02.11.2015 12:48

Խմբագրական. Հանրապետականները խելք ունենան՝ մատը մատին չեն տա

Խմբագրական. Հանրապետականները խելք ունենան՝ մատը մատին չեն տա

Իսկ արժե՞, որ մինչ հանրաքվեն Սերժիկ Սարգսյանի կուսակցությունն՝ իր «դուստր-ձեռնարկությունների» հետ միասին ակտիվորեն լծվի, այսպես կոչված՝ «Այո»-ի սայլին։

Եթե խելք ունենան, մատը մատին չեն տա։ Կշարունակեն հարսանիքներում ու կնունք-ծնունդներում «տժժալ» իրենց քեֆչի Հասան շեֆի հետ, չեն դադարեցնի իրենց արտասահմանյան շրջագայությունները, շոուբիզնեսի աստղ-մաստղների վրա անտեղի գումար չեն ծախսի՝ հանրաքվեի բարեմասնությունների մասին «երգել-պարելու» համար, նախընտրական շրջաններում գայլային ախորժակի «վերածնունդ» ապրող, կյանքի իմաստը «ջոԳող» որոշ («պատկառելի» թվով) լրագրողների լուսավոր ակնկալիքների գլխին սառը ջուր կլցնեն, հանրաքվեի օրն էլ, «գեղեցիկ ավանդույթին ընդառաջ»՝ հանգուցյալների ու Հայաստանը վաղուց ի վեր լքածների աջակցությամբ անհրաժեշտ թվով քվեներ կհավաքեն, եւ քաղաքակիրթ աշխարհը հիացմունքով կասի. «Ա՛հ, օ՛հ, տեսա՞ք, իշխող կուսակցությունը նույնիսկ փորձ չարեց օգտվելու իր արտոնյալ իրավունքներից, հնարավորություն տվեց, որ ընդդիմադիրները լիուլի արտահայտեն իրենց տեսակետները. այս ի՞նչ չտեսնված-չլսված ազատ-արդար ու թափանցիկ հանրաքվե էր, ցնցված ենք ուղղակի»։

Եվ իրոք, կարիք կա՞, որ սրանք իրենց «ծանր» տեղը թեթեւացնեն, երբ իրենց փոխարեն այդ գործը շատ ավելի լավ անողներ կան։ Մանավանդ՝ գաղտնիք չէ, որ հասարակությունն, առանց չափազանցության, ատում է Հանրապետական կուսակցությանն ու սրա նախագահին եւ իրավացիորեն սրա՛նց է համարում իր նվաստ ու ստորացուցիչ կենսակերպի, օրեցօր ավելի ու ավելի վատթարացող սոցիալական վիճակի, թալանի, հանցագործությունների իրական մեղավորներ ու հեղինակներ։ Ու բնական է, որ եթե նույնիսկ սրանք ոսկե սարեր խոստանան այս հասարակությանը, հավատացողներ չեն գտնվելու։

Ուրեմն, ավելի լավ չէ՞ միթե, որ իրենք մի կողմ քաշվեն ու ասպարեզը թողնեն իրենց ընդդիմադիր հայտարարած, ինչ-որ շրջանում իրոք ընդդիմադիր կեցվածք ընդունած, նույնիսկ քաղբանտարկյալի պատվավոր տիտղոսը ճակատներին դաջած ու առիթ-անառիթ իրենց այդ «տիտղոսակիր» ճակատները հասարակության աչքը մտցնող խմբակներին։ Պարզ է, չէ՞, որ, ի տարբերություն հանրապետականների երդում-խոստումների նկատմամբ արհամարհանքին, սրանց խոսքը հասարակության ինչ-որ շերտի վրա ներգործություն կունենա, որովհետեւ, հասկանում եք, էլի, ասողներն ախր «տղեք» են, ժամանակին նույնիսկ բանտ են նստել հանուն այդ «ապերախտ» հասարակության, ու հիմա էլ անկեղծորեն այդ նույն հասարակությանը բացատրում են, որ սահմանադրական «բարեփոխումների» դեմ պայքարողները «լկտիաբար» խաբում են ժողովրդին, Սահմանադրությունը փոխվի-չփոխվի՝ դրանից ոչ տաք է, ոչ էլ հով է, հասարակությունն այս պահին անճարակի մեկն է, ու թող անտեղի «մեյդան» չընկնի, թող խելոք, գլուխը կախ գոյություն քարշ տա, քանի որ իրենց «լկտիաբար Չխաբողները» դեռ պատրաստ չեն այդ հասարակությանը փոսից հանելու։ Երբ պատրաստ կլինեն, կգան ու այդ հասարակության հետ միասին «կմտնեն համաշխարհային սովնարկոմ, իսկ քանի դեռ իրենք պատրաստ չեն՝ Սերժիկ Սարգսյանն ու հանրապետականները եղել են, կան ու կլինեն։

Հանուն «Այո»-ի սրանից լավ քարոզ, «Ոչ»-ի դեմ առավել արդյունավետ պայքար՝ Սերժիկ Սարգսյանն իր կապույտ երազներում անգամ չէր կարող տեսնել։ Եվ այս հեքիաթային ֆոնին՝ հանրապետականների ակտիվությունն ընդամենն անպտուղ թիթիզություն կլինի։

Լիզա Ճաղարյան