02.11.2015 14:10

Այսօր ծնվել է Դանիիլ Անդրեեւը. «ապագայի ուսմունքի» մունետիկը

Այսօր ծնվել է Դանիիլ Անդրեեւը. «ապագայի ուսմունքի» մունետիկը

Դժվար է ասել՝ քանի մարդ է հասկացել այս աշխարհում, թե ինչ է ցանկացել իրենց հասկացնել Դանիիլ Անդրեեւը եւ որտեղ է ձգտել հասցնել անորոշության լաբիրինթոսում խարխափող մարդկությանը։ Առավել դժվար է ասել՝ նրան շիզոֆրենիկ, խելագար համարողնե՞րն են ըմբռնել նրա ասելիքն ու նպատակը, թե՞ նրանք, ովքեր մեծարում ու երկրպագում են նրան։

Եթե ասպարեզում երկու ծայրահեղ հակադիր տեսակետներ են, ուրեմն՝  այս մարդն արժանի է ուշադրության, առանց, իհարկե, նրա ուսմունքը վերարտադրելու փորձի, առավել եւս՝ պարզաբանելու հավակնության։

Եթե մարդն անբացատրելիի հետքերով գնալու «թուլություն» ունի, ապա միստիկ փիլիսոփա Դանիիլ Անդրեեւի (1906-1959) դեպքում նախախնամությունը դրա առիթները լիուլի տվել է։ Ռուս գրող Լեոնիդ Անդրեեւի եւ ուկրաինացի գրող Տարաս Շեւչենկոյի թոռնուհու՝ Ալեքսանդրայի երկրորդ որդին ծնվեց, ու մի քանի օր հետո «մայրասպանի» խարանը դաջվեց նրա անմեղ ճակատին։ Նրա ծնվելուց մի քանի օր հետո՝ հետծննդյան ինչ-ինչ բարդություններից հետո մահանում է մայրը, եւ հայրը երես է դարձնում նորածին որդուց՝ մեղադրելով նրան իր սիրելի կնոջ մահվան համար։ Մերժված նորածնին տատը Բեռլինից տանում է Մոսկվա՝ իր մյուս աղջկա տուն։ Մայրասպանության ծանրագույն մեղքը դեռ չմարսած երեխան վեց տարեկանում դիֆթերիա է վարակվում եւ վարակը փոխանցում իր սիրելի տատին, ու... տատն էլ է մահանում։ Արդեն իսկ սեփական գոյությամբ իր սիրելիների մահվան մեղքի ծանրությունը գիտակցող, մորն ու տատին տեսնելու ցանկությունից խելակորույս այս «գլխակեր» մանչուկը որոշում է նետվել գետը, բայց չի հաջողվում։ Շարունակում է ապրել, սակայն, ողջ կյանքում հողագունդը նրան նեղ է թվում, եւ իր առաջին գրական փորձերում արդեն իսկ՝ դեպքերը զարգանում են մտացածին միջմոլորակային տարածքներում։

Մոսկվայի Բրյուսովի անվան գրական-գեղարվեստական ինստիտուտը կիսատ է թողնում իր համակուրսեցի Ալեքսանդրա Գուբլյորի հետ ամուսնանալուց եւ երկրորդ ամսին բաժանվելուց հետո։ 11 տարի անց՝ 1937-ին ծանոթանում է Ալլա-Իվաշեւա-Մուսատովայի հետ, ութ տարի հետո ամուսնանում են։ 1942-ին Անդրեեւն արդեն պատերազմի դաշտում էր, 1943-ին իրենց դիվիզիան մտնում է շրջափակված Լենինգրադ, պարգեւատրվում է «Լենինգրադի պաշտպանության համար» մեդալով, հայրենական պատերազմի 2-րդ կարգի հաշմանդամ էր եւ ստանում էր 300 ռուբլի թոշակ։

Պատերազմից հետո վերադառնում է Մոսկվա եւ նկարիչ-ձեւավորող է աշխատում Մոսկովյան կապի թանգարանում։

1947-ի ապրիլին ձերբակալում են Անդրեեւին, մի քանի օր անց՝ կնոջը, 19 հարազատներին ու մտերիմներին։ Մեղադրանքը՝ հակասովետական խմբակի կազմակերպում, հակասովետական ագիտացիա եւ ահաբեկչական նպատակներ։ Անդրեեւին ազատազրկում են 25 տարով (այդ շրջանում մահապատիժը վերացված էր, եւ սա ամենախիստ պատիժն էր), կնոջն ու մնացածներին՝ նույնպես։ ՊԱԿ-ը ոչնչացնում է նրա բոլոր ստեղծագործությունները։ 1948-ին Անդրեեւին Լեֆորտովյան բանտից տեղափոխում են Վլադիմիրի բանտ։ Յոթ տարի բանտում անցկացրած Դանիիլը 1954-ի նոյեմբերի 10-ին դիմում է գրում ԽՍՀՄ նախարարների խորհրդի նախագահ Մալենկովին, որտեղ այսպիսի տողեր կան. «Դեռեւս համոզված չեմ, որ մեր երկրում ժողովրդավարական ազատությունները իրական են ու երաշխավորված, եւ այս պահին դեռ չեմ կարող լիովին եւ անվերապահորեն դիրքորոշում արտահայտել սովետական հասարակարգի մասին»։

Այդ նույն տարվա վերջին սրտի կաթված է տանում։ 1956-ի օգոստոսի 23-ին Գերագույն խորհրդի նախագահության հանձնաժողովը որոշում է ընդունում, որ Անդրեեւի նկատմամբ մեղադրանքը հիմնավորված չէ, բանտային պատիժը տասը տարով կրճատվում է, եւ առաջին անգամ Վլադիմիրյան բանտում Անդրեեւը հանդիպում է կնոջ հետ։ Նրա քրգործը վերաքննում են, եւ 57-ի ապրիլին նրան ազատություն են շնորհում, իսկ հունիսին՝ արդարացնում։ Հաշմանդամության թոշակը վերականգնվում է, 1959-ին երկու սենյականոց բնակարան է ստանում, որտեղ հասցնում է ապրել իր կյանքի վերջին 40 օրը։

Տասը տարի՝ բանտում, մեկ տարուց մի քիչ ավելի՝ ազատության մեջ, եւ ավարտվում է Դանիիլ Անդրեեւի երկրային կյանքը։ Իր կենդանության օրոք ոչ մի տող չի հրապարակվում նրա ստեղծագործություններից։ Նրա «Աշխարհի վարդը» կրոնա-փիլիսոփայական աշխատությունը, որը գրել է բանտում, իր կնոջ ջանքերով առաջին անգամ լույս է ընծայվում Անդրեեւի մահից 30-31 տարի հետո եւ այդ բարդագույն լեզվով գրված, անհայտ տերմինների բառակույտով հյուսված՝ Տիեզերքի մասին նրա տարօրինակ տեսությունն էլ հենց պատճառ է դառնում, որ մարդկանց մի մասը նրան շիզոֆրենիկների շարքը դասի, մի մասն էլ՝ առաքյալի կամ մարգարեի։ Ինքը պնդում էր, որ «Աշխարհի վարդը ոչ թե անցյալի, այլ ապագայի կրոնական եւ սոցիալ-բարոյական ուսմունք է», եւ դրա հեղինակն ինքը չէ, այլ Ձայնը, որը թելադրում է իրեն այդ տեքստը։

Գուցեեւ այդպես է, եւ նրա նախանշած ապագան դեռ ճանապարհին է ու տեղ չի հասել։

Ի՞նչ իմանանք։