04.11.2015 12:17

Խմբագրական. ՀՀԿ-ում բոլորն էլ Գալուստ են

Խմբագրական. ՀՀԿ-ում բոլորն էլ Գալուստ են

Եթե մի օր մեր բախտը բերի, եւ մենք վերջապես իմանանք, թե որտեղ են բնակվում փեսայական մամուլի սիրելի բրիտանական գիտնականները, թերեւս նրանց պետք է խնդրենք, որ ուսումնասիրեն հանրապետականների ուղեղները: Ընդ որում՝ ոչ միայն Գալուստ Սահակյանինը, որը հայտնի է իր «թեւավոր» խոսքերով: Զննման պետք է ենթարկվեն գրեթե բոլորը, որովհետեւ նրանք բոլորն էլ մի յուրահատուկ «ֆրուկտ» են, որոնք մեկը մյուսից ավելի «թեւավոր» խոսքեր են արտանետում: Ընդ որում՝ անհեթեթության այս շքերթում նրանք ասես ջանում են գերազանցել իրար եւ հատկապես իրենց շեֆին՝ Սերժ Սարգսյանին, որը եւս հայտնի է նրանով, որ պարբերաբար «ուրախացնում» է մեզ իր անհեթեթ մտքերով: Այնպես որ՝ չկարծեք, թե ՀՀԿ-ականների շրջանում միակ Գալուստը Գալուստ Սահակյանն է: Ամենեւին: ՀՀԿ-ում բոլորն էլ Գալուստ են, պարզապես՝ մեկը՝ մի քիչ ավելի, մեկը՝ մի քիչ պակաս:

Շատ հեռու չգնանք: Հանրապետականների երեկվա բլթոցները նայենք: Օրինակ՝ գիտե՞ք, որ Կարինե Պողոսյան անուն-ազգանունով «ազգընտիր» ունենք ԱԺ-ում: ՀՀԿ խմբակցության անդամ: Ավելին, մանկավարժ, մարդ, որ 1994-2004թթ. Արտաշատի թիվ 6 միջնակարգ դպրոցում աշխատել է ֆիզիկայի ուսուցչուհի, իսկ 2004-2009թթ.` փոխտնօրեն:  Բայց  սա էլ դեռ քիչ է, նա 2009-2012թթ. եղել է Արտաշատի թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրեն: Եւ ահա, դպրոցի արդեն նախկին փոխտնօրենը այսօր պատգամավոր է, եւ նրան հարց են տալիս, թե բա լավ, ինչի՞ համար եք դուք՝ հանրապետականներդ, նախաձեռնել սահմանադրական այս փոփոխությունները:

Այնպես չէ, որ մենք չգիտենք, թե իրենք ինչի են այդ ամբողջ թատրոնը նախաձեռնել: Լավ էլ գիտենք: Բայց ուզում ենք մի հատ էլ տեսնենք, թե իրենք ինչ նոր մահանաներ մեջտեղ կբերեն: Ու ահա տեսեք, թե ինչ է ասում պատգամավորը. «Երկու տասնամյակից ավելի նույն Սահմանադրությամբ ենք առաջնորդվում: Ճիշտ է, 10 տարի առաջ տեղի ունեցան որոշակի փոփոխություններ, բայց աշխարհը առաջ է շարժվում, զարգանում է, իսկ մենք այսքան ժամանակ նույն Սահմանադրությամբ ենք»:

Այսինքն, պատգամավորը «մտածել-մտածել» ու հանկարծ գլխի է ընկել, որ պետք է մարդկանց ասել, թե բա չիմացաք՝ ինչ եղավ, Սահմանադրությունն արդեն հնացել է: Մեղա-մեղա: Այսինքն, էլ ուրիշ պատճառ չկար, էլ ուրիշ բան հնարավոր չէր մոգոնել, ու տուր թե կտաս տրամաբանության ճակատին: Սահմանադրությունը հնացել է, լավ չի աշխատում, մի խոսքով՝ էդ կոռուպցիա, թալան, ընտրակեղծիքներ, ժողովրդավարության եւ արդարադատության պակաս, եւ նմանատիպ այլ բաները կան, քանի որ Սահմանադրությունը հնացել է: Ժամկետանց է, էլի: Սահմանադրությունը ժամկետանց է, Կառլ, ժամկետանց է:

Փաստորեն, էդ «հարիֆ» ամերիկացիները որ արդեն ավելի քան 20 տասնամյակ նույն Սահմանադրությամբ են ապրում, էս «մեր» հանրապետականներից խելք պիտի սովորեն: Ո՞նց կարելի է 20 տասնամյակ նույն Սահմանադրությամբ առաջնորդվել, երբ որ կյանքը առաջ է շարժվում: Սահմանադրությունը ախր հնանում է, մաշվում է, դառնում է անաշխատունակ, անպիտան: Այդ պատճառով էլ այն պարբերաբար պետք է փոխել, այնպես, ինչպես նույն հանրապետականները իրենց «մաշնաներն» են փոխում: Պետք է փոխել, ու եղած-չեղածի մեղքը բարդել Սահմանադրության վրա: Որովհետեւ հին էր: Հետո էլի կգցեն Սահմանադրության վրա, կասեն՝ սա էլ դեռ նոր է: Ու ընդհանրապես՝ սաղ էդ Սահմանադրությունն է մեղավոր: