներկայիս ՀՅԴ-ն իրատեսական է գնահատում իր ներուժը՝ մեծ հավակնություններ չունի, գիտակցում է իր տոկոսի համեստ չափը եւ գործում է ըստ այդմ: Նա հարազատ մասն է այսօրվա մեր քաղաքական համակարգի, որի հիմնական միտումը հենց մաքուր բիզնեսի վերածվելն է: Ասվածը չի նշանակում, թե այլ պայմաններում նույն ՀՅԴ-ն հնարավորություն չի ունենա այլ կերպ դրսեւորվելու: Ինչպես հենց սկզբից ասացինք՝ ժամանակաշրջանն ու պայմաններն են կերտում քաղաքական խմբերի դիմագիծը: Կփոխվեն ժամանակն ու պայմանները, եւ միգուցե ՀՅԴ-ն հասցնի մտնել իր պատմության նոր փուլ:

Հրանտ Տեր-Աբրահամյան