05.11.2015 11:50

Խմբագրական. Բա որ ասում ենք՝ բոլոր հանրապետականները Գալուստ են

Խմբագրական. Բա որ ասում ենք՝ բոլոր հանրապետականները Գալուստ են

Պարզվում է՝ Հանրապետականում համոզված են` Հայաստանի միջազգային հեղինակությանը վնաս կհասցվի, եթե առաջիկա հանրաքվեն չանցնի ազատ և արդար: Մեղա-մեղա: Հա, հենց այդպիսի հայտարարություն է արել «Այո»-ի շտաբի պետի տեղակալ, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում եւ, ուշադրություն, միանգամից շարունակել է. «Եվ սա մի սովորական շարքային օրենք չէ կամ մի շարքային ընտրություն չէ, որ մենք անցկացնելով, այդ բառն եմ օգտագործում, հետո կարողանանք մեր իմիջը պահպանել: …Ես էլ կարող եմ հիմա հայտարարել, որ նախնական իմ պատկերացումներով ես գիտեմ, որ «այո»-ն ճնշող մեծամասնությամբ ունի առավելություն»:

Չէ, դե ասու՛մ ենք, էլի, էս հանրապետականների ուղեղները պետք է հատուկ փորձաքննության ենթարկել: Էս մարդիկ թքած ունեն, որ ժողովրդին պետք չեն այդ սահմանադրական փոփոխությունները, որ ժողովուրդը էս գլխից իր «ոչ»-ն ասած ունի հանրապետականներին, ժողովուրդն էն գլխից էլ մերժել է սրանց, բայց հայտնի կենդանու նման սրանք համառում են, թե բա՝ չէ, «այո»-ն հաղթելու է (թան էլ չէ, բրդած մածուն, Կառլ), ու դեռ մի բան էլ՝ ամեն մի մարզի պատասխանատու ջանում է իր մարզում բնակվող մարդկանց իրական թվից ավելի «այո» ապահովել (շատ ըլնի, քիչ չըլնի, Կառլ), ու էսքանից հետո՝ հանրապետականների լկտիությունը բավարարում է հայտարարելու համար, թե բա՝ «Հայաստանի միջազգային հեղինակությանը վնաս կհասցվի, եթե առաջիկա հանրաքվեն չանցնի ազատ և արդար»:

Այն, որ Հայաստանի միջազգային հեղինակությանը վնաս են հասցնում անազատ ու անարդար անցկացված ընտրությունները, էդ մենք վաղուց գիտեինք, ու հանրապետականները չէ, որ դրանով մեզ պետք է աչքալուսանք տան: Առավելեւս նրանք, ովքեր հայտարարում են, թե բա՝ հասկանու՞մ եք, հանրաքվեն հո շարքային ընտրություն չէ՞, որ հանրապետականները «անցկացնեն», հետո կարողանան «մեր» իմիջը պահել: Մե՞ր իմիջը: Եղբայր, կլինի՞ դուք մեր իմիջից հեռու խաղաք: Մեր իմիջը ձեր պաշտպանության կարիքը չունի:

Ինչեւէ: Սրանք մի կարեւոր բան չեն ցանկանում հասկանալ, որ, այո, Հայաստանի իմիջը հիմա խնդիրներ ունի դրսում, բայց դա կապված չէ այն ամենի հետ, ինչի մասին բարբաջում են հանրապետականները: Հայաստանի իմիջը տուժում է, որովհետեւ Հայաստանում իշխանության ղեկին են հանրապետականները՝ մեկը մեկից Գալուստ՝ իրենց գերգալուստ ղեկավար Սերժ Սարգսյանով հանդերձ։ Հայաստանի իմիջը տուժում է, որովհետեւ հանրապետականները, իրենց ասած՝ շարքային ընտրություններում ինչքան ուզում, էնքան խփում են, որովհետեւ հանրապետականները Հայաստանի հետ անում են այն, ինչ խելքներին փչում է, որովհետեւ հանրապետականները երկիրը սարքել են իրենց հոր դուքանն ու խալու պես փռել միջազգային խաղացողների ոտքերի տակ, ու իրենց ոչ մի տեղին չի, որ այդ խաղացողներն ուղիղ եթերում քաշքշում են իրենց թշերը, որովհետեւ վաճառքի են հանել Հայաստանի եղած-չեղածն, ու էդքանից հետո ցինիզմը հերիքում է, որ հայտարարեն, թե «Հայաստանի միջազգային հեղինակությանը վնաս կհասցվի, եթե առաջիկա հանրաքվեն չանցնի ազատ և արդար»:

Այ մարդ, հանգիստ թողեք, հա՞, Հայաստանի իմիջը: Իմիջի մասին եք մտածում, ուրեմն, հիմիկվանից վերցրեք ձեր սահմանադրական փոփոխությունների փաթեթն ու... Մնացածն Աշոտյանը կասի՝ ինչ անեք: