02.11.2015 11:18

Գրանորություն. Արամ Պաչյանի «Ռոբինզոն» պատմվածքների ժողովածուն

Գրանորություն. Արամ Պաչյանի «Ռոբինզոն» պատմվածքների ժողովածուն

Ականատե՞ս, թե՞ մասնակից... Գրելը՝ երևի... գուցե... թերևս... Չէ, չէ, չէ. հաստատ՝ գրելը առաջին հերթին մասնակցել է: Մասնակցել, բայց... Ո՞ր իրականության մասը լինել, որպես ականանտես, ի՞նչ դեպքերի մասին «վկայություն» տալ: Եվ ամենակարևորը՝ էդ իրական-իրականության մեջ ո՞վ լինել... Ո՞ւմ ձայնով խոսել... Խեղճանա՞լ, խայտառակվե՞լ, ծեծ ու քաք ուտե՞լ, թե՞ երևալ պլպլացված, հպարտ, անհասանելի, կինոաստղի՝ պես Փոփ-արտացված: Հարցեր, հարցեր, հարցեր ու մի բզզիկային Պահ, երբ էս սաղից հոգնած մտքիդ մեջ փակում ես աչքերդ: Փակում ու դառնում ես բաց ու թափանցիկ իրականություն-տափաստանի առաջ: Բաց ու թափանցիկ, ասել է թե՝ դու ես քո իսկ իրականության մասնակիցն ու միաժամանակ երկկողմանի վկան...

«Լրիվ մաքրելով տարածքը՝ վերջում խնամքով ավլեց, ջրեց հատակը, թարմ տեսքի բերեց: Սևը, հոսանքալարին թառած, ողջ ընթացքում հետևում էր նրան, վերջում տոպրակի մեջ շոկոլադներ լցրեց, տոպրակը կապեց երկար ճյուղի ծայրին, մեկնեց Բիբիկին: Տղան շատ ուրախացավ, միանգամից վերցրեց, բացեց տոպրակն ու կոնֆետները տեղավորեց գրպանում...

– Սև, գիտե՞ս ինչին եմ կարոտել...

– Ինչի՞ն...

– Կոզինախին, մաման մեկ-մեկ ուղարկում ա... Բիբիկը ծխախոտ կպցրեց ու շարունակեց. – Լսել եմ գրքեր ես կարդում, Սև...

– Հա, ճիշտ ես լսել...

– Ի՞նչ ես կարդում...

– Տարբեր... եսիմ …

– Ես էլ եմ կարդալ սիրում... էն օրը գրադարան էի ուզում մտնել, պիտի Սթայնբեքի «Օձը» կարդայի, քաղաքում նրա մյուս բոլոր գործերը կարդացել եմ, «Օձը» անծանոթ էր, բայց գրադարանավարուհին ներս չթողեց, ասեց, եթե զինվորները տեսնեն, որ գրքերին ձեռք եմ տալիս, էլ չեն մտնի գրադարան... Դե, ես գնացի, լավ մնա:

Բիբիկը պատի մեխից հանեց թևերը, կպցրեց մեջքին, թռավ ու միանգամից խառնվեց օդում պտտվող ծիծեռնակներին...»:

«Անտարես» հրատարակչության կողմից հրատարակված Արամ Պաչյանի «Ռոբինզոն» պատմվածքների ժողովածուն՝ հարցրեք գրախանութներում:

Խորագրի պատասխանատու՝ Հովհաննես Թեքգյոզյան