03.11.2015 11:55

Խմբագրական. Իշխանությունները թքած ունեն ԵԱՀԿ հանձնարարականների վրա

Խմբագրական. Իշխանությունները թքած ունեն ԵԱՀԿ հանձնարարականների վրա

Երբ խոսում ենք իշխանությունների կողմից սահմանադրական փոփոխությունների հարցում իրականացվող գործողությունների մասին, առաջին հերթին՝ բոլորը նշում են, թե իշխանություններն արհամարհում են միջազգային կազմակերպությունների կոչ հանձնարարարականներն առ այն, որ ընտրական գործընթացներում պետք է ապահովվեն հավասար հնարավորություններ բոլոր կողմերի համար: Դա, իհարկե, իսկապես այդպես է: Բայց միայն այդ կարեւոր հանձարարականը չէ, որ այս իշխանություններն արհամարհում են: Բանն այն է, որ դեռեւս 2013-ի նախագահական ընտրություններից հետո դիտորդական առաքելություն իրականացնող ամենախոշոր կազմակերպություններից մեկը՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը, հրապարակեց ընտրությունների վերաբերյալ իր վերջնական զեկույցը, որում, հաշվի առնելով ընտրական գործընթացում տեղ գտած թերությունները, ստացված բողոքներն ու արձանագրված խախտումները, կառույցը հանդես էր եկել մի շարք կարեւոր հանձարարականներով, որոնք իշխանությունները պետք է շտկեին մինչև մյուս ընտրական գործընթացը, իսկ մյուս գործընթացի ժամանակ հաշվի առնեին:

Այսպես, զեկույցի առաջնային հանձարարարականների բաժնի առաջին երկու պարբերություններում բառացիորեն գրված է. «1. Իշխանությունները հատուկ միջոցներ պետք է ձեռնարկեն ընտրական գործընթացների ամբողջականության նկատմամբ հասարակական վստահությունը բարձրացնելու համար՝ ավելի մեծ հարգանք ցուցաբերելով քաղաքացիների՝ հիմնարար քաղաքացիական և քաղաքական նախասիրություններն ազատ արտահայտման իրավունքի նկատմամբ, ինչպես պահանջվում է ԵԱՀԿ 1990  Կոպենհագենյան փաստաթղթի 7.7 պարբերությամբ: 2. Պաշտոնյաները պետք է ձեռնապահ մնան վարչական միջոցները օգտագործելուց,  այդ թվում իրենց պաշտոնի չարաշահումը իրենց աշխատակիցների և հասարակության նկատմամբ: Արդյունավետ ջանքեր պետք է գործադրվեն հանրային կառավարման, այդ թվում պետական և տեղական պետական պաշտոնյաների անաչառությունը ապահովելու համար: Նրանք պետք է զերծ մնան ընտրողների վրա թե՛ քարոզարշավի և թե՛ քվեարկության օրը ճնշումներ գործադրելուց: Քրեական օրենսգիրքը պետք է փոփոխվի, որպեսզի քարոզարշավի համար պաշտոնական դիրքի և վարչական միջոցների չարաշահումը սահմանվի որպես հանցագործություն»:

Այսինքն, ԵԱՀԿ-ի կողմից ՀՀ իշխանություններին տրված առաջնային հանձնարարարականն էր՝ նվազեցնել ընտրական գործընթացներում վարչական ռեսուրսի կիրառումը: Իսկ ի՞նչ ունենք հիմա՝ սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվեից առաջ:

Իշխանությունները ձեւավորել են սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի, այսպես կոչված՝ «Այո»-ի ՀՀԿ քարոզչական շտաբը, որի պետ է նշանակվել Հովիկ Աբրահամյանը: Շտաբի կազմում Աբրահամյանի տեղակալների կարգավիճակում են Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Լևոն Յոլյանը, Սարգսյանի վերահսկողական ծառայության պետ Հովիկ Հովսեփյանը և Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: Բացի դա, այդ շտաբի աշխատանքներում ներգրավված են բոլոր մարզպետները, տեղական իշխանությունները եւ այլն: Եւ ուշադրություն, ապշեցնողը ոչ միայն այն է, որ այս մարդիկ այսպես բացահայտ ներգրավվել են «այո»-ի շտաբի աշխատանքներին, այլեւ՝ այդ քարոզչությունն անելու են առանց արձակուրդ գնալու, ասել է թե՝ իրենց հիմնական պարտականություններին զուգահեռ (եթե ոչ՝ փոխարեն):

Այսպիսով, արձանագրում ենք, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից ու քարոզարշավի մեկնարկից առաջ իշխանությունները բացահայտորեն արհամարհել ու խախտել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հանձնարարականները, եւ այդ կառույցը առնվազն պարտավոր է արձանագրել իշխանությունների այս խախտումը:

Քրիստինե Խանումյան