03.11.2015 15:17

Այսօր ծնվել է Ալֆրեդո Ստրեսներ Մատիաուդան. «Բարեկամներին՝ ամեն ինչ, թշնամիներին՝ օրենք»

Այսօր ծնվել է Ալֆրեդո Ստրեսներ Մատիաուդան. «Բարեկամներին՝ ամեն ինչ, թշնամիներին՝ օրենք»

Մի անգամ, երբ դոն Ալֆրեդոն իր հզոր քայլքով «երջանկացնելով» հողը՝ ճեմում էր թիկնապահներով ու լրագրողներով շրջապատված, համառության նախատեսված չափը գերազանցած մի լրագրողի գլխին բռունցքով հարվածում է թիկնապահներից մեկը ու փռում ասֆալտին։ Գեներալիսիմուսն աչքն անգամ չի ճպում, հանգիստ անցնում է, պատկերավոր ասած՝ լոք է տալիս նրա անշարժացած մարմնի վրայով ու շարունակում քայլել։

Բայց այս պատմությունն անմեղ եւ աննշան միջադեպ է Պարագվայի երկարամյա բռնապետ Ալֆրեդո  Ստրեսներ Մատիաուդայի իշխանության տարիներին կատարված ողբերգությունների համեմատ։ 

 «Բարեկամներին՝ ամեն ինչ, թշնամիներին՝ օրենք». սա եղել է 20-րդ դարի ամենաեղկելի բռնապետներից մեկի՝ Պարագվայի նախագահ դոն Ալֆրեդոյի ողջ կյանքի նշանաբանը։

Նրա հայրը Բավարիայից Պարագվայ արտագաղթած գինեգործ էր, իսկ ազգայնական մայրը տեղացի ունեւոր ընտանիքից էր։ Մատիաուդա ազգանունը մորից է վերցրել, հոր՝ Շտրյոսներ ազգանունն էլ հարմարեցրել է իսպաներենի հնչողությանը ու դարձել «զտարյուն» պարագվայցի։

Այս Ալֆրեդո Ստրեսները (1912-2006) համարյա թե «վունդերկինդ» էր. 16 տարեկանում ընդունվում է ռազմական ուսումնարան, 28-ում մայորի կոչում է ստանում, 36-ում՝ գեներալի։ Լատինական Ամերիկայի ամենաերիտասարդ գեներալն էր։ 42-ում երկրի նախագահ Ֆեդերիկո Չավեսը նրան նշանակում է Պարագվայի բանակի գլխավոր հրամանատար, էս մեր Ստրեսներն էլ նամարդություն չի անում, կարճ ժամանակ անց հեղաշրջում է անում, նախագահական նոր ընտրություններ է նշանակում ու նստում Չավեսի գահին։ Նստում է ու հայերիս քաջածանոթ ձեւով՝ սոսնձվում այդ աթոռին։ 35 տարվա ընթացքում «վերընտրվում է» յոթ անգամ։ Ընտրություններն ընթանում էին «ազատ, արդար եւ թափանցիկ»։ Շա՛տ թափանցիկ։ Քվեատուփերը դրվում էին փողոցում, ազատ ու արդար երկնքի ներքո, եւ յուրաքանչյուր քվեատուփի մոտ աչալուրջ հսկում էին ոստիկանները։ Դե, պարզ է. որ խախտումներ չլինեին։ Պարագվայցիների ճնշող մեծամասնությունն էլ խելագարի պես պաշտում էր իշխող «Կոլորադո» կուսակցությանն ու գլխապատառ ուզում էր, որ անպայման այդ կուսակցության տոմսը ջերմացներ իրենց կուրծքը։ Հակառակ դեպքում ո՛չ բանկից կարող էին վարկ վերցնել, ոչ էլ՝ պետական որեւէ կառույցում աշխատանքի հույս ունենալ։ Երկու ընդդիմադիր կուսակցություն էր գործում երկրում, որոնց դոն Ալֆրեդոն ողորմածաբար թույլ էր տալիս, որ մինչեւ 10 տոկոս քվե ստանան, ու խորհրդարանում քննարկումներն ընթանան «ժողովրդավարության ու բազմակարծության» պայծառ մթնոլորտում։

Ի՞նչ ծանոթ ու հարազատ պատմություն է, չէ՞։

Դե, պարզ է, բոլոր հնարավոր անկյուններում, պատերին եւ ամենուր Ստրեսների հսկայական պատկերներն էին ողջունում Պարագվայի անհոգ եւ կենսուրախ քաղաքացիներին, իսկ մայրաքաղաքի օդանավակայանը, քաղաքներից մեկը, բազմաթիվ հրապարակներ ու գործարաններ կրում էին դոն Ալֆրեդոյի անունը։

Այս փոքրիկ Պարագվայում 20 համակենտրոնացման ճամբար կար, որտեղ իր արդար պատիժն էր կրում յուրաքանչյուր չորրորդ պարագվայցի։ Բռնապետի հակառակորդների դիակներն ազատորեն լող էին տալիս գետերում։ Իսկ ահա յուրաքանչյուր երրորդ «ապերախտ» եւ «ուտող-ուրացող» պարագվայցի փախչում էր երկրից։

Դե, հասկանալի է. էլ ի՞նչ առաջադեմ ու ժողովրդավար ղեկավար, որ առաջինը բնիկների հարցերը չլուծի։ Ստրեսները հնդկացիների եղեռն է սանձազերծում, կարմրամորթ մանչուկներին անթաքույց վաճառում են շուկաներում, գինը տատանվում էր 20-80 դոլարի միջակայքում։ Նրա տքնաջան աշխատանքի «շնորհիվ»՝ միայն գուարանի ցեղախմբի 250 հազար մարդուց մազապուրծ է լինում 30 հազարը, իսկ աչե մեծ ցեղախմբից՝ 500-ը։ Նրանց վրա քսի էին տալիս շներին, շուրջկալներ էին կազմակերպում՝ դոն Ալֆրեդոյի պաշտելի նացիստների նման։ Ստրեսները չէր էլ թաքցնում, որ Ադոլֆ Հիտլերի գաղափարների երկրպագուն է։ Պատերազմից հետո բազմաթիվ նացիստական հանցագործներ հենց Պարագվայում ապաստան գտան, նոր անձնագրեր եւ աշխատանք ստացան։ Աշխատանքն էլ, բնականաբար, համակենտրոնացման ճամբարներում էին իրականացնում. Իրենց հարուստ փորձն էին փոխանցում պարագվայցիներին։ Օսվենցիմի հայտնի հրեշը՝ բժիշկ Յոզեֆ Մենգելը նույնպես փրկություն գտավ դոն Ալֆրեդոյի «բարձր հովանու ներքո»։

Գուցե այս Ստրեսները տնտեսական հաջողություննե՞ր է արձանագրել, ինչով, օրինակ, հպարտանում էր նրա մտերիմ ընկեր, Չիլիի բռնապետ Պինոչետը։ Պարագվայում պատկերն այլ էր։ Այստեղ երկրային կյանքի միջին տեւողությունը 50 տարի էր, յուրաքանչյուր 10-րդ պարագվայցի ապրում էր մինչեւ չորս տարի, բժշկական ծառայություն ընդհանրապես չկար փոքր քաղաքներում ու գյուղերում, տնտեսության «աննախադեպ աճի» շրջաններում գործազրկությունը 40 տոկոսից երբեք չէր իջնում։

Ինչո՞վ էր իր գոյությունը պահպանում Պարագվայը։ Միմիա՛յն մաքսանենգությամբ։ Եվ առուծախի հիմնական առարկան թմրանյութն էր, հատկապես՝ հերոինը, որը ծաղկում  էր գեներալիսիմուս Ալֆրեդոյի անմիջական հրամանով, նրա հայրական հայացքի ներքո։ Երկրի ոստիկանապետն «ազատ ժամերին» հերոինի առեւտուրն էր կարգավորում։ Իսկ երբեմն-երբեմն աղոթում էր, թե՝ ոչ, սրա մասին պատմությունը լռում է։ Թշվառության պայմաններում ապրող բնակչության գեղագիտական ճաշակը կատարելագործելու համար՝ վերին օղակներն այնպիսի դղյակներ էին կառուցում, որոնց շքեղությանը նույնիսկ արքաները կնախանձեին։

Շատ հարազատ ու ծանոթ պատմություն է, չէ՞։

Սակայն, նույնիսկ Պարագվայի բռնապետի անսասան ռեժիմն է վաղ թե ուշ սկսում սասանվել։ 1986-ին Ասունսյոնում բողոքի ցույցեր են սկսվում, բռնապետը պատրաստվում է ապաստան փնտրել, բայց բանակն ու ոստիկանությունը հասցնում են հակառակորդների հարցերը դաժանորեն լուծել։ Երկրորդը 1989-ին էր։ Երկրում շշուկներ են տարածվում, որ բռնապետը մտադիր է գահը փոխանցել իր որդի Գուստավոյին։ Պարզ է, չէ՞. Ալֆրեդոյի հավատարիմ ծառա բանակի ղեկավարության նուրբ հոգին խոցվում է։ Ո՞նց թե. իրենք արյան գետերով երկիրը ողողեն հանուն իրենց շեֆի իշխանության երկարաձգման, իսկ նա ապերախտորեն իր զավակի՞ն փոխանցի գահը։ Դե, ապերախտությունը հիմա դու տես։ Գեներալ Անդրես Ռոդրիգեսի գլխավորությամբ, որն, ի դեպ, այս դոն Ալֆրեդոյի փեսաներից մեկն էր, հեղաշրջում իրականացրին, եւ անսպասելի «բացվեցին» նաեւ նացիստ բռնապետի բազմամյա եւ հավատարիմ բարեկամ ԱՄՆ-ի աչքերը. «Ա՜խ, դու, պարզվում է, թմրանյութերի մաքսանենգությամբ ես զբաղվում, հա՞, ա՛յ Աֆիկ»։ Կարճ ասած, բռնապետը փախչում է Բրազիլիա, որտեղ էլ մահանում է 16 տարի հետո։ Հանգիստ «խղճով» է հոգին փչում, որովհետեւ մահից առաջ հայտարարում է, որ ոչ մի բանի համար չի զղջում, ոչ մի բանի համար մեղա գալու միտք չունի։ Արդի հայերենով եթե «թարգմանենք», կստացվի սա՝ լավ եմ արել, աչքներդ էլ եմ հանել։

Իրավունք ունի։ 35 զարհուրելի տարիների ընթացքում ԱՄՆ-ն ամեն ինչով աջակցել է դոն Ալֆրեդո մարդակերին։ Նույնիսկ 1986-ի բողոքի ցույցերի ճնշմանն է անմիջականորեն մասնակցել։ Պատճա՞ռը։ Որովհետեւ Ստրեսները կատաղի հակակոմունիստ էր, իսկ թե իր այդ «հակա»-ն ինչպես էր արտահայտվում՝ ի՞նչ կարեւոր էր։ Կարեւորն այն էր, որ ամերիկացիներն էլ են հակակոմունիստ, եւ այս հարցում նրանց շահերը համընկնում են, պարագվայցի ժողովրդի հերն էլ անիծած։

Շատ հարազատ ու ծանոթ պատմություն է, չէ՞։

Ի դեպ։ Ինչու՞ էր այս արնախումը ատում կոմունիստներին, իրենից ինչո՞վ էին պակաս կամ ավել։ Որովհետեւ սրանք նեղացրել էին իր ընկեր Սաշային։ Ռուս սպա Ալեքսանդր Անդրեեւը ծառայում էր Պարագվայի բանակում, եւ իր փոխգնդապետության շրջանում՝ Ալֆրեդոն նրա հետ հաճախ էր օղի կոնծում։ Դե, որ կատարները տաքանում էր, Սաշենկան պատմում էր ռուսական հեղափոխության, քաղաքացիական պատերազմի մասին, եւ թե ոնց է պատահել, որ ինքը հայտնվել է հեռավոր Պարագվայում։ Հնարավոր է՝ այդ պատմությունները լսելիս՝ Ալֆրեդոն նույնիսկ աղի-աղի արցունք է թափել տառապյալ ռուսների համար, որովհետեւ դոն Ալֆրեդոն, ախր, ատում էր կոմունիստներին, բայց անչափ սիրում էր ռուսներին։ Որովհետեւ իր բաժակի ընկեր Սաշան ռուս էր։